Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՆԱՎԹԻՆ



Նավթին փոխարինող վառելիքի փնտրտուքը մարդկությունն սկսել է տասնամյակներ առաջ՝ քաջ գիտակցելով, որ մոտ ապագայում «սեւ ոսկու» պաշարների սպառման հետ կանգնելու է էներգետիկ մեծ ճգնաժամի առջեւ։

Անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն առաջարկել են հետաքրքիր մի տարբերակ։ Ինժեներական գենետիկայի օգնությամբ նրանք ստեղծել են մանրէներ, որոնք կլանում են ածխաթթու գազը եւ կենսավառելիք առանձնացնում։ Ի դեպ, վառելիքի ստացման համար բացի ածխաթթու գազից մանրէներին անհրաժեշտ է միայն արեւի լույսը։ Ռեակցիայի հետեւանքով գոյացած նյութը, որ կոչվում է իզոբութանոլ, բենզինից տարբերվում է նրանով, որ այրման դեպքում զերծ է թունավոր արտանետումներից։

Իսկ ահա հարավկորեացի գիտնականները մեկ այլ տարբերակ են առաջարկում։ Նրանք փորձեր են անցկացրել լամինարիայի հետ եւ պարզել, որ այդ ջրիմուռը կարող է կենսավառելիքի հրաշալի աղբյուր ծառայել։ Լամինարիան աճում է ծանծաղուտներում եւ դյուրին է ձեռք բերել, իսկ ամենագլխավորը՝ աճում է անդադար եւ մեծ քանակությամբ։ Գիտնականները հաշվել են, որ լամինարիայի մեկ տոննայից կարելի է ստանալ մեկ միլիոն լիտր կենսավառելիք։ Հարավային Կորեայի իշխանություններն արդեն որոշում են ընդունել 2013 թվականին երկրում հիմնել արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղ ջրիմուռը կփոխակերպվի նավթի։ Ստացված կենսավառելիքն առաջին հերթին կօգտագործվի ավտոմեքենաների ու ինքնաթիռների համար։

Պատրաստեց Ս.ԴԻԼԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Նորություններ


29/06/2011