Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՉՈՒՆՔԻ ԳԻՇԵՐԸ



ԿՈՉՈՒՆՔԻ ԳԻՇԵՐԸՀնուց հայտնի է մի ավանդապատում՝ թափառիկ մի հուշ, որ, երկրեերկիր թեւածելով, պատմում է հայրական վսեմ վշտի եւ որդիական անբիծ սիրո մասին՝ որպես հավերժող մի էություն, որպես պատգամ սերունդներին, որը նույնքան նոր է, որքան հացն ու գինին։

***

Ռազմաճակատի հարավարեւելյան հատվածում կատաղի մարտերը դադարել էին. հարաբերական անդորր էր տիրում… Այն օրը՝ հուլիսյան մի շոգ կեսօր, Ֆիզուլի կոչվող թշնամական քաղաքից, որը արյունալի կռիվներից հետո անցել էր պաշտպանության բանակի ազատարարների ձեռքը, դուրս եկավ մի մարդ եւ պատերազմի թրթուրավոր ճամփաներով ուղղություն բռնեց դեպի հեռավոր դիրքեր։ Մարդը մենակ էր եւ անզեն՝ ձեռքին մի տկճոր գինի, նման այն հավատավորին, որ ձմեռ թե ամառ բարեպաշտորեն ելնում է ուխտի… Նա քայլում էր անխոտոր, հաճախ նույնիսկ սիգալով եւ, մի տեսակ, ներհուն բավականությամբ, ինչը ոչ մի կերպ չէր ներդաշնակվում մահառիթ իրականության հետ։ Ժամանակ առ ժամանակ աջ ու ահյակ հեռուներում ճայթող կարճատեւ կրակահերթերից ռազմաճակատի վտանգավոր տեղամասում հայտնված անծանոթը ո՛չ կուզեկուզ գնաց, ո՛չ էլ լրտեսի զգուշավոր, խուսափուկ քայլքով՝ շարունակ անտարբեր մնալով այսուայնտեղ խրամատներում դիրքավորված պահնորդների փորձող կանչերին. «Էհեե՜յ, էդ ով ե՜ս, գլուխդ կակալ պահի՜, կռիվը հլա չի պրծե՜լ… Հարա գեդիր սա՜ն, կարդա՜շ, գյալ բուրա՜…»։ Անպատասխան թողնելով ձայնող պահակներին՝ հանդուգն օտարականը շարունակում էր անհողդողդ կտրել անցնել պլացդարմը՝ քթի տակ դնդնալով տաղ ու խաղիկ, որ տեղ-տեղ վերածվում էր մենախոսության. «Քո սիրած գինուց եմ բերում, որդի՛, տղերանցը խոստացել եմ, որ ծնունդիդ մի կարգին քեֆ ենք սարքելու… ո՞տդ ոնց ա, Ջենգո ջան, ցավում կըլնի, էն երկաթի կտորը թենց էլ չկարացին, թե ոտիցդ հանեն…»,- նեղսրտում էր «ուխտավոր» մարդը, որ դաժան ճակատագրի այս խաչուղիներում ո՛չ յուրային էր, ո՛չ էլ օտար։

… Ամիսներ առաջ, երբ որդու վիրավորվելու մասին լուր էին ուղարկել, զինվորի հոր սիրտը սասանել, սմքել էր ցավից. աշխարհակործան մի զգացում, որ վեր է ամեն տեսակ սահմանումից եւ տարածություն ու արգելք չի ճանաչում։ Վշտից թեւ առած՝ առավոտ ծեգին հասել էր հարավային քաղաքի լազարեթ, որտեղ գիշեր ու զօր խնամել, հսկել էր վիրավոր որդուն, քար կտրած հետեւել նրա յուրաքանչյուր բառ-հառաչանքին… Այնժամ էլ թանկագին, անմոռաց հիշատակների պես միտն էին եկել այն օրերը, երբ դեռ պատերազմ չէր, եւ ինքը անթաքույց, հայրական հպարտանքով հրճվում էր որդու ճարտարությամբ, հնարագետ խելքով՝ հույսի փոքրիկ քարավան, որտեղից սկիզբ պիտի առներ նոր կյանքի վերընթաց, լուսավոր ուղին։ Եվ տարիների հեռվից պատկերացող հուշերի վաղեմի տպավորությանը նորից անդրադառնալով՝ կյանքում առաջին անգամ որդու քնեած հայացքում զարհուրով հայտնաբերել էր մի աղետալի հասունություն, ինչպես չարի եւ բարու իմացության պատուհասը, որն իր հարազատ զավակին վաղաժամ օտարել էր իրենից՝ տրամադրելով ինչ-որ արտակարգ մի բանի սպասման…

Լազարեթում լսել եւ իմացել էր, որ տղային, ի նշան քաջության եւ անձնուրաց վարքի, գումարտակում մի տարօրինակ անունով են կոչել. ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ «Ջենգո», որի ծագումնաբանության մասին վերջինիս համառ հարցումներն այդպես էլ ցանկալի արդյունք չէին տվել, ինչպես դեռ շատ ու շատ բաներ կյանքում մնում են անմեկնելի։

-Որդիդ հերոս է, հորեղբայր,- քաջալերել էին տարակուսած ծնողին եւ ավելացրել,- համ էլ մենք ամերիկացիներից ինչո՛վ ենք պակաս. նրանցը Ռեմբո է, մերը՝ Ջենգո։

Ու թեեւ այս կցկտուր փաստարկումն առանձնապես աչքի չէր զարնել ծանրակշիռ պատճառաբանությամբ եւ արժանի էր իմաստակության, բայց եւ այնպես, քիչ թե շատ, բավարար էր եղել՝ ուղղամիտ քրիստոնյայի սնափառությունը գոհացնելու… Այնինչ թաքուն մի հույզ-համոզում խթանում, խռովում էր հոր չարչրկված, կասկածավոր միտքը։

– Ախր, ես նրան մա՛րդ եմ մեծացրել, չէ թե հերոս,- հակառակել էր անճարակ՝ առիթ տալով շահագրգիռ խոսքուզրույցի, որի ընթացքում էլ բացահայտել էր մի զարմանալի հոգեկան աշխարհ՝ վեհանձն հոգի, որ թերեւս մարմնացումն էր տարիների իր դժվարին վաստակի, չարչարանքի ու ապաշխարման, ի վերջո՝ այն բոլոր սին ու անմարմին տենչանքների, որոնք իբրեւ թե մի օր երազից պիտի իրականություն դառնային, սակայն ցավալիորեն անհաս էին իրեն եւ անիմանալի։

«Դասակը հայտնվել էր թշնամու ծուղակում,- պատմում էին փրկվածները,- դիմադրելն անհնար էր դառնում։ Եվ երբ թվում էր, թե չկա այլեւս փրկության ճանապարհ, անվեհեր խոյանքով մարտի նետվեց Ջենգոն՝ նռնականետի ռմբահարումով ցիրուցան անելով թշնամու գրոհայիններին, ինչի շնորհիվ դարանակալ խումբը կարողացավ դուրս գալ մահվան օղակից»։ Իսկ մի անգամ նա մենմենակ թեւանցել էր թշնամու թիկունք եւ, խափանարար գործողություններ կատարելով հակառակորդի դասավորությունում, հաղթական վերադարձել էր՝ իր հետ բերելով ռազմավար։ Եվ էլի ուրիշ սխրալի դեպքեր էին պատմել հորը նրա Ջենգո որդու մասին, մինչդեռ որդին վաղամեռիկ զինվորի մասին տխուր երգեր էր երգում… Շուտով տղան լազարեթից մեկնել էր առաջավոր գիծ՝ հորը պատվիրելով քիչ էլ համբերել. «Քիչ մնաց, ապի՛, դիմացի…»։

… Եվ այն օրը՝ հուլիսյան մի շոգ կեսօր, հակամարտության գոտում երեւացած մարդու մտորմունքն առաջվա պես որդու վրա էր՝ նրա վիրավոր ոտքի, քան թե պատերազմական օրենքների՝ վտանգավոր եւ անվտանգ տեղերով երթեւեկելու կարգ ու կանոնի մասին։

-Կա՛ց, ո՞վ ես,- ճամփաբաժանի դաշտային ուղեկալում կանգնեցրին կասկածելի անծանոթին։

-Լոռեցի եմ, հացակե՛ր,- պատասխանեց մարդը, որ շարունակում էր մտովի որդու հետ մնալ։

-Փաստաթուղթ ունե՞ս,- հարցրեց ուղեկալի պետը։

-Հենա ես մի թղթի չափ էլ չկա՞՜մ, ընկեր մայոր,- հակառակեց լոռեցին։

-Ո՞ւր ես գլուխդ տնկած գնում,- հոխորտաց մայորը։

-Գնում եմ Քյանդհորադիզ, տղիս մոտ, զինվոր է…

-Տղայիդ անունն ի՞նչ է,- ինքնաբերաբար քննել սկսեց ավագ սպան,- ո՞ր գնդում է ծառայում։

Տղամարդու՝ մինչեւ կոպերը ծլած բեղ-մորուքի տակից մի ինքնաբավ ժպիտ դուրս լողաց։

-Անունն Արմեն ա, Ջենգո են կանչում. ճնաչում եք ո՜չ,- նայելով մայորի անտարբեր կերպարանքին՝ տղամարդու երեսի «ժպիտ» կոչվածը շիվար կախ ընկավ բերանի անկյուններում։

-Ձեռքի՞նդ ինչ է, ի՞նչ ես տանում։

-Ձեռքինը՜ս… հա՜, լավ ես ասո՜ւմ…,-ինքն իրենից փոշման, կրկնեց զինվորի հայրը,- գինի եմ տանում, հրամանատա՛ր, անարատ՝ ոնց որ մեռոն, կարմի՜ր-կարմիր՝ ոնց որ արյուն. թասդ բեր՝ լցնեմ, տղիս կենացը խմի…

Զորանոցում ասեղ գցելու տեղ չկար։ Հավաքվել էին հին ու նոր զինակիցներ՝ տոնելու հինգերորդ հրաձգային գումարտակի քաջարի զինվոր Ջենգոյի անվանակոչության քսան տարին։ Տոնական սեղանի շուրջ հաճելի նեղվածք էր, եւ ամենքն իրենց հարիր կարգով՝ դիրքի եւ կոչման պատշաճությամբ, պատվով-պատկառանքով մեծարում էին հորը եւ որդուն՝ նշանակալից օրվա կապակցությամբ։ Զինվորի հայրը հոգու խինդով հետեւում էր մեկեն հասակ առած որդու ազնվաբարո պահվածքին, խրոխտ խոսքին, ինչը վկայումն էր նրա հեղինակության, եւ գոհունակությամբ առատ-առատ գինի էր պատվում ներկաներին՝ ներքուստ հիանալով որդու շենքուշնորհքով, որ խոլապարում էր՝ խանդավառ ասպարեզ ելած, ու երգում երգեր՝ ջահել սիրո եւ կարոտի։

Կոչունքի գիշերը հայր եւ որդի արթուն էին մնացել։

-Ջենգո ջան, քեզ համար թույլտվություն եմ առել, որ միասին տուն գնանք,- անակնկալ խոսել էր հայրը,- մի քիչ կմնաս, որ գոնե մերդ կարոտից չհանգչի։

Լսելով հորը՝ որդին խելացի խոսքով հակաճառել էր ծնողին։

-Դու իմ հերն ես, դրա համար էլ քեզ շատ սիրում եմ ու հարգում, բայց հավատա՝ զինվորներ կան, որ ծնողի երես չեն տեսել, իսկ ես ու դու լավ-վատ իրար «շուտ-շուտ» տեսնում ենք, համ էլ մինչեւ զորացրում բան չմնաց։

-Փոխվել ես, որդի՛,- անզորությունից հառաչել էր հայրը։

-Չէ, ա՛յ հեր, պարզապես հագուստս եմ փոխել,- կատակի էր տվել տղան եւ ցանկացել։- Մի բան եմ սրտով ուզում…

-Ուզածդ ի՞նչ ա, Ջենգո ջան, համարի կատարված,- հանգստացրել էր հայրը որդուն։

-Ուզում եմ, որ էսօրվանից ինձ քո ախպերը համարես…

-Ի՞նչ տարբերություն, որդի՛, դու ինձ համար եղբորից առավել ես։

-Ա՛յ, որ տուն գամ, էն ժամանակ էլ կասեմ։ Քիչ մնաց, ապի՛…

 

***

 

Այն խորհրդավոր հրաժեշտից քիչ ժամանակ չի անցել, բայց զինվորի հոր համար դեռ շարունակվում է կոչունքի գիշերը։ Եվ ամեն երեկո՝ ճրագալույցին, նա՝ առաջվա պես տկճորը ձեռքին, ուխտի է գնում որդու մոտ, որտեղ այլեւս չեն հնչում զինվորի երգեր, եւ խաղաղ է, ինչպես խորանում, ու հիմա տարածվել է մի թարմ շիրիմ։ Քլթում է «կոչունքի» արնագույն գինին սեւ հողի վրա, եւ զինվորի հոր ամեհի մտքերը նորից ու նորից դառնում են որդուն՝ շշնջալով խելագար խոսքեր. «Ո՞վ սաղ ըլնի՝ ես ու դու, ո՞ւմ կենացը՝ իմ ու քու, ախպե՛րս…»։

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Հոգևոր-մշակութային


24/08/2016