Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՊԱՐՏ ԵՐԿԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ Է ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՊԱՐՏ ԵՐԿԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ Է ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՊԱՐՏ ԵՐԿԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ Է ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒՀարձակումը միանգամից սկսվեց:  Հետո իմացանք, որ թշնամու դիվերսիոն խումբը ճեղքել է առաջնագիծն ու թափանցել թիկունք: Լուսաբացին սկսեցին գումարտակի վրա կրակել, ու հրետանու դասակը հակառակորդին լռեցնելու հրաման ստացավ: Այնպես ստացվեց, որ ես պիտի փոխարինեի հրետանու դիտարկողին: Տղաներին ասացի, որ մտնեն բլինդաժ, իսկ ես մնացի դիտակետում: Րոպեներ անց հրետանին սկսեց մեր դիրքերին խփել: Ու երկնքում երևաց հակառակորդի ուղղաթիռը, որը, հրթիռներ նետելով, մոտենում էր մեզ: Արագ հանեցի զրահաբաճկոնս, որ կարողանամ վազել, հասա ՀՕՊ-ի խրամատ, վերցրի զենքս ու կրակեցի: Թշնամու ուղղաթիռը օդում մի քանի պտույտ արեց ու պայթեց:

… Գևորգ Մանուկյանը հազիվ 20 տարեկան լինի, նուրբ դիմագծերով գեղեցիկ տղա է: Պատմելիս այնպես է ժպտում, ասես վաղուց տեսած ֆիլմ վերհիշելիս լինի: Իսկ ես չգիտեմ՝ ինչից սկսեմ զրույցը: Միտքս սևեռվել է զրահաբաճկոնի վրա:

-Զրահաբաճկոնն ինչո՞ւ ես հանել, ախր, զրահաբաճկոնդ կպաշտպաներ:

Գևորգը ուշադիր նայում է դեմքիս, ասես ուզում է որոշել` պատասխանի՞ հարցիս, թե ոչ: Հետո պատմում է դանդաղ՝ բառերն ընտրելով.

-Բլինդաժում ընկերներս էին, կողքի դիրքում` նույնպես: Ուղղաթիռը հրթիռներ էր նետում: Մեկ վայրկյանը կարող էր տասնյակ զինվորների կյանքեր արժենալ, իսկ զրահաբաճկոնով վազելը դժվար էր… Հետո դիրք պահող տղաները պատմեցին, որ երբ ուղղաթիռը, հրթիռներ նետելով, շարժվել է առաջ, մտածել են՝ կյանքն ավարտվեց իրենց համար: Նրանք հրաձգային զենքով էին դուրս եկել ուղղաթիռի դեմ, ու դիմակայելու յուրաքանչյուր փորձ անմտություն կլիներ… Քանի՞ րոպե են տղաները մտածել, թե ուր որ է՝ մահանալու են, ի՞նչ են զգացել… Ասում են` հետո ուղղաթիռը անցավ սարի հետևը ու չվերադարձավ: Ուղղաթիռը նրանց տեսադաշտում չի խոցվել: Նրանք չեն տեսել՝ ինչպես իրենց «մահը»  պայթեց օդում` իր 20 հոգանոց անձնակազմով և գնդապետի կոչումով հրամանատարով: Բայց ես տեսել եմ նրանց աչքերի փայլը, երբ ասում էին`  ուղղաթիռը չվերադարձավ:

-Զրահաբաճկոնը քո կյանքն էր,- ասում եմ:

-Մեկ կյանք՝ 20-ի դիմաց:

-Բայց այդ մեկը քո՛ կյանքն է…

Գևորգը ինչ-որ բան է մտածում: Հետո ասում է.

-Պատերազմի ժամանակ, երբ թշնամին մտել է հողդ, իմ ու քո չկա` կյանքը կյանք է… Երբ իջնում ես սահմանից, այդ զգացողությունը շարունակվում է: Չգիտեմ` ինչքան կշարունակվի…

Իմ առջև հասուն տղամարդ է նստած, լուրջ, իմաստուն տղամարդ:

-Ծառայության 730 օրվանից 570-ը դիրքերում եմ եղել, մի տեսակ դժվար եմ հարմարվում քաղաքացիական կյանքին: Անընդհատ մտածում եմ` տեսնես վիճակը ոնց է սահմանին, հատկապես գիշերը, երբ պիտի քնեմ, միտքս սահմանից չի կտրվում: Ես պիտի կարողանամ փոխել կյանքիս արագությունը:

-Ի՞նչ է նշանակում` փոխել կյանքի արագությունը:

-Պատերազմից մնաց: Ես շտապում եմ, անընդհատ թվում է՝ ինչ-որ կարևոր բան պիտի անեմ: Բայց ես պիտի վարժվեմ խաղաղ կյանքին, պիտի հասկանամ, որ առաջիկա տարիներին ուսումս եմ ավարտելու: Դա է իմ գործը: Պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում եմ սովորում:

-Լա՞վ ես սովորում:

-Չեմ սիրում, երբ ինչ-որ բան պարտադրված եմ անում: Բանակում ամենադժվար բանը երգելով ճաշարան գնալն էր:

-Երգելը դժվա՞ր է:

-Չէ՛, երգելը հեշտ է, երբ դու ինքդ ես ուզում երգել: Երգելը դժվար է, երբ երգում ես` որովհետև այդպես է հրամայված: Այն, ինչ անում եմ իմ ցանկությամբ, շատ լավ եմ անում: Օրինակ՝ ուսումնական զորամասում ծառայելիս շատ լավ սովորեցի իմ զինվորական մասնագիտությունը: Ամեն ինչ բծախնդիր գրում էի, գրառում, անգամ սովորում էի ամենաչնչին մանրուքները:

-Ո՞րն է քո զինվորական մասնագիտությունը:

-Որպեսզի Ձեզ հասկանալի լինի, այսպես ասեմ` ոչնչացնել օդում շարժվող վտանգավոր բաները:

-Ես զինվորական եմ,- ասում եմ:

Լրջանում է:

-Մի տեսակ դժվարանում եմ կանանց զինվորականի պես վերաբերվել: Բաներ կան, որ շատ տղամարդկային են, օրինակ՝ մարտական ընկերությունը: Ես և Դուք կարո՞ղ ենք մարտական ընկերներ լինել: Պաշտպանել մեկս մյուսին՝ թշնամու հարվածը սեփական անձի վրա վերցնելով: Կարո՞ղ ենք ախպերավարի հաց կիսել: Կամ՝ Դուք կարո՞ղ եք իմ հրամանատարը լինել:

-Ինչո՞ւ չեմ կարող: Սիրով քո հրամանատարը կլինեի:

-Չե՞ք կարող, որովհետև վտանգի պահին Դուք՝ որպես կին, պիտի թաքնվեք իմ թիկունքում, իսկ հրամանատարը պիտի առջևից գնա:

-Շա՞տ երկրպագուհիներ ունես ֆեյսբուքում,- Գևորգը անակնկալի է գալիս իմ հարցից … ժպտում է: -Մենք սիրում ենք ուժեղ տղամարդկանց:

-Ո՞ւմ եք Դուք ուժեղ տղամարդ համարում,- հարցնում է Գևորգը:

-Նրան, ով կարող է հանել զրահաբաճկոնը, որ մեկ վայրկյան շուտ ոչնչացնի հակառակորդի ուղղաթիռը, փրկի ընկերների կյանքը:

…Գևորգը շիկնում է: Այնքան գեղեցիկ է, երբ հզորն է շիկնում:

-Ուժեղ տղամարդը նա է, ով իր ուժը ծառայեցնում է ուրիշներին: Կարևոր չէ, թե որքան է ուժդ, այլ՝ թե որքան ես նվիրաբերում ուրիշներին: Ես երեկ մեկ հոգու էի կարողանում օգնել, այսօր 5 հոգու կօգնեմ, վաղը՝ 100-ի, մյուս օրը` գուցե հազարավորների… Սա է ուժի բանաձևը:

-Մինչև ու՞ր են ձգվում քո երազանքները:

-Կուզենայի նախարար դառնալ: Որևէ ոլորտ ղեկավարել ու ցույց տալ, որ ցանկության դեպքում կարելի է մեծ գործեր անել երկրի ու մարդկանց համար: Կապրեի բազմաբնակարան շենքում՝ ինչպես բոլորը, երեխաներիս երթուղայինով կուղարկեի պետական դպրոց: Գործից հետո սուրճ կխմեի վարորդ հարևանիս տանը, կիրակի օրերը բակի տաղավարում նարդի կխաղայի մարդկանց հետ:

«Աշխարհի ամենահպարտ-ամենաերջանիկ երկիրը հայկական հողի վրա է բարձրանալու» նախադասությունը գլխումս արթնանում է իմ կամքից անկախ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ