Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԼԻԵՎԸ ԿՐՃՏԱՑՆՈՒՄ Է ԱՏԱՄՆԵՐԸ
ԱԼԻԵՎԸ ԿՐՃՏԱՑՆՈՒՄ Է ԱՏԱՄՆԵՐԸ

* Ն.Նիյազով. «Ադրբեջանը չի կարող սպասել եւս 15 տարի»:
* Թշնամու կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:
* Նա առայժմ զգուշանում է պատերազմից:

Հիասթափություն

Ադրբեջանը պատերազմի վերսկսման սպառնալիքը դարձրել է շահարկման առարկա: Զիջելու ոչինչ չունենալով` ուզում է պատերազմ չսկսելու դիմաց զիջումներ կորզել Հայաստանից ու Արցախից: Սրանով են բացատրվում նրա ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները: Հայաստանի պահանջով այս իրավիճակը պետք է փոխվի, եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պետք է «վերալիցքավորվի»:
Բացի դրանից, պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն` Ադրբեջանի ռազմականացումը կանխելու եւ նրա կողմից միջազգային պայմանագրերի խախտում թույլ չտալու համար: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանի խոսքով, Հայաստանն այս հարցերը պետք է արծարծի դեկտեմբերի 1-2-ը Աստանայում ԵԱՀԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ («regnum.ru», 21.11.2010):
Կասկածից վեր է, որ Ադրբեջանը կփորձի ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը, եթե աշխարհաքաղաքական իրադրությունը բարենպաստ լինի, եթե վստահ լինի սեփական բանակի մարտունակության վրա, եւ եթե հնարավոր կորուստներն ավելի քիչ լինեն, քան ակնկալվող ձեռքբերումները: Այսօր այս պայմաններից ոչ մեկը բավարարված չէ, ուստի միանշանակ է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Խնդիրն այլ է` ի՞նչ է անելու Ադրբեջանն ապագայում` հինգ, տասը տարի հետո:
Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը համոզվեց, որ պատերազմի վերսկսման սպառնալիքը որպես Հայաստանի վրա դիվանագիտական ճնշման լծակ օգտագործելու իր փորձերը լիովին ձախողվեցին: Դա կատարվեց նոյեմբերի 1-13-ը ԼՂՀ-ում անցկացված լայնամասշտաբ զորավարժության առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն ասաց` պատերազմի դեպքում հայկական բանակը կործանարար հարված կհասցնի Ադրբեջանին եւ վերջնականապես կլուծի հարցը: Դա նշանակում է, որ հայկական բանակը կկռվի մինչեւ Ադրբեջանի վերջնական ջախջախումը եւ կգնա մինչեւ Բաքու:
Դրանից հետո Ադրբեջանից հնչող հայտարարություններում նկատվեցին հիասթափության ու բարկության երանգներ: Ադրբեջանի ղեկավարության խոսափող, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, ատամները կրճտացնելով, հայտարարեց, որ հայերը պատրաստ են «այսրոպեական շահի համար Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել» («novosti.az», 23.11.2010): Նշանակում է, Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ պատերազմի մեջ կներքաշվեն այլ երկրներ, եւ հենց դրա հեռանկարը վերջիններիս կստիպի կանխել պատերազմը: Այլ խոսքով` աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ չէ պատերազմի համար:

Ի՞նչ են մտմտում այնտեղ

Այս իրավիճակում Ադրբեջանը հրապարակ նետեց նոր գաղափար. իբր, իրենք ծրագրում են Նախիջեւանը վերածել մի տարածքի, որն ավելի էժան է վաճառելու այն ամենը, ինչ վաճառում է Հայաստանը, եւ դրանով խորացնելու են վերջինիս տնտեսական մեկուսացումը: Ամենազարմանալին այն է, որ Ահմեդօղլուն այս ծրագիրն անվանում է «կարճաժամկետ» («novosti.az, 23.11.2010»):
Գաղտնիք չէ, որ Նախիջեւանը Ադրբեջանի հետամնաց շրջաններից է: Անցյալ տարվա սկզբին ադրբեջանական մամուլում նույնիսկ գրվեց, որ այնտեղի բնակչությանը սով է սպառնում կարտոֆիլի թանկացման պատճառով: Կառավարման ձեւն էլ ֆեոդալականից համարյա ոչնչով չի տարբերվում: Այս պայմաններում Նախիջեւանը «փոքր Հայաստանի» վերածելու ծրագիրը նշանակում է քամուն տալ Ադրբեջանի նավթային եկամուտը: Էլ չասած, որ գաղափարն ինքնին ենթադրում է երկարաժամկետ միջոցառումներ` 10-15 տարի ձգվող: Ադրբեջանն այդքան ժամանակ չունի, եւ ոչ էլ ֆինանսական այդչափ ռեսուրս. փող ունենար, միանգամից Նախիջեւանն ու երկրի ծայրամասերը կզարգացներ:
Իրականությունն այն է, որ Ադրբեջանը երկար սպասել չի կարող: Ռուսաստանաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Նիյազի Նիյազովի խոսքով, չի կարող «եւս 15 կամ նույնիսկ 10 տարվա անպտուղ բանակցությունների շռայլություն թույլ տալ»` տարբեր պատճառներով, նախեւառաջ` «ներքին» («novosti.az», 23.11.2010): Համադրելով այս տվյալները` կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարության համար կարճաժամկետ ծրագիրը հնգամյակինն է, իսկ երկարաժամկետը` 10-15 տարվանը: Ուրեմն հարցը հետեւյալն է` Ադրբեջանը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ հեռանկարում է ծրագրում պատերազմը:
Այս հարցի պատասխանը ստանալու համար առաջնահերթ նշանակություն ունի Իլհամ Ալիեւի դիրքորոշումը: Այն որոշ չափով արտահայտվեց նոյեմբերի 23-ին Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի 90-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ նրա արտասանած ճառում:
Մոտ 20-25 րոպեանոց ելույթում Ալիեւը 6 անգամ խոսեց Ադրբեջանի «զարգացման երկարաժամկետ ռազմավարության մասին»` օգտագործելով «երկարաժամկետ ռազմավարություն», «հնգամյա ծրագրեր», «տնտեսական զարգացման կանխատեսում առաջիկա տասնամյակների համար», «Լավատես եմ Ադրբեջանի երկարաժամկետ հեռանկարների նկատմամբ», «Մենք լավ գիտենք, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի տնտեսական ու արդյունաբերական պոտենցիալը 5 կամ 10 տարի հետո», «Նավթագազային ոլորտում աշխատանքի շնորհիվ մի քանի տարի հետո կառաջանա նոր իրավիճակ», «Նավթագազային ոլորտում Ադրբեջանը կպահպանի իր գերիշխող դիրքը առաջիկա տասնամյակների ընթացքում» արտահայտությունները («1news. az», 23.11.2010):
Հազիվ թե մոտ ապագայում պատերազմելու նպատակ ունեցող նախագահը այսքան խոսեր երկրի զարգացման «երկարաժամկետ» հեռանկարների մասին` իմանալով, որ պատերազմը կործանարար հարված է հասցնելու տնտեսությանը, նավթարդյունաբերությանը, խողովակաշարերին: Հետեւաբար, մոտ ապագայում (առնվազն առաջիկա 5 տարում) Ալիեւը պատերազմ չի ծրագրում: Դատելով ըստ ամենայնի, նա ակնկալում է, որ մեկ-մեկուկես տասնամյակ հետո Ադրբեջանի տնտեսությունը որակապես ավելի բարձր մակարդակի վրա կլինի, եւ հենց այդ ժամկետի ավարտին էլ հավանական է պատերազմը: Եթե, իհարկե, բավարարվեն վերոնշյալ պայմանները:

Նրանց վախերն ու մտահոգությունները

Միեւնույն ժամանակ, Ալիեւն իր ճառում ակամա մատնում է նաեւ իր մտահոգություններն ու վախերը: Այսպես, նա հայտարարում է, որ Ադրբեջանի տնտեսությունը բազմակողմանի զարգացած (դիվերսիֆիկացված) է, այն դեպքում, որ բոլոր հեղինակավոր մասնագետները պնդում են հակառակը` Ադրբեջանը կախման մեջ է «նավթային ասեղից»: Ուրեմն` Ալիեւն իր հայտարարությամբ փորձում է չեզոքացնել իր իշխանության հասցեին հասարակության մեջ գոյություն ունեցող դժգոհությունը:
Ալիեւը հայտարարում է, որ «Ադրբեջանում բնական պաշարներից ստացված եկամուտը բաշխվում է արդարացի», որ «ադրբեջանական հասարակության մեջ սոցիալական շերտավորում չի կատարվում», որ «կառավարման համակարգը թափանցիկ է», իսկ բոլոր հեղինակավոր մասնագետները պնդում են հակառակը: Հետեւաբար, Ալիեւը փորձում է չեզոքացնել հասարակական դժգոհությունը, որի մասին լավագույնս իրազեկված է:
Ալիեւին մտահոգում է իր երկրի վիճակը բնական պաշարները սպառվելուց հետո: Նրա խոսքով, դա կլինի «50, 100 տարի հետո» (խոսքը գազի մասին է. նավթը կսպառվի 20-30 տարի հետո): Այդ ժամկետի ավարտին Ադրբեջանը «պետք է ունենա նավթից չկախված զարգացած արդյունաբերություն»: Եթե մինչ այդ պատերազմ լինի, այս նպատակը չի իրագործվի:
Վերջապես, Ալիեւի համար կարեւոր է իր երկրի` որպես կայուն ու հուսալի գործընկերոջ իմիջը: «1990-ականների սկզբին գանձարանը դատարկ էր, արտասահմանյան ֆինանսական կառույցները Ադրբեջանը համարում էին չափազանց ռիսկային երկիր, ոչ ոք չէր ուզում մեզ վարկ տալ: Այսօր մենք նման խնդիր չունենք»,- ասում է Ալիեւը: Մնում է հիշել, որ 1990-ականների սկզբին պատերազմ էր: Նշանակում է, Ադրբեջանի նախագահը շատ լավ գիտակցում է, թե ինչ հետեւանք կունենա նոր պատերազմը, եւ զգուշանում է դրանից:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ