Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՓՍՈՍԱՆՔ



Թուրքական քյանդրբազություն

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՓՍՈՍԱՆՔ.Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 26-ին ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձը, որում վերջինս ափսոսանք է հայտնում 2015թ. նոյեմբերին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար: Թուրքիայի նախագահը, մասնավորապես, նշել է, որ իր երկիրը՝ Թուրքիան, շարունակում է դիտարկել Ռուսաստանը որպես իր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր, «որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատթարացնել հարաբերությունները»: «Մենք երբեք ցանկություն չենք ունեցել խոցելու կամ կանխամտածված չենք խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը», -ասված է նամակում:

Ռ. Էրդողանը նաեւ նշել է, որ ռուս օդաչուի մարմինը փրկվել է սիրիացի ընդդիմադիրներից եւ հուղարկավորվել ըստ հարկի:

«Կիկին անգամ ցանկանում եմ ցավակցություն հայտնել զոհված ռուսաստանցի օդաչուի ընտանիքին: Ամբողջ սրտովս կիսում եմ նրանց վիշտը: Մենք ռուսաստանցի օդաչուի ընտանիքն ընդունում ենք որպես մերը՝ թուրքական ընտանիք: Ցավի ամոքման համար պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ օդաչուին սպանած անձի հայտնաբերման եւ պատժելու ուղղությամբ համապատասխան քայլեր են իրականացվում:

Էրդողանը նամակում «խոր ափսոսանք է» հայտնում տեղի ունեցած միջադեպի համար եւ պատրաստակամություն հայտնում վերականգնելու երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները:

Հատկանշական է, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում նշված է, որ Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրել ինքնաթիռի խոցման համար, մինչդեռ նույն օրը թուրքական պաշտոնական ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկատվությունը՝  հայտարարելով, որ Էրդողանը «միայն  ափսոսանք է հայտնել» երկկողմ հարաբերությունների աննախադեպ վատթարացման համար: Ինչեւէ, Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից Թուրքիան միլիոնավոր դոլարի վնաս է կրում, մանավանդ պատժամիջոցներին գումարվում են նաեւ պատերազմը քրդաբնակ վայրերում եւ հարաբերությունների սառեցումը Եվրամիության հետ: Թուրքիան այդպես էլ չստացավ փախստականների համար ԵՄ-ից սպասվելիք գումարները,  ահաբեկչությունները կրճատել են ֆինանսական հոսքերը Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Վտանգված թուրքական տնտեսությունը Էրդողանից պահանջում է վերանայել իր մոտեցումները եւ հարթել նահանջի ճանապարհը: Արդեն իսկ թուրք պաշտոնյաները փորձում են վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները:

Պարզապես տարածաշրջանային առաջնորդի տիտղոսին հավակնող թուրք նախագահը դժվար կարողանար հաղթահարել գոռոզությունը, եւ ըստ այդմ՝ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված նամակը, բնական է, որ երկիմաստ կլինի:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Տարածաշրջան


30/06/2016