Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՆՄԱՆ ԿԵՏ



ՀԵՆՄԱՆ ԿԵՏ-Մեր փոքրիկ ու վիրավոր, մեր ազատատենչ, մեր տաղանդավոր հայրենիքի փրկության համար զոհաբերվածների անունները պատմության դասագրքերին պահ տալուց առաջ սրտից սիրտ ենք փոխանցելու, սիրելու ու փառաբանելու ենք նրանց հարազատներին, մենակ չենք թողնելու: Մեր սերը տուն ու հայրենիք ենք դարձնելու նրանց համար: Շրջելու ենք գյուղից գյուղ, համայնքից համայնք, հերթով թակելու ենք բոլոր դռները, համբուրելու ենք մեր կյանքի համար սեփական կյանքով վճարած զինվորի մոր ձեռքերը, շնորհակալություն ենք ասելու: Ոգեկոչելու ենք մեր զինվորի հիշատակը:  Սիրո ու ցավի գզրոցներից մեկիկ-մեկիկ հուշեր ենք հանելու, դարձնելու ենք փառքի պատմություն… Ու այդպես մաքրելու ենք մեր փոքրիկ հայրենիքը նյութապաշտությունից, վախկոտությունից, չարությունից, փոքրոգությունից: Ու փառավորում ենք մեր փոքրիկ հայրենիքը ուժի ու հպարտության ասքերով:

Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանին իմ հուզմունքն ու ոգևորությունը չեն վարակում, նայում է սառը, հանգիստ:

-Կուղեկցենք,- ասում է,- համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արարատ Դումանյանը կգա Ձեզ հետ: Նոր Հաճնի զինվորական պանթեոնում 12 շիրիմ կա: Մեր բոլոր զոհերը չէ, որ պանթեոնում են ամփոփված, պատահել է` հարազատները ցանկացել են իրենց գերդաստանի անդամների կողքին հուղարկավորել զոհվածներին: Ցավոք, զոհեր ունեցանք ոչ միայն Արցախյան պատերազմում: 2008-ին զինծառայության ժամանակ զոհվեց զինվոր Հայկ Գալուստյանը, այս տարվա ապրիլին` զինվոր Գևորգ Մղդեսյանը: Երկուսն էլ հրաշալի, ազնվագույն, խիզախ տղաներ էին:

-Երկուսի ընտանիքներին էլ կայցելենք,- որոշում եմ ես,- բայց, մինչ այդ, ուզում եմ իմանալ` համայնքապետարանը ի՞նչ է անում զոհվածների ընտանիքների համար: Ինչո՞վ է օգնում:

Հարցս ակնհայտորեն դուր չի գալիս համայնքի ղեկավարին:

-Իրենց կհարցնեք: Իրենք ավելի ճիշտ կպատմեն, ավելի արդարացի կգնահատեն մեր աշխատանքը:

-Ոչ միայն բանակի ղեկավարության, այլև իշխանության բոլոր մարմինների, բոլորիս պարտքն է աջակցել զոհվածների ընտանիքներին: Ժողովուրդը պիտի տեսնի, որ զոհվածի ընտանիքը սիրված ու մեծարված է:

ՀԵՆՄԱՆ ԿԵՏԳագիկ Մաթևոսյանը նայում է դեմքիս: Շուրթերի արանքում անբացատրելի ժպիտ կա: Ասում է.

-Ես ընկեր եմ կորցրել սահմանին…,- ու չի շարունակում:

-Որքան գումար է նախատեսված զոհվածների ընտանիքներին օգնելու համար,- հարցս կրկնում եմ:

-Գումարն ի՞նչ կապ ունի,- զարմանում է համայնքապետը,- եթե ընտանիքը օգնության կարիք ունի, իսկ գումար չկա, չպիտի՞ օգնենք:

-Նրանք պիտի հենման կետ ունենան,- ասում եմ ես:

-Հենման կետ,- կրկնում է համայնքապետը մտորելով:

…2008թ. զոհված Հայկ Գալուստյանի ընտանիքում 3 հոգի են` հայրը, մայրը ու քույրը: Հայրը` Սաշա Գալուստյանը, մեզ դիմավորում է շենքի բակում: Անմիջապես սիրում եմ նրան. դեմքեր կան, որ ազնվության, խոնարհության, բարության, մաքրության մարմնացում են: Նրա ուղեկցությամբ բարձրանում ենք 5-րդ հարկ: Դուստրը աշխատանքի է: Դուռը բացում է տանտիկինը` տիկին Մարուսյան, իսկ սրահում մեզ դիմավորում է Հայկ Գալուստյանի մեծադիր լուսանկարը` զինվորական համազգեստով:

-Դուք ճանաչե՞լ եք Հայկիս,- հարցնում է մայրը:

-Չէ՛,- գլուխս օրորում եմ,- բայց շատ եմ ուզում ճանաչել, շատ եմ ուզում իմանալ` ինչպիսի՞ն էր նա մանկության տարիներին, ինչպիսի՞ պատանեկություն է ունեցել: Ի՞նչ է խոսել, ի՞նչ է արել…

Մայրը փորձում է կուլ տալ արցունքը, որ ձայնը չխզվի, որ կարողանա ամեն ինչ պատմել որդու մասին:

-Հայկս մեր ուրախությունն էր, մեր աչքի լույսը, մեր կյանքը: Խելոք, հնազանդ երեխա էր: Մենք հանրակացարանում էինք ապրում` 4 հոգով 14 քառ. մետր տարածքի վրա, բայց երբեք  տրտունջ չլսեցի որդուցս: Էնքան աշխատասեր էր: Շատ-շատ: Անընդհատ մի բանով զբաղված էր: Շինարարություն էր սիրում: Երբեք չեմ մտածել, որ իմ տղան համարձակ է, կամքի մեծ ուժ ունի: Հարմար առիթ չէր եղել, որ դրսևորի իրեն: Բայց, երբ բանակ գնաց, հասկացա, որ նրա խոնարհ, հանդարտ, մեղմ բնավորության տակ մեծ արժանապատվություն, ուժ կա թաքնված: Երբեք չտրտնջաց, չբողոքեց, ոչինչ չպահանջեց…

…Այս մեծ ու լուսավոր բնակարանը պաշտպանության նախարարությունն է նորոգել: Տղաս իր մահից հետո էլ է մեզ օգնում: Ինքը պիտի ապրեր այս բնակարանում: Մենք բնակարանը վաղուց էինք ստացել: Ամուսնուս էին տվել: (Նա Չերնոբիլի վերականգնման աշխատանքների մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ), բայց երկար տարիներ շարունակում էինք հանրակացարանի փոքրիկ սենյակում ապրել, որովհետև վերանորոգելու գումար չունեինք:

-Ինչպե՞ս եք ապրում,- հարցնում եմ ընտանիքի հորը,- աշխատանք ունե՞ք, պետությունը օգնո՞ւմ է: Ինչի՞ կարիք ունեք:

-Ես ու կինս աշխատանք չունենք, ոչ էլ ի վիճակի ենք աշխատելու: Ես թոշակ եմ ստանում: Աղջկաս գործ են տվել զորամասում: Ես երբեք ոչ մեկից օգնություն չեմ խնդրում: Բայց օգնող ունենք: Մեր համայնքապետը` Գագիկ Մաթևոսյանը, երբեք մեզ չի մոռանում: Մեկ էլ կտեսնես՝ եկան, գումար տվեցին:

-Առանց առիթի՞, առանց ուզելո՞ւ:

-Դե, տարբեր առիթներով` բանակի տոնին, Արցախյան պատերազմի հաղթանակի օրը, անկախության տոնին: Մենակ մեզ չէ, բոլորին էլ տալիս են: Գիտենք` կա մի տեղ, կա մեկը, որը մեզ անօգնական չի թողնի: Տոներին մեզ հրավիրում են միջոցառման, հարգում-պատվում են, կանանց տոնին որդեկորույս մայրերին են հրավիրում, զոհվածների կանանց: Ինչ ասեմ` էդ  վերաբերմունքը մեզ ապրեցնում է: Շատ շնորհակալ ենք Գագիկ Մաթևոսյանին: Մեր հենարանն է, մեր հենման կետը:

…Ճանապարհելիս զոհված զինվորի մայրը ամուր գրկում է ինձ: Թվում է` թուլացել է մի պահ, հենվել է ինձ: Աշխարհում չկա ավելի վեհացնող զգացում, քան երբ քեզ հենարան ես զգում ուրիշի համար:

-Էլի եմ գալու,- ասում եմ:

-Անպայման արի,- պատասխանում է:

Ես պիտի Երևան վերադառնամ, բայց ուզում եմ մի անգամ էլ տեսնել համայնքապետ Գագիկ Մաթևոսյանին: Ոչինչ չունեմ նրան ասելու: Պարզապես ուզում եմ ուրիշ աչքերով նայել նրան:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Բանակ և հասարակություն


27/07/2016