Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿ ԹԽԵԼԸ ԱՎԵԼԻ ՀԻՇՏ Ա…



ՏԱՆԿ ԹԽԵԼԸ ԱՎԵԼԻ ՀԻՇՏ Ա...-Ներողություն, ինտերվյուն կսպասի, հիմա կարեւոր գործ ունենք…

Անմիջապես հիշում եմ հայտնի կինոնկարի հայտնի դրվագը. ուրեմն ես առավոտ շուտ գա՜մ, հասնեմ զորամա՜ս, որ  զրուցեմ քառօրյա պատերազմի մասնակից, հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար, լեյտենանտ Արսեն Գաբրիելյանի հետ, սեղանին դնեմ նոթատետրս, ձայնագրիչս ու… ինձ ասեն՝ …нет:  Քիչ է մնում՝ իսկապես վիրավորվեմ, բայց երբ իմանում եմ՝ ինչու է հրամանատարի տեղակալն այդպես ասում, ինքս էլ շահագրգիռ ուշադրությամբ հետեւում եմ աչքիս առաջ ծավալվող անցուդարձին: Արսենը մեկ ժամից պետք է ճանապարհվի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ «Արիության համար» մեդալ ստանալու: Փոխգնդապետը հրահանգավորում է դասակի հրամանատարին, բացատրում, թե ինչպես պետք է մոտենա նախագահին, ինչպես զեկուցի, համազգեստի որ հատվածում է ամրացվելու պարգևը: Հրամանատարի տեղակալը ժամանակավոր «ստանձնում» է նախագահի դերը, Արսենն էլ փորձում է չսխալվել: Բայց կամ արագ է քայլում, կամ զեկուցելիս ձայնն է ցածրացնում:

-Տանկ թխելը ավելի հիշտ ա,- վրա է բերում երիտասարդ լեյտենանտը, երբ ամեն ինչ վերջապես փոխգնդապետի սրտով է լինում:

Դե, իհարկե, կարող է այդպես ասել. չէ՞ որ քառօրյա պատերազմի ժամանակ «Ֆագոտ» հակատանկային համալիրով հակառակորդի երեք տանկ է խոցել:

-Ֆագոտչիկներս սնայպերի նմանընք, է, գործ ըրալ,- կարծես թե զրույցն սկսվում է: Դասակի հրամանատարը հիմա էլ երկու նախապայման է առաջ քաշում՝ անջատել ձայնագրիչն ու՝ «ես մեր բարբառավնում խուսելու»: Համաձայնում եմ, ճարս ինչ: Արսենը իր հարազատ Ասկերանի բարբառով պատմում է, որ ինքը զինվոր էր հակատանկային դասակում, երբ առաջին անգամ ֆագոտ տեսավ, որ հափշտակությամբ ուսումնասիրում էր ամեն մի դետալը… Պատմում է երկու տարվա պայմանագրային ծառայության մասին քիմիական վաշտում, նաեւ՝ Արցախի պետական համալսարանի ՆԶՊ եւ  ֆիզդաստիարակության ֆակուլտետում ուսումնառությունից: Հենց այդտեղ էլ իմանում է, որ բարձրագույն ավարտածները կարող են վերապատրաստվել եւ սպա դառնալ.

ՏԱՆԿ ԹԽԵԼԸ ԱՎԵԼԻ ՀԻՇՏ Ա...-Քեցինք սվրեցինք, եկանք ժիրիբյովկին մասնակցեցինք ու ընկանք էս զորամաս: Ութ ամիս առաջ էր:

-Փոշմանել ես, չէ՞,- փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը խաղում է երիտասարդ սպայի հոգու հետ:

-Հո՞ւվ, ե՞ս,- զարմանում է Արսենը ու նայում անկյունում դրված ԼՂՀ դրոշին, որ գրեթե փոքրիկ սենյակի բոյին է:- Ըստի դրոշ ունեցողը կփուշմանե՞… Էդ իրեք տանկը իր խաթրի համարում թխալ…

Այսպես, ուրեմն, «գնում ենք» խոցված երեք տանկերի հետքերով: Գիշեր էր: Ժամը 3-ը: Չիմացան էլ, թե մեքենան իրենց առաջնագծի որ հատվածում թողեց: Ասում է՝ քնաթաթախ մարդը ոնց կկողմնորոշվի մութ սենյակում, այդպես էլ իրենք: Հրաման կար՝ մինչեւ առավոտյան ժամը վեցը պատրաստ լինել խնդիր կատարելու:

-Խրամատավորվում ենք, սպասում: Վեցին տանկը քեթը հանում ա: Թող ներեն տանկիստները, տանկ սիրում չըմ լի՝ ուժեղ ա, բայց բութ տեսք ունի…

-Հլը ու մի սիրեիր, վերջ ի վերջո հակա-տան-կիստ ես,-առաջին վանկը երկարացնելով ասում է փոխգնդապետը:

-Հա, էլի, դուզըք ասում,- ժպտում է Արսենն ու շարունակում:- Էրկու արկ կար ձեռքիս. երկրորդով թխեցի: Մի 15 րոպե անց սա տարան: Տեղս փոխեցի: Էն մին օրը երկրորդն եմ խփում՝ տանկը ճրճտալով վառվում ա: Դա էլ  տենց գնաց…

Արսենը այնքան պարզ, համով է խոսում, որ ուզում ես անվերջ լսել:

-Երրորդն էլ ապրիլի 5-ին խփեցի: Խփեցի ու դրանով զինվորիս՝ Մանուկյան Արսենի ծնունդը պազդրավիտ արի: Անտերը կես ժամ վառվեց… Զարմացա. էկիպաժը սաղ էր մնացել: Դուրս եկան ու փախան: Կարո՞ղ ա՝ Տ-90 էր…

-Դու դեռ գլո՞ւխ ես գովում,- ասում է սենյակ վերադարձած փոխգնդապետը:

-Ոչ մի կերպ, պարոն փոխգնդապետ: Մարդ հաց թխելի հետե կլոխ ա գովում, որ ես տանկ թխելի հետե գովամ: Մեր գործն ա լի:

Երեք տանկի պատմությունը պատմված է: Եվ Արսենը բացահայտում է  հակատանկիստների հաջողության գաղտնիքը: Չէ, ոչ մի արտառոց մեթոդ: Տարածությունն էր մոտ, երբեմն գործել են 500 մետր, իսկ երբեմն էլ՝ 300 մետր հեռավորության վրա:

Մեքենան եկավ: Արսենը նստեց ու հարազատավարի ձեռքով արեց: Ես էլ ձեռքով հրաժեշտ տվեցի ու մտածեցի.

-Իսկ իմ «ինտերվյուն» իսկապես կարող էր և սպասել. շտապիր, հանկարծ չուշանաս…

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` Սիփան Գյուլումյանի

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/06/2016