Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵ ԻՆՉՈՒ ՊԱՊՍ ՃԱԿԱՏՍ ՀԱՄԲՈՒՐԵՑ



ԹԵ ԻՆՉՈՒ ՊԱՊՍ ՃԱԿԱՏՍ ՀԱՄԲՈՒՐԵՑՅոթ մեդալ ըմբշամարտից, եւս երկուսը՝ ծանրամարտից. Սամվել Սահակյանը բանակ զորակոչվելուց առաջ մեդալների այսպիսի հավաքածու ուներ: Օրերս զորացրվեց եւ իր հետ տուն բերեց  արդեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը: Տանկի  նշանառու-օպերատորը երկու տանկ է խոցել, երեք  դիրք ազատագրել՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ:

Պարգեւը հիմա տեղադրված է սենյակի ամենաերեւացող անկյունում: Սամվելի համար այն բանակային կյանքի մի մասնիկն է, որ ընդմիշտ բերել է տուն: Ասում է՝ «Շքանշանը կարծես հիշեցում լինի, որ ինքը կյանքում որեւէ լուրջ բան է  արել»:

 

Պարգեւատրման մասին

-Ապրիլի 17-ն էր: Գումարտակի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանն ասաց, որ ներկայացվել եմ պարգևատրման: Եվ երբ հեռացավ, ինքս ինձ մտածեցի՝  կռվից ողջ եւ առողջ վերադառնալն արդեն իսկ պարգեւ է: Արարողությունը տեղի էր ունենում բաց դաշտում: Ներկա էին երկու հայկական պետությունների նախագահները, պաշտպանության նախարարները: Կանգնել էի շարքում: Անհանգիստ էի: Չգիտեի էլ՝ ինչ պարգեւի պիտի արժանանամ: Լսեցի անունս, շարքից դուրս եկա: Բակո Սահակյանն ինձ հանձնեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը: «Շնորհակալ եմ, զինվո՛ր»,- ասաց Արցախի նախագահը: Երբ վերադարձա տեղակայման վայր, տղաները եկան տեսնելու, շոշափելու «Մարտական խաչը»: Շնորհավորում էին, գրկում: Ոգեւորված էին այնպես, ինչպես կռվի ժամանակ, երբ տանկ էինք խոցում: Իսկ իմ ականջներում դեռ նախագահի ձայնն էր հնչում. «Շնորհակալ եմ, զինվո՛ր»:

 

Ուսուցման մասին

-Հիմա նայում եմ «Մարտական խաչիս», ու աչքիս առաջ է գալիս ուսումնական զորամասը: Ես եմ աչքիս առաջ գալիս՝ անփորձ, անվարժ մի երիտասարդ, որը դեռ պիտի տանկ վարել սովորեր: Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հայտնվեցի խցիկում: Շարժումներս անշնորհք էին եւ փութկոտ:  Բայց ինչ հզորություն եւ ուժ զգացի: Ես տանկ ունեի: Սովորելուց հետո 24 արկ կրակեցի: Միշտ էլ լավ եմ կրակել` դիպուկ: Ինչի շնորհիվ էլ մի քանի անգամ խրախուսվել եմ արձակուրդով:

 

ԹԵ ԻՆՉՈՒ ՊԱՊՍ ՃԱԿԱՏՍ ՀԱՄԲՈՒՐԵՑՀաղթական դրվագների մասին

-«Մարտական խաչը» միշտ կհիշեցնի ապրիլի 2-ի առավոտը: Կհիշեցնի, թե ինչպես կրակի տակ երթ կազմակերպեցինք եւ հասանք Թալիշ: Երբեւէ Թալիշում չէի եղել, բայց այն ինձ այնքան հարազատ թվաց: Պիտի չթողնեինք, որ թուրքը մեր հողը գրավեր:  Տանկը դիրքավորեցինք գյուղի գլխին: Հետո արդեն առաջանալու հրաման ստացանք: Հակառակորդը տիրել էր մեր մարտական դիրքերին: Պետք էր կանխարգելել կազմակերպված առաջխաղացումը: Հարվածներ հասցրինք կենդանի ուժին: Ոչ միայն կանգնեցրինք թշնամուն, այլեւ ետ շպրտեցինք: Երբ մտանք ազատագրված դիրք, տեսանք, որ նաեւ բարձրաստիճան սպայի ենք վնասազերծել` փոխգնդապետի: Ե՛վ ցավ կար այդ ամենում, ե՛ւ անսահման ուրախություն:

Հակառակորդի առաջին տանկը խոցեցի շարժման մեջ: Երկրորդը թմբի հետեւում էր դիրքավորվել: Տեղանքը հետախուզեցինք, հետո արդեն խփեցինք: Մի տանկը շուռ եկավ, մյուսը ամբողջությամբ վառվեց: «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենան էլ չխնայեցինք: Նրանց հակատանկայիններն ութ անգամ մեր ուղղությամբ կրակեցին: Ութն էլ վրիպեցին: Խցիկում  միայն մի բանի մասին էի մտածում՝ Աստված ջան, տանկիս բան չլինի:

Շուտով զորացրվելուս օրն էր: Մայիսի 27-ին վերջնականապես իջա դիրքերից: Գիտեի՝ էլ տանկ չեմ նստելու, էլ Թալիշի դիրքեր չեմ բարձրանալու: Անբացատրելի մի տխրություն էր պատել ինձ. ես այս հողի համար կռվել եմ, սա իմ ու ընկերներիս պահած հողն է:

 

Ընկերների մասին

-«Մարտական խաչը» ինչքան իմն է, այնքան էլ` ընկերներինս: Մենք չորս օր ապրեցինք տանկում: Ես էի, տանկի հրամանատարը՝ Ռաֆիկ Կրպեյանը, որ Թաթուլ Կրպեյանի եղբորորդին է, եւ մեխանիկ-վարորդը՝ Գեւորգ Խաչատրյանը: Ա՜յ, թե ում հետ պատերազմով անցա: Երբ կրակում էինք, սեղմում էինք մեր ատամները, կկոցում աչքերը: Հետո նայում` դիպանք, թե չէ: Մենք հրաձիգի նման չենք կռվել: Ու երեւի հրաձիգից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է պատերազմը: Բայց մենք գիտակցում էինք, որ ամեն դիպուկ կրակոց մեր մարտական ընկերների կյանքն արժե:

Մեզ միայն մի բան էր մտահոգում` տեսնես գյուղում մարդ կա՞: Կարեւոր է, որ թիկունքումդ միշտ ինչ-որ մեկը լինի: Մեկը, որին կպաշտպանես: Մի մարդու համար էլ է զինվորը կռվում: Գեւորգն էլ արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Ռաֆիկը դեռ չի պարգեւատրվել: Մենք միասին ենք հաջողության հասել, ու պիտի հավասարություն լինի: Եվ միայն այդ ժամանակ իմ ուրախությունը կդառնա լիարժեք:

 

Հպարտության մասին

-Ամենից շատ Վլադիկ պապս ոգեւորվեց իմ շքանշանով: Երբ զորացրվեցի եւ եկա տուն, «Մարտական խաչս» առաջինը նրան ցույց տվեցի: Նրա որդին՝ իմ հորեղբայրը, զոհվել է 1994 թվականին՝ Արցախյան պատերազմում: 16 տարեկան էր, երբ կամավոր գնաց ճակատ: Դիպուկահար էր: Պապիս դեմքին առաջին անգամ պայծառություն տեսա: Ընդամենը ասաց.  «Հպարտանում եմ քեզնով», և ճակատս համբուրեց: Ի դեպ, ես զոհված հորեղբորս անունն եմ կրում:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան

 

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/07/2016