Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ



ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ1970 թվականին Մեքսիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումները Սալվադորի և Հոնդուրասի հավաքականների միջև դրամատիկ ավարտ ունեցան. երկու երկրների միջև սկսվեցին ռազմական գործողություններ: Պատերազմը պատմության մեջ մտել է «ֆուտբոլային» անվամբ: Իհարկե, ֆուտբոլն ընդամենը առիթ էր: Սալվադորը, լինելով Կենտրոնական Ամերիկայի ամենախիտ բնակեցված երկիրը, տարածքի սուր կարիք ուներ: 1960-ականների վերջին ավելի քան 300 հազար սալվադորցի հաստատվել էր հարևան Հոնդուրասում: Եվ բնականաբար, օտարերկրացիների զանգվածային ներհոսքը Հոնդուրասի բնակիչներին դուր չի եկել:

Ուստի, երբ երրորդ հանդիպման ժամանակ Սալվադորը լրացուցիչ ժամանակում հաղթում է 3:2 հաշվով,  խաղից անմիջապես հետո Մեքսիկայի մայրաքաղաքում երկու հավաքականների երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվում: Կրակին յուղ է ավելացնում Հոնդուրասի ռադիոն՝ հայտարարելով, որ մրցակիցներն անարգել են Հոնդուրասի պետական դրոշը: Սկսվում է սալվադորցիների զանգվածային ծեծ ու ջարդ: Ի պատասխան՝ Սալվադորի կառավարությունը հայտարարում է հարևան երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին և երկրում զորահավաք է հայտարարում:

Հուլիսի 14-ին ռազմական գործողություններ են սկսվում, որոնք տևում են մեկ շաբաթ: Հակամարտության կարճատևության պատճառով մամուլն այն անվանում է «100-ժամյա պատերազմ»: Պատերազմին զոհ է գնում 700 սալվադորցի և 1200 հոնդուրասցի: Տասնյակ հազարավոր սալվադորցիներ ստիպված լքում են Հոնդուրասը և վերադառնում հայրենիք: Երկրների միջև դադարում են առևտրային հարաբերությունները, իսկ սահմանը փակվում է: Այսպիսի բարձր գնով Սալվադորի հավաքականն իրավունք է վաստակում մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն սալվադորցիներն առաջնությունում այլևս հաջողություն չեն ունենում:

Սալվադորի և Հոնդուրասի միջև խաղաղության պայմանագիր է ստորագրվում պատերազմի ավարտից միայն 10 տարի անց:

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Մարզաշխարհ


22/06/2016