Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ...
ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ…

«Բոլորդ հիշեցե՜ք  մեր առաջին հայրերին, որոնք նախքան Աստծու որդու ծնունդը ապրել են զանազան ժամանակներում», -սա Ղեւոնդ երեցի պատգամն է՝ ուղղված Հայոց զորքին Ավարայրի ճակատամարտից առաջ: Եվ եթե մենք 451թ.-ին Ավարայրի հերոսամարտը  մղեցինք պետականության բացակայության պայմաններում, ապա այսօր ունենք կանոնավոր բանակ, որի շարքերում կանգնած են անկախ Հայաստանում ծնված երիտասարդները:

ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ...Օգոստոս ամիսը ՀՀ ԶՈՒ զորամասերում զինվորական երդման արարողությունների ամիս է: Դրանք հաճախ տեղի են ունենում եկեղեցիների բակերում Հայոց բանակում ծառայող քահանաների օրհնությամբ. դա մեր ժողովրդի հնագույն ավանդույթներից է, երբ կռվի դուրս գալուց առաջ եկեղեցու հայրերը օրհնում էին Հայոց զորքը:

Այս գեղեցիկ ավանդույթը տեղ ունի նաև Հատուկ նշանակության բրիգադում, Անդրանիկ Օզանյանի անվան և Զենիթահրթիռային զորամասերում:

Այս զորմասերի նորակոչիկները երդվեցին անմնացորդ ծառայել հայրենիքին՝ իրենց թիկունքին ունենալով մեր բազմահազարամյա պատմությունը և մշակութային ժառանգությունը:

Պայծառ դեմքով մի երիտասարդ կարդում է զինվորական երդման տեքստը.

ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ...-Ես՝ Նարեկ Արամի Հայկազյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հանդիսավոր երդվում եմ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս…

Հայ զինվորների անունների կողքին հնչում են նաև օտար ազգանուններ՝ Նովիկով, Վենիամինով…Նրանք մեր երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են՝ ուկրաինացիներ, ասորիներ, եզդիներ… Նրանցից ոմանք ժամկետային զինծառայությունը ավարտելուն պես մտադիր են ընդունվել ռազմաուսումնական հաստատություններ և շարունակել զինվորականի ուղին:

-Հայաստանը մեր Հայրենիքն է, և ես հազար թելերով կապված եմ այս հողին: Եթե, Աստված չանի, կրկնվի ապրիլյան պատերազմը, կմեկնեմ առաջնագիծ,- ահա այսպես է նորոգվում ժողովուրդների եղբայրության ուխտը, որը մեր երկրի ուժի գրավականներից է:

ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ...Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայն ու Հայաստանի քաղաքացին ի զորու են միայնակ տնօրինելու սեփական ճակատագիրը և տեր լինելու մեր երկրին ու պատմությանը: Եվ տա Աստված, որ Հայոց բանակի մեր զինվորներն այսուհետ ծառայեն խաղաղ երկնքի ներքո:

Նորակոչիկների այս սերունդը  լավագույնս է յուրացրել ազգային-պետական գործիչ, մեծ զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի պատգամները, որոնցից մեկը հետևյալն է.

-Մարդկային գործերի մէջ  հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը: Եվ ճշմարիտ հերոսները նրանք են, որոնք առաքինանում են իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ Պողոսյանի