Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՍԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ



Զրույց ՀՀ ժողովրդական արտիստուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ հետ

 

ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԱՍԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ-Տիկին Պապյան, Դուք էլ մեր շատ արվեստագետների նման ապրում և ստեղծագործում եք արտերկրում, սակայն, ի տարբերություն շատերի, թվում է` չեք բացակայում Հայաստանից: Դուք մասնակցում եք գրեթե բոլոր նշանակալի միջոցառումներին, հանդիպում եք լրագրողների հետ, հասարակությունը հնարավորություն ունի ծանոթանալու Ձեր գնահատականներին, կարծիքին հայկական իրականության կարևոր իրադարձությունների վերաբերյալ:

-Ես բարձր եմ գնահատում մարդու քաղաքացիական ակտիվությունը, մանավանդ, եթե դու քիչ թե շատ ճանաչված ես, և քո կարծիքը կարող է հետաքրքրել քեզ վստահող ու հավատացող մարդկանց: Հայաստանում լինեմ, թե արտերկրում` իմ օրն սկսվում է Հայաստանի մասին լուրերի ընթերցանությամբ…

-Ես միշտ մտածել եմ, որ արտերկրում ապրող հայը, որքան էլ հայրենասեր լինի, ինչ-որ չափով հոգեպես կտրվում է հայրենիքից, որովհետև Հայաստանում կատարվող իրադարձությունները այլևս չեն ազդում նրա կյանքի, առօրյայի ու բարեկեցության վրա:

-Մարդը կարող է ապրել հայրենիքում և հետաքրքրված լինել միայն իր ընտանիքի հոգսերով և սեփական բարեկեցությունը ապահովելու ջանքերով: Երբ սկսեցին գործել «Ավստրիական ավիաուղիները», իմ այցելությունները հայրենիք բազմապատկվեցին: Վիեննայի իմ բնակարանից մինչև երևանյան բնակարանս 4 ժամվա ճանապարհ է, ու ես չեմ կարող չօգտվել այս բարեբախտությունից: Կարծում եմ՝ հասկանալի է, որ աշխարհը լի է հիասքանչ վայրերով ու դրախտային վայելքներով, դրանք հասու են նաև իմ ընտանիքին, բայց ես ու աղջիկս գերադասում ենք մեր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, որովհետև Հայաստանը մի մեծ առավելություն ունի` մեր հայրենիքն է: Ավելին` երբ Հայաստանից տագնապալի լուրեր են տարածվում, երբ խնդիրները ահագնանում են, ես ավելի հաճախ եմ հայրենիք գալիս, ցանկանում եմ ավելի մոտ լինել հայ ժողովրդին, շփվել մարդկանց հետ, մեկի մատից մի փուշ հանել, մեկին քաջալերել: Իմ ուժն ավելացնել համընդհանուր դիմակայությանը: Սա բնական մղում է, այնպես չէ՞:

-Որքան էլ հաճախ լինեք Հայաստանում կամ Ձեզ համարեք Հայաստանի մի մասնիկը, Եվրոպայում ապրելը և համաշխարհային մշակույթի ու քաղաքակրթության հետ ամենօրյա կենցաղային շփումը հնարավորություն կտա ավելի սթափ ու օբյեկտիվ գնահատելու մեր ընթացքը, ձեռքբերումները, ձախողումները…

-Իմ տպավորությամբ` երկիրը բաժանված է երկու մասի. մի մասը ապրում է բացարձակ անտարբեր ու անհաղորդ իր շուրջ ծավալվող իրադարձությունների, իր հայրենիքի ճակատագրի, հայ մարդու ցավի հանդեպ: Մյուս մասը գերմարդկային ճիգեր է գործադրում, որ մենք չմնանք կեսճանապարհին, որ մեր նավը հասնի խաղաղ հանգրվանի… Մեր ամենամեծ ձախողումը կենսամակարդակի անօրինակ բևեռացումն է, որը երկփեղկեց հայ հասարակությանը, ձևավորեց երկու հակոտնյա, իրարամերժ շերտեր: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հակառակ մեր բոլոր սխալների ու թերացումների, Հայաստանում բարձրացավ մի հրաշալիորեն հայրենասեր, ուժեղ, հպարտ, արժանապատիվ, ազատախոհ, խելացի ու պայծառ սերունդ` մեր Հույսը: Այդ սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ՝ հայոց պատմությունը հարստացնելով նոր ասքերով ու հերոսապատումներով: Ասես մի սառը, մաքուր շունչ անցավ երկրի վրայով` սթափեցնող, վեհացնող, ոգի ու արժանապատվություն ներարկեց երկրին: Հիմա պիտի կարողանանք ճիշտ շարունակությամբ բորբոքել այդ ոգին, դարձնել գործ, վերաբերմունք, հոգեբանություն…

Բարձրացող սերունդը իր դիմագիծն է կերտում նաև արվեստի, մշակույթի ոլորտում: Ինչ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ուղղակի չեմ կարողանում թաքցնել հրճվանքս, նրանք կարող են համաշխարհային մեծության աստղեր դառնալ, պարզապես պիտի ճիշտ ուղղորդել նրանց ճանապարհը, որպեսզի չարժանանան ավագ սերնդի բախտին:

-Ո՞ւմ նկատի ունեք` ավագ սերունդ ասելով, և ինչո՞ւ նրանց բախտը չի բերել:

-Իմ խորին համոզմամբ` Հրանտ Մաթևոսյանն ու Լևոն Խեչոյանը, եթե չասեմ ավելի մեծ են, ապա ոչ մի բանով չեն զիջում, ասենք, Մարկեսին: Բայց այսօր ամբողջ աշխարհն է ճանաչում Մարկեսին, իսկ մերոնք այդպես էլ մնացին հայկական և խիստ մերձակա շրջանակներում, չդարձան աշխարհի սեփականությունը: Սա սրտի խոր ցավով եմ ասում` մշակութային քաղաքականության և մշակույթի զարգացման հայեցակարգ չունենալու պատճառով մեր` աշխարհը նվաճելու հնարավորություն ունեցող տաղանդները այդպես էլ մնում են չբացահայտված: Մենք իրավունք չունենք ոչնչացնելու բարձրացող սերնդի ահռելի մշակութային ներուժն ու Աստվածատուր տաղանդը: Մենք իրավունք չունենք ոչնչացնելու բարձրացող սերնդի բարոյական հզոր ներուժը, որը կարող է աներևակայելիորեն արդյունավետ ծառայել հայրենիքի շահերին, մեր ազգային զարթոնքին ու հզորությանը: Եթե Դուք ինձ հարցնեք` որն է մեր ամենամեծ առավելությունը եվրոպական ծաղկուն երկրներից, ես կասեմ` մեր երիտասարդության առաքինությունը, հայրենասիրությունը, տաղանդը:

-Ի՞նչ պետք է անել, տիկին Պապյան, ի՞նչն է մեզ պակասում ամենից շատ:

-Սոցիալական արդարությունը: Կողքինին բաժին թողնելու տարրական առաքինությունը: Մենք ավելորդ կոշիկ չենք գնում աղջկաս համար: Թեև ես և ամուսինս կարող ենք մեզ թույլ տալ շքեղություն, ունենք դրա հնարավորությունը: Մենք մանկուց բացատրել ենք մեր աղջկան, որ պետք է ափսեի մեջ լցնել այնքան, որքան ուտելու ես, և չի՛ կարելի թափել ուտելիքը, չի՛ կարելի բաց թողնել ջրի ծորակը… հանուն այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Դուք տեսաք, թե ինչպիսի թրթիռ առաջացրեց մեր երկրում Հռոմի Պապի այցելությունը: Որովհետև նա մոտեցավ հասարակ մարդուն, խոնարհվեց, հպվեց նրա ցավին, սիրեց նրան: Մեզ այդ սերն է պակասում, այդ չբեմադրված, սրտից բխող սերը, որը չզգալ չես կարող:

-Հիշեցի «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որին Դուք ևս մասնակցում էիք, ինչ գեղեցիկ խորհուրդ ուներ այն` ցեղասպանություն վերապրածների կողմից մրցանակ է շնորհվում նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով՝ փրկում են մարդկային կյանքեր:

-Բարեգործություն ասելով` մենք վաղուց հասկանում ենք մարդկանց փող տալը, մինչդեռ իրական բարեգործությունն այն է, երբ դու տալիս ես` քեզ զրկելով, քեզ վտանգելով: «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկայացված մարդիկ իրենց զրկել են տասնյակ բարիքներից, հարմարավետությունից և սեփական կյանքը վտանգելով են կյանք պարգևել մարդկանց: Բարեգործության ու մարդու այս տեսակը պիտի փրկենք ոչնչացումից: Ու հրաշալի է, որ մենք` հայերս, այս Աստվածահաճո ուղերձը ուղարկեցինք աշխարհին` առաջին քրիստոնյա երկրից, ցեղասպանություն տեսած ժողովրդից: Եվ ամեն տարի մենք ամբողջ աշխարհով մեկ փնտրելու ենք այն մարդկանց, ովքեր բարձր են պահում սիրո ու բարության նշաձողը մեր մոլորակի վրա:

-Դուք նվաճել եք աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերը, հրաշալի, լավ ընտանիք ունեք, բարեկեցիկ կյանք… Աստված շռայլ է եղել Ձեր հանդեպ ու լիակատար երջանկություն է շնորհել…

-Այո՛, ես երջանիկ եմ, բայց այն ամենը, որ թվեցիք, քիչ կապ ունի մարդու երջանկության հետ: Երբ ես բացում եմ աչքերս ու տեսնում եմ ծագող արևի լույսը, երբ մտածում եմ, որ դեռ ժամանակ ու հնարավորություն ունեմ ինչ-որ մեկին ուրախություն պարգևելու, զգում եմ երջանկության թրթիռը սրտիս մեջ: Մարդու առավելություններն ի վերուստ տրված են` դրանք չունեցողին բաժին հանելու համար: Սա է երջանկության օրենքը: Պետք է տարբերել բարեգործությունը ինքնագովազդից: Այս տարբերության մեջ է ամբողջանում մարդասիրությունն ու սեփական երջանկությունը: Բարեգործությունը ապրելու ձև է, ամենօրյա վարք, երբ դու յուրաքանչյուր հարաբերության մեջ ուզում ես օգտակար լինել քեզ հետ շփվող մարդկանց: Ու այդ մասին չես պատմում երրորդ մարդուն: Մտքովդ էլ չի անցնում, որովհետև դու ապրելու ուրիշ ձև չգիտես:

-Բայց ուրիշին օգնելու, ինչ-որ բան փոխելու համար պիտի հնարավորություն ունենաս:

-Բռնիր աղբը փողոց նետող ձեռքը, բարձրաձայն ասա ճշմարտությունը: Օրինակ՝ ես թույլ չեմ տալիս, որ որևէ մեկը անցնի կարմիր լույսի տակով: Ձեր ակնարկած հզորությունները երբեմն այնքան թույլ են, փխրուն ու երերուն: Ճշմարտությունը ամենահզոր զենքն է, ճշմարիտ ու ազնիվ եղիր ինքդ քո, ընկերներիդ, ժողովրդիդ, երկրիդ առաջ: Ու դու ամենահզորը կլինես:

-Տիկին Պապյան, մեր կյանքի կարևոր հանգրվաններում բոլորս էլ ետ ենք նայում, որ ասենք` ես աշխարհ եկա ու արեցի իմ կյանքի ամենակարևոր գործը, որը մեր ապրած ժամանակի մեջ մի քիչ լույս ավելացրեց:

-Ես եկա ու երգեցի, իհարկե: Բայց իմ կյանքի ամենակարևոր գործերը նոր եմ անելու և ոչ միայն օպերային արվեստի ասպարեզում:

-Օրինա՞կ…

-Օրինակ՝ երբ մի օր ավարտին հասցնեմ ստեղծագործական ծրագրերս և որոշեմ մեկ այլ գործով ևս զբաղվել, գուցե Հայրենիքում նյութական բարիք ստեղծեմ….

-Տիկին Պապյան, թող իրականանան Ձեր բոլոր երազանքները, քանի որ, վստահ եմ, դրանից հազարավոր մարդիկ կշահեն:

…Հիմա, այս հարցազրույցից հետո, ես պիտի հանդիպեմ մի զինվորի, որ օրերս է զորացրվել, և որը քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ է խոցել: Ինչ-որ բան ունե՞ք ասելու գյումրեցի զինվոր Շուլի Հակոբյանին:

-Հուզվեցի… Տղա՛ս, ես հպարտ եմ, որ քո հայրենակիցն եմ: Ու մենք ազգովի պիտի ամեն օր ապացուցենք, որ արժանի ենք քո կողքին ապրելու իրավունքին: Թերևս ապրելու այս չափանիշը, որ դու իջեցրել ես սահմանից, ավելի կարևոր է, քան թշնամու խոցված երեք տանկը, քանի որ այս պատգամն ու ոգին հազարավոր տանկերի զորություն են տալու մեզ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Հոգևոր-մշակութային


20/07/2016