Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ



Երեկ՝ հայրը, այսօր` որդին

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸԱնդրանիկ Վահանյանը ծնվել է Ղազախստանի Ռուդնի քաղաքում: 14-15 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Հայաստան: Ուսմանը զուգահեռ Անդրանիկը հաճախեց մարզադպրոց, զբաղվեց ձյուդոյով: Եթե Արցախյան շարժումը չլիներ, կշարունակեր մարզական կարիերան. «Վտանգված էր էս աշխարհում մեզ բաժին մնացած մի բուռ հայրենիքը»: Անդրանիկը կամավորագրվում է իրենց գյուղում` Հայկաշենում, ձևավորված ջոկատներից մեկին, մասնակցում է Շահումյանում, Հադրութում, Քարվաճառում ընթացող մարտերին: Հրադադարից հետո աշխատանքի է անցնում ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժանմունքում, այնուհետ ծառայում է տարբեր զորամասերում` կատարելագործվելով Մոսկվայի սպայական դասընթացներում, ապա նաև` Հունաստանի ռազմական ակադեմիայում:

2011թ. զբաղեցնում է Արթիկի զինկոմիսարի պաշտոնը: Զինվորականի մի կյանք` լի տքնանքով, հաջողություններով, ձեռքբերումներով ու նաև դժվարություններով:

Ծառայության 20 տարիներից հետո մայորն այսօր արդեն անցել է վաստակած հանգստի:

Անդրանիկը երկու զավակ ունի՝ տղա, աղջիկ: Ասում են` երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր որդիներ են մեծացնում: Անդրանիկը իրավամբ հպարտանալու տեղ ունի` զավակները պարզ, շիտակ ու ազնիվ մարդիկ են: Որդին` Դանիելը, զինվոր է: Ծառայությանը պատրաստ է բանակի շարքերն անցել. զինվորական հայրը հաճախ է նրան իր հետ զորամաս տարել ու սովորեցրել  ռազմական գործի «այբուբենը»:

Դանիել Վահանյանը զորամասի օրինակելի և կարգապահ զինվորներից է: Բարեխիղճ ծառայության համար խրախուսվել է շնորհակալագրով և պավոգրով:

-Անկեղծ լինեմ, մտքիս ծայրով իսկ չի անցել, թե տղաս չպետք է ծառայի, նման խոսակցություն երբեք չի եղել: Դանիելին բանակ ճանապարհելիս մի պատգամ-պատվիրան եմ տվել` դու զինվորական ընտանիքում ես մեծացել, այնպես ծառայիր, որ ճակատս պարզ լինի,- ասում է զինվորի հայրը:- Մի քանի անգամ այցելել եմ որդուս զորամաս: Չեմ կարող գոհունակությունս չհայտնել` միասնականություն և համախմբվածություն եմ միայն նկատել, սպա-զինվոր ամուր և առողջ հարաբերություններ, փոխվստահություն, հարգանքի մթնոլորտ: Իսկ նման միջավայրում բնականաբար զինվորն ավելի նվիրումով կծառայի, է՛լ ավելի  կկարևորի իր դերը, իր պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության գործում:

♦♦♦

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸԴանիելը ծառայում է սահմանային այն հատվածում, որտեղ վերջին շրջանում բավականին լարված ու բարդ իրավիճակ էր: Հայտնի դեպքերի նախօրեին՝ ապրիլի 1-ին, Դանիելի ծնողները զանգահարում են իրենց որդուն, շնորհավորում ծննդյան օրը, առողջություն և ամենակարևորը՝ անփորձանք ծառայություն մաղթում:

-Երեկոյան արդեն գամվել էինք հեռուստացույցին, համակարգչով անհանգիստ ու տագնապած հետևում էինք հայաստանյան լուրերին: Ուզում էի արդեն Ռուսաստանից վերադառնալ (այստեղ աշխատում եմ): Նույնիսկ հեռակա պայմանավորվել էի ընկերներիս հետ` գալ և կանգնել հայրենիքի սահմաններին` մեր զինվորների կողքին: Վերջապես կարողացա կապ հաստատել որդուս հետ: Առաջին խոսքն էր` «Պապ ջան, հանգիստ եղիր, թուրքերին հետ ենք շպրտել: Ամեն ինչ կարգին է, մի մտածիր, սիրտդ թող չկոտրվի…»: Հետո միայն մտածեցի, որ, ախր, ես պետք է տղայիս ոգևորելու, քաջալերելու խոսքեր ասեի, մինչդեռ ճիշտ հակառակը ստացվեց` ինքն է ինձ  սիրտ տալիս: Հեռախոսազանգից հետո, անկեղծ ասած, մի քիչ խաղաղվեցի: Մտքերիս հետ էի` ժամանակն ի՜նչ արագ է թռչում, էս երբ էսքան մեծացան մեր երեխեքը: Բանակ ճանապարհելիս Դանիելս լրիվ ուրիշ էր, հիմա` բոլորովին ուրիշ մարդ է դարձել. մտածելակերպն է փոխվել, մի տեսակ հասունացել է ու հիմա` տղամարդու պես պինդ խոսքեր է ասում, հորը գոտեպնդում…

♦♦♦

Հունիսի 30-ին Անդրանիկ Վահանյանի զինվոր որդու ծառայության 2 տարին կլրանա, ու Դանիելը հայրենիքի հանդեպ պարտքը կատարած տուն կվերադառնա: Բարի վերադարձ, զինվո՛ր:

 

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Բանակ և հասարակություն


15/06/2016