Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ



«ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՄԵՐ ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Նարեկացի» արվեստի միությունում հունիսի 13-ին բացվեց ճանաչված օպերատոր-լուսանկարիչներ, Արցախյան պատերազմի վավերագրողներ Լևոն Աթոյանցի և Հակոբ Պողոսյանի լուսանկարների ցուցահանդեսը:

Ներկայացվեց Լևոն Աթոյանցի անցած ուղին, ցուցադրվեց նրա նկարահանած «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմից մի հատված:  Լևոն Աթոյանցի կենսագրությունը սերտորեն առնչվում է հայ կինոյի պատմության հետ: Ծնվել է 1930 թվականին Թիֆլիսում։ 1951-1954 թթ. սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում,1955 թվականից աշխատել է Հայֆիլմում, հայկական հեռուստաընկերություններում։ Նկարահանել է «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «011 աքսորականը», «Խոշոր շահում», «Վառված լապտեր», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Աղետ», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլ ֆիլմեր։ 1994 թվականին մեկնելով ճակատ՝ արվեստագետի ճաշակավոր աչքը ֆոտոխցիկի միջոցով ստեղծել է Արցախյան պատերազմի արժեքավոր, վավերական պատմությունը:

Այս ցուցահանդեսի իր աշխատանքների համար  արվեստագետն ընտրել էր «Արցախյան պատերազմն ու մեր հերոս զինվորները» խորագիրը։

Լուսանկարիչ-ազատամարտիկ Հակոբ Պողոսյանը ծնվել է 1967 թվականին Երևանում, ավարտել է հեռուստատեսության կից դպրոցը։ 1981 թվականից սկսել է ստեղծագործել տարբեր թեմաներով։ 1991 թվականին մասնակցել է սահմանային կռիվներին։ Նրա լուսանկարային աշխատանքները ներկայացվել էին  «Ապրիլյան պատերազմն ու մեր զինվորները» խորագրով, որոնք պատմում էին  ամիսներ առաջ թշնամուն հաղթած մեր քաջ ու խիզախ զինվորների մասին։

Արվետագետներ Լևոն Աթոյանցի ու Հակոբ Պողոսյանի լուսանկարները խոր տպավորություն են թողնում հատկապես երիտասարդ սերնդի ներկացուցիչների վրա՝ նորովի սիրել տալով հայրենիքը, հայրենի հողը եւ տոգորելով հայրենասիրական ջերմ զգացմունքներով:

 

Գարիկ Ավետիսյան

Լուս.՝  Սիրարփի Կարապետյանի

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Բանակ և հասարակություն


15/06/2016