Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՏՂԱՆԵՐՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ՀԵՐՈՍ ԵՆ...»
«ՏՂԱՆԵՐՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ՀԵՐՈՍ ԵՆ…»

«ՏՂԱՆԵՐՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ՀԵՐՈՍ ԵՆ...»Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ փոխգնդապետ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի ընկավ մարտական բարձր պատրաստականությամբ: Ստորաբաժանումն առաջինն իր վրա ընդունեց թշնամու հարվածը: Կապիտան Ուրֆանյան, շարքային Սլոյան, կրտսեր սերժանտ Աբրոյան… Մարտական և հրամանատարական բարձր պատրաստվածության, անձնակազմին ժամանակին և ճիշտ մոբիլիզացնելու համար գումարտակի հրամանատար Նվեր Ներսիսյանը պարգևատրվեց «Արիության» մեդալով, բայց դա 32-ամյա փոխգնդապետի առաջին և միակ պարգևը չէ. դեռ 2014 թվականին նա պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2016 թվականին փոխգնդապետ Ներսիսյանը ճանաչվել է ԼՂՀ ՊԲ  գումարտակի լավագույն հրամանատար:

Նվեր Ներսիսյանն ավարտել է Վազգեն Սարգյանի անվան ռազմական համալսարանը: 2005 թվականին դասակի հրամանատար էր, 2011-2014-թթ. գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար՝ 2014 թվականից:

– Ես շատ գոհ եմ իմ ենթականերից: Դեռ մինչև ապրիլյան դեպքերը ես վստահ էի, որ անձնակազմը պատրաստ է հակառակորդի ցանկացած գործողությունների, իսկ այդ օրերին մեր տղաները կարողացան ոչ միայն կատարել իրենց անմիջական պարտականությունները, այլ նաև անձնական նախաձեռնություն ցուցաբերել: Տղաներն ապացուցեցին, որ կարող են եւ պատրաստ են հերոսանալ:

Միշտ ձգտել եմ, որ իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը լինի լավագույնը: Ստեղծել եմ ամուր և առողջ կոլեկտիվ: Իհարկե, տարբեր օջախներից, տարբեր մտածելակերպի տեր անձինք են, բայց դա հաղթահարելի է, եթե կա հստակ նպատակ: Եվ շատ կարևոր է, որ այդ ընկերական մթնոլորտը կառուցվի արդարության, հավասարության վրա: Սահմանագիծը պարտավորեցնում է լինել զինվորի հետ, նրա կողքին: Թիկունքային զորամասում բոլորը քո աչքի առաջ են, անմիջապես քո կողքին, իսկ այստեղ՝ ամբողջ ռազմաճակատով ցրված:

Սահմանագծում կարգապահությունը խախտող զինվորը պետք է պատժվի: Երբ զինվորը գալիս է քո ստորաբաժանում, դու արդեն պատասխանատու ես նրա համար: Եվ եթե նա զանցանք է գործում՝ մեղավորը նաև դու ես. ուրեմն ինչ-որ բան աչքիցդ վրիպել է, ինչ-որ տեղ թերացել ես… Զինվորին պետք է դաստիարակել… Եթե սխալ է կատարել, ուղղվելու հնարավրություն տալ: Սահմանին կանգնած զինվորին հրամանատարը ոգևորում է իր անձով, իր գործով, օրինակով: Ես փորձում եմ զինվորին օրինակ ծառայել ոչ միայն մարտական պարտականությունների կատարման ժամանակ, այլ նաև՝ բանակային խաղաղ առօրյայում:

«ՏՂԱՆԵՐՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ՀԵՐՈՍ ԵՆ...»Հրամանատարի խոսքով՝ ղեկավարը պետք է կարողանա նաև լսել ենթականերին, հաշվի նստել նրանց կարծիքի, պատկերացումների հետ:

– Դա կարող է օգնել, որ բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվես:  Ապրիլին այդ մոտեցումը շատ օգնեց մեզ: Առաջին ժամերին լսեցի նաև դիրքերի ավագներին, ի մի բերեցինք մեր անելիքը: Պետք է նաև թույլ տալ, որ ենթակաները կարողանան լինել նախաձեռնող. հրամանատարը կարող է ֆիզիկապես ներկա չլինել այդ վայրում, բայց պարտավոր է պահել կապը: Եթե ես այդ ժամերին կորցնեի այն, մենք ավելի շատ զոհեր կունենայինք: Պետք չէ նաև մի տեղ կենտրոնացնել ստորաբաժանման ամբողջ անձնակազմը: Կարծում եմ, որ դա սխալ է:  Ես մարտի ժամանակ ետ ուղարկեցի բուժակին, և նա փրկվեց: Եվ էլի նման օրինակներ կարող եմ բերել:

Լինելով սահմանապահ ստորաբաժանման հրամանատար՝ փոխգնդապետ Ներսիսյանը հաճախակի է լինում դիրքերում.

– Հաճախակի եմ կանգնում և ուսումնասիրում առաջնագիծը, ուսումնասիրում հակառակորդին, փորձում հասկանալ նրա մտադրությունները: Վախ այլևս չկա: Այդ զգացողությունը գնաց մարտական ընկերներիս հետ: Վախ չկա, քանի որ ես ամուր եմ իմ անձնակազմով: Հրամանատարը իրավունք չունի թուլանալու եւ իր վախը ի ցույց դնելու, – նշում է հրամանատարը:

Փոխգնդապետ Ն. Ներսիսյանը խիստ կարևորում է դիրք բարձրացող զինվորի հետ նախապատրաստական աշխատանքը, նրա հոգեբանական կոփումը: Նրա խոսքով՝ դիրքապահ զինվորը պետք է նախևառաջ զգոն և սթափ լինի, կարողանա գնահատել իրավիճակը և ճիշտ որոշումներ կայացնել:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ