Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ 1915-23 ԹԹ. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ 1915-23 ԹԹ. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ 1915-23 ԹԹ. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՄիացյալ Նահանգների Փասադենա քաղաքի (Կալիֆոռնիա) իններորդ շրջանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի:

Դատարանում հայ հայցվորներին ներկայացնում էին Քեթրին Լի Բոյդը (Brownstein Hyatt Farber Schreck) և Մարկ Կիրակոսը (Geragos & Geragos): Թուրքական կողմը ներկայացնում էր Նիլ Սոթմանը (Mayer Brown): Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորների կազմում էին Ալեքս Կոզինսկին, Սթիվն Ռայնհարդը և Քիմ Ուորդլոն: Երեք դատավորներն էլ հայտարարեցին, որ ինքնիշխան պետությունն իրավունք ունի օտարելու իր քաղաքացիների սեփականությունը, և ամերիկյան դատարանը իրավասու չէ միջամտելու նման դեպքերում, բացառությամբ, եթե դրանք ուղեկցվել են միջազգային իրավունքի խախտումներով կամ ցեղասպանությամբ:

Դատավոր Կոզինսկին մի քանի անգամ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության հղումների իրավաչափությունը, քանի որ երկու հայկական հայցերից մեկում այն նշված էր որպես հայց ներկայացնելու հիմքերից մեկը: «Մեր կառավարությունը դեմ է ջարդերը ցեղասպանություն անվանելուն,- պնդեց դատավոր Կոզինսկին:- Դաշնային դատարանները ստիպված պետք է ընդունեն մի դիրքորոշում, որը հնարավոր է հակասի այն դիրքորոշմանը, որին տասնամյակներ շարունակ հարել է մեր կառավարությունը, նրա գործադիր իշխանությունը»:

Երբ Մարկ Կիրակոսը տեղեկացրեց դատավոր Կոզինսկուն, որ թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և թե՛ նախագահ Ռեյգանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատավոր Կոզինսկին տարօրինակ պատասխան տվեց. «Նախագահ Ռեյգանը… տասնամյակներով նախագահ չի եղել»:

Դատավորի մեկնաբանությունը անհեթեթություն էր: Ցեղասպանության և այն ճանաչելու փաստերը չեն փոխվել, միայն այն պատճառով, որ այդ ողբերգական իրադարձությունները և դրանց ճանաչումը տեղի են ունեցել տասնամյակներ առաջ… Ի դեպ, ԱՄՆ կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին՝ Համաշխարհային դատարան ներկայացված մի պաշտոնական փաստաթղթով:

Դատաքննության ողջ ընթացքում դատավոր Կոզինսկին համառորեն հարցնում էր հայցվորների փաստաբաններին, թե արդյոք նրանք համաձա՞յն են մի կողմ դնել Հայոց ցեղասպանության հարցը սույն դատական հայցով: Ի վերջո, փաստաբան Կիրակոսը համաձայնեց, որ ճանապարհ հարթի հայցի քննարկման համար, մանավանդ, որ թուրքերի կողմից առկա էին միջազգային իրավունքի տասնյակ այլ խախտումներ, որոնք ապահովում էին իրավասության պահանջները:

Փաստաբան Բոյդը նշեց, որ անհրաժեշտություն չկա ապացուցելու ցեղասպանության փաստը դատական հայց ներկայացնելու համար՝ համաձայն 1976 թ. «Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության ակտի» (FSIA): Իրականում՝ «մարդկության դեմ հանցագործությունները» նաև միջազգային իրավունքի խախտում են: 1915 թ. մայիսի 29-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հռչակագրով՝ մեղադրելով թուրքական իշխանավորներին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար և զգուշացրել, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն այդ ոճրագործությունների համար:

Դատավոր Կոզինսկին հարցրեց նաև՝ ո՞րն է հայցեր ներկայացնելու պատճառը այդ ողբերգական դեպքից 100 տարի անց, որին ի պատասխան Մարկ Կիրակոսն ասաց, որ, ըստ FSIA-ի, նման քստմնելի հանցագործության համար վաղեմության ժամկետ գոյություն չունի: Նա նաև նշեց, որ անցած ժամանակը ոչ մի նշանակություն չունի, քանի որ առկա է «շարունակվող անձեռնմխելիության իրավունքի խախտում». Թուրքիան պահել է բռնազավթված կալվածքները և հաշվեգրված վարձավճարներ չի կատարել հայ սեփականատերերին տասնամյակներ շարունակ:

Կիրակոսը նաև ասաց դատավոր Կոզինսկուն, որ ինքնիշխան պետության կողմից իր սեփական քաղաքացիների ունեցվածքի օտարման հայեցակարգն այս դատական հայցով չի կարող կիրառվել, քանի որ հայերը զրկվել են իրենց քաղաքացիությունից թուրքական պաշտոնական հրամանագրերով և արտաքսվել երկրից:

Միայն այն բանից հետո, երբ փաստաբան Բոյդը բացատրեց դատավոր Կոզինսկուն, որ թուրքական կառավարության իրականացրած հայկական կալվածքների բռնագրավումը եղել է «կամայական և խտրական», դատավորը կարծես թե հասկացավ խնդրի էությունը և ասաց թուրքական կառավարության փաստաբան Նիլ Սոլթմանին՝ իր կարծիքով տարբերություն կա,  օրինակ, Կոնեկտիկուտում հանրային գերակա շահի պատճառով տան օտարման և որոշակի ռասայի կամ կրոնի պատկանող անձանց բոլոր տների գրավման միջեւ, որը միջազգային իրավունքի խախտում է և հետևաբար դատապարտելի է Միացյալ Նահանգների դատարանի առաջ:

Ակնկալվում է, որ Դաշնային վերաքննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի առաջիկա 90 օրվա ընթացքում:

 

Թարգմանությունը` Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ