Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ



ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼԱրտակ Օնիկի Ասլանյանը ծնվել է 1964թ. սեպտեմբերի 6-ին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի լեռնամետալուրգիական ինստիտուտ: 1986-87թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո աշխատանքի է անցել տեղի պղնձամոլիբդենային կոմբինատում: 1993թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության վաշտում` որպես դասակի հրամանատար:

Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական ընդհարումները, ստեղծվեց Մեղրիի առաջին կամավորական ջոկատը, որի կազմում ընդգրկված էին երեսունյոթ երիտասարդներ: Այն հետո պիտի դառնար նորաստեղծ զորամասի  կորիզը: Նյուվադիի` Նռնաձորի համար կռիվները հետզհետե տեղափոխվեցին ադրբեջանական տարածքներ: Հարկավոր էր ոչնչացնել այն կրակակետերը, որտեղից թշնամին մահ էր սփռում: Արտակ Ասլանյանի դասակը նետվեց գրոհի: 1994թ. հունվարի 27-ին Արտակը զոհվեց Հորադիզի թեժ մարտերի ժամանակ:

Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2002թ. հունիսի «1106»-ի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (հետմահու):

Ապրում է Արտակի միակ արու զավակը, որին հայրը կոչել է իր զոհված ընկերոջ` Գևորգի անունով:

Գ. Շ.

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ճակատագրեր


20/07/2016