Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԸ



ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԸ«Հայ զինվոր» թերթի 2016թ.-ի առաջին համարում լույս տեսավ «Թյուրիմացությո՞ւն, թե՞ աղաղակող անտարբերություն» հոդվածը: Մինչեւ այդ մեր խմբագրություն այցելած 46-րդ մոտոհրաձգային լեգենդար դիվիզիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի թոռը՝ Սերգեյ Ռեմի Կարապետյանը, մեզ էր ներկայացրել խնդիրը: Գեներալի հարազատները պարզել էին, որ Գորիս քաղաքում գեներալ Սերգեյ Կարապետյանի  անունով անվանակոչված փողոցը 1994 թվականին վերանվանվել էր Կոմիտասի անունով: Հարազատներն այս մասին իմացել էին պատահաբար, երբ քաղաքապետարան էին դիմել Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ գեներալի անունով կոչված փողոցի խունացած եւ մաշված ցուցանակները փոխելու նախաձեռնությամբ: Պարզվել էր, որ արդեն 20 տարի է, ինչ այդ փողոցը կրում է Կոմիտասի անունը: Քաղաքապետարանից հիմնավորում պահանջող հարազատներն ստացել էին հետեւյալ պատասխանը՝ «Վերանվանման հիմնավորման փաստաթղթերն այրվել են հրդեհի ժամանակ»: Լեգենդար գեներալի ընտանիքի վրդովմունքին միացել էին «ՀՀ Վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ս. Եսայանի գլխավորությամբ, այնուհետեւ՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ վետերանների միությունները,  եւ «Մ.Տ. Կալաշնիկովի անվան ռազմա-մարզական միություն» համառուսաստանյան հասարակական հայրենասիրական կազմակերպության Վորոնեժի մասնաճյուղի ղեկավարությունը:

Ի դեպ, վորոնեժցիները հատուկ գորովանքով եւ ակնածանքով են վերաբերվում գեներալ Սերգեյ Կարապետյանի հիշատակին, որը Հայրենական մեծ պատերազմի օրերին հսկայական դերակատարում է ունեցել հատկապես այս տեղանքի ազատագրման մարտերում: Յուրաքանչյուր տարի Վորոնեժում մայիսի 8-ին մեծ ժողովրդական տոնախմբություն է անցկացվում ի հիշատակ քաղաքի հերոս պաշտպանների: Իսկ Դոն գետի վրա խարույկներ են վառվում՝ իբրեւ նրանց հիշատակը հավերժացնող կանթեղներ:

Մենք, մեր հերթին, հարկ համարեցինք «Հայ զինվորի» էջերում անդրադառնալ 46-րդ մոտոհրաձգային դիվիզիայի եւ նրա հերոս հրամանատարի՝ գեներալ-մայոր Կարապետյանի անցած մարտական փառավոր ուղուն: Հոդվածում հիշատակել էինք նաեւ, որ Սյունիքի մարզպետարանից գրությունով Կարապետյանների ընտանիքին խոստացել էին զբաղվել վերոհիշյալ խնդրով: Մենք էլ մեր թերթի կողմից գեներալի հարազատներին խոստացանք, որ հետեւողական ենք լինելու եւ հետամուտ գործի ընթացքին:

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԸԵվ ահա օրերս՝ մեր հարցմանն ի պատասխան, գրություն ստացանք Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցից, որում մասնավորապես ասված է. «Քանի որ նշված փողոցը այժմ կրում է հայ երգահան, վարդապետ Կոմիտասի անունը, ՀՀ Սյունիքի մարզպետ՝ Ս. Խաչատրյանի մասնակցությամբ իրականացված քննարկումների արդյունքում Գորիս համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սերգեյ Կարապետյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» թիվ 100-Ա որոշմամբ նախապատվությունը տրվել է նոր փողոց անվանակոչելուն: Որոշվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Նոր Վանքի Տափ թաղամասում՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարեւանությամբ, Վարարակն գետի ձախափնյա հատվածում, Ավանգարդ փողոցից մինչեւ Արցախյան խճուղի ձգվող փողոցն անվանակոչել ռազմական գործիչ, գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի անվամբ»:

Գրության մեջ նշվում է նաեւ, որ սույն թվականի մայիսի 9-ին արդեն Սերգեյ Կարապետյանի անունը կրող փողոցում տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացումը: Այնուհետեւ, ըստ Վաչագան Ադունցի, նույն փողոցում՝ համայնքային ենթակայության շենքում, ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող թանգարան: Ներկայումս այստեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, ընթացքի մեջ են  նաեւ փողոցի սկզբնամասի ասֆալտապատման աշխատանքները:

Այս տեղեկությունները հայտնեցինք գեներալի ժառանգներին: Սերգեյ Կարապետյանը իր ու Կարապետյանների ամբողջ ընտանիքի անունից ցանկություն հայտնեց մեր թերթի միջոցով շնորհակալության խոսք հղելու բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի հայ գեներալի անվան հետ կապված այս ցավալի թյուրիմացության շտկմանը.

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԸ«Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել իմ ժողովրդի արժանավոր այն զավակներին, ովքեր հարգում են մեր նախնիների հիշատակն ու մեր ժողովրդի պատմությունը եւ սատար կանգնեցին իմ պապի  պատվի եւ արժանապատվության պաշտպանության գործին: Արդյունքում՝ Գորիս քաղաքում մի նոր փողոց կոչվեց գեներալի անունով: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «ՀՀ Վետերանների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, գնդապետ Եսայանին, որն իր նամակով վրդովմունք էր հայտնել վետերանների անունից եւ դիմել ՀՀ կառավարությանը: Շնորհակալություն եմ հայտնում Ռոստովի մարզի բնակիչներին եւ վետերաններին, որոնք նույնպես անմասն չմնացին այս գործում, ինչպես նաեւ Ռուսաստանի վետերանների եւ ԱՊՀ վետերանների միություններին, նաեւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին, որ պատրաստակամորեն շտկեց նախկին ղեկավարության սխալը: Շնորհակալ եմ «Հայ զինվոր» թերթի խմբագրությանը եւ լրագրող Ք. Թադեւոսյանին՝ մեր պապի հիշատակը վերականգնելու գործում ակտիվ մասնակցության համար»:

Պատրաստեց Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

մայոր

Խորագիր՝ #24 (1144) 29.06.2016 - 5.07.2016, Բանակ և հասարակություն, Պատմության էջերից


30/06/2016