Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿՈՒՄ ՍՈՎՈՐԱԾԸ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ Է



Ավարտելով համալսարանը` 21 տարեկանում զորակոչվեցի հայոց բանակ։ Սկզբնական շրջանում դժվար էր համակերպվել այն մտքին, որ ծնողներս և մտերիմ ընկերներս կողքիս չեն, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցի, ձեռք բերեցի նոր ընկերներ եւ փորձեցի պատվով տանել իմ երկամյա ծառայությունը։

Ուսումնական զորամասում ստացա հրետանավորի մասնագիտություն, տեղափոխվեցի սահմանամերձ զորամաս, որտեղ ինձ վստահվեց ջոկի հրամանատարությունը։ Դա եւս մեկ փորձություն էր, սակայն իմ ձեռք բերած հմտության, գիտելիքների, ընկերների եւ անմիջական պետերի օգնությամբ կարողացա կատարել իմ առջեւ դրված խնդիրը։ Ծառայությանս ընթացքում իրականացրել եմ նաեւ մարտական հերթապահություն։ Գտնվելով մարտական դիրքերում եւ սեփական աչքով տեսնելով թշնամուն` սկսում ես է՛լ ավելի սիրել հողդ ու հայրենիքդ։

Այսօր, երբ մի քանի ամիս է մնացել ծառայությանս ավարտին, ես հաճախ եմ մտորում այն հարցի շուրջ, թե ինչ տվեց ինձ բանակը։

Վստահորեն կարող եմ ասել` բանակն ինձ տվեց ինքնուրույնություն եւ ինքնավստահություն, հավատ սեփական ուժերիս հանդեպ, ինչն ինձ պետք կգա ամբողջ կյանքիս ընթացքում, շատ լավ ընկերներ, որոնք իմ կողքին կլինեն նաեւ ծառայությունից հետո։ Բանակի տվածը անգնահատելի եւ անչափելի է։

Իմ կարծիքով՝ տղամարդ դառնալու ճանապարհին յուրաքանչյուր պատանի պետք է անցնի բանակի դպրոցը՝ տիրապետի զենքին, ձեռք բերի զինվորական որոշ հմտություններ, պատկերացում կազմի մեր թշնամու եւ նրա դեմ պայքարելու միջոցների մասին։

Մի քանի ամսից ես կվերադառնամ տուն, որտեղ ինձ սպասում են ծնողներս, եղբայրս եւ իմ սիրած աղջիկը, սակայն ես երբեք չեմ մոռանա իմ ծառայության թե՛ ուրախ, թե՛ դժվար օրերը։

ԿԱՐԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Բանակ և հասարակություն


29/06/2011