Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՏԻ ԵԶՐԻՆ
ԱՐՏԻ ԵԶՐԻՆ

ԱՐՏԻ ԵԶՐԻՆԵրբեք չեմ մոռանա 199… թվականի տոթ, տագնապալի ամառը՝ այն չարագույժ, հեղձուկ երեկոն, երբ կայազորային հոսպիտալներից մեկում, դեպի ուր վաղ առավոտից չէր դադարում խեղված եւ խաթարված ճակատագրերի հոսքը, արնոտ վիրակապերով, ֆորմալինի ու էլի ինչ-որ մահաշունչ գարշահոտությամբ պարուրված մարդկային մարմինների քաոսում տեսա նրան՝ վիրահատական սեղանին պառկած այն տարեց զինվորին, ով ծնկից վերեւ զուրկ էր երկու ոտքից, եւ ում չեչաքարի պես ծակոտկեն կերպարանքը, որի վրա ասես հենց նոր կոտորակ էին պարպել, հիմա էլ աչքիս է՝ մահառաջի երանության մեջ հավերժ խաղաղված… Եվ երբ, հայացքս նրա խոշոր, խորշոմած դեմքից չկտրելով, մտքումս ինքս ինձ հարցնում էի՝ ո՞վ էր նա, ի՞նչ արհավիրքների միջով էր անցել, եւ ո՞ւմ անունն է, որ վերջին հառաչանքի հետ հանգավ անհայտ զինվորի շուրթերին՝ «Նազի՜կ…Նազի՛կ…», ռետինե արնոտ ձեռնոցներով մեկը, մոտենալով «սեղանին», ասաց.

– Ծերուկի խելքին փչել էր գերությունից ազատել իր ձիուն, բայց թուրքը, ինքներդ հո գիտեք, երեսին մեռոն չունի…

♦♦♦

Ամենագնաց բեռնատարը հռնդյունով պոկվեց տեղից՝ պաշտպանական ջոկատի մարտիկներին տեղափոխելու առաջապահ դիրքեր։ Մինչդեռ Հմայակը՝ ջոկատի ամենատարեց զինվորը, որ համառ, անզիջում բնավորության տեր մարդու համարում ուներ եւ պատկառելի տարիքի ու ազատագրական կռիվների ժամանակ դրսեւորած քաջության շնորհիվ վայելում էր զինակիցների հարգանքն ու ներողամտությունը, ինչպես հաճախ էր պատահում, ոտքը կախ գցեց՝ իր հապաղելը պատճառաբանելով իբրեւ թե սարն ի վեր ձգվող պախրայի արահետով ճանապարհը կարճելու հեշտությամբ։ Այնինչ նրա՝ հաճախակի դարձած անտառային թափառումներն իրենց թաքուն շարժառիթը ունեին։

Սարալանջի մենավոր մի ծմակում, ուր բուսականությունը սաղարթով առատ էր, արահետը կեռմանով վարընթաց իջնում էր Դահրավի գյուղամերձ դաշտը, որտեղ հակառակորդի ախոռներն էին։ Բաժան բաժանի օրհասական օրերին թուրք հրոսակներն առեւանգել էին Համոյի աշխետ զամբիկին, որը հիմա օտար ձիերի երամակում աչքի էր զարնում իր չնաշխարհիկ գեղեցկությամբ։

Տարիների ընթացքում ծեր ամուրին այնպես էր կապվել, հարազատացել ազնվացեղ նժույգի հետ, որ սկսել էր կատարելապես հայրական զգացումներ տածել կենդանու նկատմամբ եւ նրա գերեվարվելու օրից կարոտից խենթացել էր։ Գլուխը կորցրել…

Ծերուկը գնալով փնթփնթան, անհաշտ էր դարձել. հետը խոսել, խաթրը առնել չէր լինի, երբ նա, վշտի հնոցն ընկած, ծխախոտի թանձր ծխի հետ մեկուսի որոճում էր իր մռայլ մտքերը եւ հոդատապից ծռմռված մատներով հատիկ-հատիկ քաշում էր տերողորմեան։ Ու թե փորձեին քաղաքավարի հրավիրել ճաշի կամ իրիկնահացի, կհրաժարվեր կտրականապես եւ սաստիկ կմաղձոտեր։ «Ես ձե՛ր… տղամա՛րդ ասողի՛…»,- քրթմնջում էր քթի տակ։ Եվ զուր էին զինակիցների այն բոլոր վրեժխնդիր, արժանապատիվ խոստումներն ու կոչերը, թե՝ «Համբերի, Համո՛ բիձա, շենը կազատագրենք, մեկի տեղ տասը մադիան կունենաս», որոնց նույնպես հոժար չէր։ «Ախր, դուք ձեր ծտի խելքով եք դատում, դրա համար էլ չեք իմանում, որ սրտի խորհուրդն ու խրատը ուրիշ ա, անիմանալի…»,- հակաճառում էր Համո բիձեն։

Եվ ալեհեր զինվորը միայնակ հետախուզել էր դեռ մանկությունից քաջածանոթ տեղանքը, գտել էր անտառային գողտրիկ ճանապարհը, որը թփուտներով պատսպար մի տեղում ոլորավայրէջք գլորվում էր շեների միջեւ փռված ջրբաժան դաշտը, որտեղ էլ փարթամ ցորնահասկերի ծփացող մշուշում պահվելով՝ սրտի թրթիռով սպասում էր հանդիպակաց կողմում ախոռի դռան ճռնչալուն, երբ թուրք հոտաղը ազատ էր արձակում ձիերին, որոնց մեջ իր վեհասքանչ վարգով, յորղա խոյանքով առինքնում էր Նազիկը՝ միակը երամակում եղած երիվարներից, որին ճոպանով կապում էին ցցափայտին։ Մինչեւիսկ մի անգամ գիշերով գաղտագողի խուժել էր հակառակորդի տարածք, մտել էր ձիերի մսուրը եւ երկար-բարակ զրուցել հարազատ էակի հետ, բայց գիշերային գաղտուկ հանդիպումը գերված նժույգի հետ չէր մեղմել Համոյի հոգու խռովքը, այլ, մի տեսակ, դարձրել էր ավելի խոր ու անփարատ՝ կարծես անգութ մեկը անդարձ մերժել էր նրա հուսահատ խնդիրքը…

– …Իմ  Նազիկը… ծննդկան է…,- տխուր հառաչանք էր անում Համոն։

Կյանքի լավն ու վատը ցմրուր ճաշակած, երբեւէ ոչ մի բանի առջեւ չերկնչած զինվորը ակամա զարզանդել, դառնացել էր կատարվածի համար. այնինչ «տիրոջ» գոռոզ սիրտը հետզհետե հնազանդվել, կակղել էր զառամյալ կրծքի տակ խմորվող այն թաքուն բերկրանքի առաջ, ինչը թերեւս ավետումն ու հավաստումն էր բացառիկի՝ նոր ու անօրինակ մի զարթոնքի, որի վերջը, սակայն, անորոշ ու խրթին էր պատկերանում Հմայակին եւ խենթացնում էր ավելի…

Համո բիձեն աշխարհով մեկ էր եղել. Նազիկը ջինջ աչուկներով քուռակ էր ծնել՝ իր պես գեղեցիկ, իր պես…

– Թուրքի՛… ձի՛ ա…,- պռոշները անզոր կծոտելով բարկանում էր Համոն իրեն երեւացած հերվա տեսիլներից, որոնք բարդ-բարդ գալիս, սուզում էին ծերուկին իրենց խելահեղ հեւքի մեջ՝ նորից ու նորից մղելով անխորհուրդ-վտանգավոր քայլերի։

Ու երբ անտառափեշի միայն իրենց հայտնի հանդիպատեղում ծանոթ ազդանշանով Նազիկին (որին այլեւս զերծ էին պահում որեւէ կապանքից) կանչում էր տեսության, երկուսն էլ անհուն փափագով փարվում էին իրար։ Համոն անզուսպ խանդաղատանքով գրկում էր զամբիկի գիսախռիվ բաշը, անհագորեն համբուրում էր լայնառունգ, խոնավ դունչը եւ անհուն թախիծով պատմում էր սիրելի նժույգին իր փուչ ու դատարկ օրերի մասին, մարդակեր պատերազմի, հարազատ էակին կորցնելու տառապագին ապրումների… ինչպես նաեւ մայրական վսեմ առաքելության մասին։ Մայր մատակը, ականջները խլշած, լսում էր վշտից խռպոտած երբեմնի տիրոջ իմաստուն զրույցը, հավանությամբ թոթվում էր գեղեցիկ գլուխը եւ փոթորկուն փռնչացնելով Համոյի դեմքին՝ շիվար հուզանքով նորից վարգում էր մոր շունչը կորցրած ճերմակ մտրուկի կողմը, որ ցցափայտին կապված՝ աղեկտուր վրնջում էր արոտատեղից։

– Գնա՛, գնա՛, Նազի՛կ ջան, շո՛ւտ արա… թե չէ քուռիկդ անտեր կմնա,- ձիու ետեւից տրտմում էր ծերունին։

Այն օրը ջոկատի ամենատարեց զինվորը, չգիտես ինչու, այդպես էլ գետնատուն չվերադարձավ։ Հերթափոխի մեկնածները հայտնել էին հրամանատարին, թե՝ «Համոն չկա՛…»։ Որոշվեց հետախույզների մի ջոկատ ուղարկել տեղազննության՝ խենթ ու խելառ բիձին գտնելու։ Եվ դեռ նոր էին սկսել կծկել սարալանջի անտառային կածանը, երբ վայրի եղրեւանու թփուտներից հանկարծ հայտնվեց ամեհի երիվարը, որ զինյալներին տեսնելով՝ կատաղի խրխնջաց, ծառս եղավ, առջեւի սմբակներով դոփեց, քանդեց արահետի տոփանած հողը եւ նորից մխրճվեց թավուտը։ Խումբը ճանաչեց Համոյի ապերասան ձիուն եւ արագացնելով ընթացքը՝ հետեւեց կենդանու հետքին։

Անտառի փեշին, որտեղից սկիզբ էր առնում Դահրավի գյուղամերձ դաշտը, կանգնել էր Նազիկը՝ բաշը խոնարհած, եւ տագնապալի պաչպչում էր սիզախոտին անշարժ պառկած Համոյի արնաշաղախ դեմքը՝ մերթ ընդ մերթ փայլատակող-ահագին աչքերը անհամբեր վրնջոցով ուղղելով մոտեցողներին…

Թուրքը նրանց հանդիպման վայրում ական էր դրել, դեպի ուր սովորականի նման տափ անելու էր եկել ծերունին։

♦♦♦

Անտառափեշի հանդիպակաց կողմում առաջվա պես ճռնչում է ախոռի ժանգոտ դուռը, եւ ջահել հոտաղը օրվա որոշակի ժամերի ձիերի երամակը հանում է արոտի, որոնց մեջ իր վեհասքանչ նազանքով, անեղծ գեղեցկությամբ աչքի է զարնում մի շառատ ձի… Նրա կողքին հիմա ազատ ցատկոտում, տրտինգ է տալիս նորաթուխ մի զամբիկ. մայր մատակն ամեն անգամ իր քուռակին անարգել առաջնորդում է դեպի արտեզրի հսկա ականափոսը եւ դունչը փոսի պռնկին դրած՝ սկսում է տեւական ու անհաշտ քվքվալ, ինչից ոգեւորված, սպիտակաբաշ մտրուկը փորձում է անվարժ նմանակել մորը՝ կազմելով միայն Համոյին հասկանալի աստվածային մի համանվագ։

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ