Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆՕր չկա, որ հանրապետության հյուսիսարևելյան հատվածում թշնամին չխախտի հրադադարը: Գյուղատնտեսական աշխատանքների այս եռուզեռին հատկապես թշնամին ավելի սանձարձակ է գործում` տարբեր զինատեսակներից կրակ բացելով ինչպես մեր դիրքապահների, այնպես էլ դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Իհարկե, այնպես էլ չէ, որ մեր դիրքապահները ձեռքները ծալած են նստում. իրավիճակի թելադրանքով նրանք  ևս գործի են դնում իրենց զինանոցն ու հմտությունը…

 

Հենակետի ավագ, ավագ սերժանտ Արմեն Ճաղարյանի հրամանատարությամբ սահմանապահ ջոկը հերթապահությունն իրականացնում է համաձայն հաստատված օրակարգի: Կեսօրին մարտավարական իրադրությունը փոխվեց` հակառակորդը հերթական անգամ 12,7մմ տրամաչափի «Սև նետից» արձակված երեք կրակոցով խախտեց հրադադարը:

-Երբ քեֆները տալիս է, կրակում են, ժամ-պատարագ չկա: Վախից են կրակում, իբր թե՝ տեսեք՝ մենք այստեղ ենք, մենք էլ կրակել գիտենք,- ասաց մայոր Հովակիմ Դոխոյանը:

Մեր կանգնած տեղից մինչև հակառակորդի հանդիպակաց հենակետ մոտ 1000 մետր է: Քիչ հեռու ադրբեջանական փոքր բնակավայր է: Մեզնից ձախ կա ևս մեկը, որտեղից 2015թ. օգոստոսի 31-ին թշնամու արձակած կրակոցից գլխի շրջանում բեկորային վիրավորում է ստացել դիրքապահ, շարքային Գարիկ Ասատրյանը:

– Ես այդ պահին դիտորդների մոտ էի: Երբ առաջին կրակոցը հնչեց, անմիջապես կապվեցի վաշտի հրամանատարի հետ: Երեք-չորս րոպե անց հնչեց երկրորդ կրակոցը, իսկ մեկ րոպե չանցած` երրորդը, որից էլ վիրավորվեց դիտարկում կատարող շարքային Գարիկ Ասատրյանը: Այժմ Գարիկը մարտական հերթապահության մեջ է: Նա շուտով կավարտի ծառայությունը: Դիրքերից կիջնի ու կզորացրվի,- ասաց նրա զինակից ընկերը` կրտսեր սերժանտ Կարեն Չատյանը, որ դեպքի օրը եղել էր Գարիկի կողքին:

♦♦♦

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆԽրամուղով շարժվում ենք առաջ: Տեղ-տեղ աչքի են զարնում բարեխիղճ արված ամրաշինական աշխատանքները, կատարելագործված ինժեներական կառույցները: Հետևողական աշխատանքներ են իրականացվում նաև անձնակազմի շրջանում զգոնության բարձրացման ուղղությամբ:

Մեր այցի պահին դիտակետերից մեկում հերթապահում էր շարքային Արտակ Միլիտոսյանը: Մոտեցող ոտնաձայներից նա մի պահ հայացքը շրջեց ձախ, ապա տեսնելով իրեն մոտեցող հենակետի ավագին` ձգվեց ու սահուն  զեկուցեց իրավիճակի մասին: Արտակը գյումրեցի է: Իմ հարցին՝ թշնամին իրեն խելո՞ք է պահում, հումորով պատասխանեց.

– Ուրդեղ գյումրեցին կեղնի, թուրքը կփախնի:

Իսկ մայոր Դոխոյանը նկատեց.

-Առաջնագծում մեր դիրքապահները ինչքան կարգապահ, աչալուրջ ու զգոն լինեն, այնքան ավելի պակաս կլինեն անցանկալի դեպքերն ու միջադեպերը: Կարգապահությունը վեր է ամեն ինչից:

Այո՛, կարգապահություն, զգոնություն և աչալրջություն, ինչը հրաշալի գիտակցում են մեր դիրքապահ զինվորները:

Հրաժեշտից առաջ մեր դիրքապահները ցանկություն հայտնեցին միասին լուսանկարվելու: Երբ շարվեցինք, նրանք մեկ մարդու նման բռունցք արած ձեռքերը երկինք պարզեցին ու միաձայն բղավեցին.

– Միշտ պատրաստ ենք պատերազմի…

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս. Քնարիկ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ