Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԻՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



ԳՈՐԻՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸԶինծառայության մեկնելուց առաջ Գորիսի զինկոմիսարիատում նորակոչիկները զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից (հանձնաժողովի նախագահ՝ ավագ բժիշկ Նորա Իվանյան) ենթարկվեցին վերջնական բուժզննության:

Այնուհետև նորակոչիկները ծնողների, հարազատների և ճանապարհելու եկած  շատ քաղաքացիների հետ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտում զոհվածների պուրակում կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Առաջին համաշխարհայինում և Արցախյան գոյամարտում զոհված հայ քաջորդիների հուշարձաններին, ապա Անմար կրակի մոտ երդվեցին սրբորեն ծառայել հայրենիքին:

Նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, զինկոմիսարիատի սպաներ, 1-ին  զորամիավորման հրամանատարության ներկայացուցիչներ, երկրապահ-կամավորականներ՝ ԵԿՄ Գորիսի մասնաճյուղի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանի ղեկավարությամբ, բազմաթիվ զինվորականներ,  մարզպետարանի և քաղաքապետարանի  ղեկավար անձինք, հարյուրավոր քաղաքացիներ:

Խաղաղ և բարի ծառայության մաղթանքներ ու պատգամներ հղեցին Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Գորիսի  զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, երկրապահ վետերան Սամվել Լալազարյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի մաղթանքի խոսքը հնչեցրեց  աշխատակազմի ղեկավար Գոռ Տիգրանյանը: Զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Ճարահյանը օրվա առիթով նույնպես սրտի խոսք ասաց:

Նորակոչիկներին իրենց ուրախ երգերով բարի ճանապարհ մաղթելու էին եկել թիվ 1 նախակրթարանի սաները՝ տնօրեն Սաիդա Ադունցի ղեկավարությամբ:

Ծնողներին, հարազատներին հրաժեշտ տալով` նորակոչիկները բարձր տրամադրությամբ մեկնեցին կենտրոնական հավաքակայան:

 

Սուսաննա  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #25 (1145) 06.07.2016 - 12.07.2016, Ազգային բանակ


07/07/2016