Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՖՐԻԴԱ ԿԱԼՈ. ՍԻՐՈ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՆԿԱՐԻՉԸ
ՖՐԻԴԱ ԿԱԼՈ. ՍԻՐՈ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՆԿԱՐԻՉԸ

ՖՐԻԴԱ ԿԱԼՈ. ՍԻՐՈ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՆԿԱՐԻՉԸ«Նրա նկարները նրա կենսագրությունն են»,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Եվ իսկապես, մեքսիկացի նկարչուհու աշխատանքները լի են այն ցավով ու միայնությամբ, որոնք եղել են Կալոյի մշտական ուղեկիցները: Նրա նկարներում կա նաև հուսահատ սեր մի տղամարդու նկատմամբ, որի համար Ֆրիդան այդպես էլ երբեք միակը չդարձավ:

Ֆրիդայի անհատականությունը չափազանց հակասական է, ինչպես նրա ծնողների միությունը` աթեիստ Գիլերմոյի, որի երակներում հոսում էր հունգարական, հրեական  ու գերմանական արյուն, և կաթոլիկ Մաթիլդայի, որն իր վառ գեղեցկությունը ժառանգել էր իսպանացի ու հնդկացի նախնիներից:

Ֆրիդա Կալոն ծնվել է 1907թ. հուլիսի 6-ին, Մեխիկոյին հարակից Կոյոականե շրջանում: Աղջիկը չափազանց չարաճճի էր ու շարժուն: Թեպետ մեկ տարեկանում պոլիոմելիտ հիվանդության պատճառով  նրա աջ ոտքը համարյա անշարժացել էր, միևնույն է, Ֆրիդան շարունակում էր պահպանել իր հախուռն խառնվածքը: Հայրը որոշում է ամենանշանավոր դպրոցում կրթել դստերը: Ֆրիդան բարձրաշխարհիկ ընկերների շրջապատում կրկին վերադառնում է իր նախկին չարաճճիություններին` ծաղրում է ուսուցիչներին: Նրա կատակների գլխավոր զոհը նշանավոր նկարիչ Դիեգո Ռիվերան էր: Ֆրիդան հաճախ էր խաղում նկարչի հոգու հետ` առաջացնելով նրա կնոջ` Լյուպեի խանդը: «Ի՞նչ ես գտել այդ գեր, դուրս պրծած աչքերով ծերուկի մեջ»,- զարմանում էին ընկերները: Ֆրիդան ծիծաղում էր և ասում, որ մի օր ամուսնանալու է այդ «ծերուկի» հետ: Նա պատկերացնել անգամ չէր կարող, որ այդ կատակն իրականություն կդառնա…

Բայց մինչ այդ լինելու էր մի դժբախտ պատահար, որը փոխելու էր Ֆրիդայի կյանքը. Մեխիկոյից Կոյոական վերադառնալիս վթարի է ենթարկվում: Բժիշկները Ֆրիդայի հարազատներին ոչ մի հույս չէին տալիս, բայց վիրահատությունից հետո նա ուշքի է գալիս և երկար ժամանակ գամված մնում անկողնուն: Նա պառկած վիճակում էլ շարունակում էր նկարել և այդ շրջանում ստեղծում է իր լավագույն նկարները, որոնք հետագայում մեծ ճանաչում են բերում նրան: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու Դիեգո Ռիվերային՝ «ծերուկին», որին ծաղրում էր դեռ դպրոցում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել:

Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը,  որը շուտով հանգեցնում է ամուսնության: Դիեգոն հայտնի դոն յուան էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը:

ՖՐԻԴԱ ԿԱԼՈ. ՍԻՐՈ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՆԿԱՐԻՉԸՖրիդա Կալոն իրեն ամբողջովին նվիրում է ամուսնուն: Երիտասարդ կնոջ երջանկությունը մթագնում էր երեխա ունենալու անկարողությունը միայն: Հույսը կտրելով մայրանալու գիտակցումից` Կալոն իրեն ամբողջովին նվիրում է գեղանկարչությանը` կտավին հանձնելով իր տառապանքները: Թեև Դիեգոն ուշադիր ամուսին չէր, բայց խրախուսում էր կնոջ ստեղծագործական մտքերը: Նրա նկարները կարծես  արնահոսում էին` պատկերելով իր  չծնված երեխային` նկարչուհու մարմնական վերքերն ու հոգու տառապանքը: «Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն…»: Ֆրիդա Կալոն հաշտվել էր ամուսնու դավաճանությունների հետ, նույնիսկ ինքն էր սկսել սիրավեպեր ունենալ այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն և Կարմիր բանակի հիմնադիր, ռուս հայտնի հեղափոխական Լև Տրոցկին: Փախչելով  խորհրդային իշխանությունների հետապնդումներից` վերջինս քաղաքական ապաստան է ստանում Մեխիկոյում: Նա ապրում էր Դիեգո Ռիվերայի տանը, որտեղ էլ սիրավեպ է ունենում Ֆրիդա Կալոյի հետ:

Ֆրիդան վախճանվել է 1954 թվականին: Լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել` հոգնելով ցավից ու մենությունից: «Հուսով եմ` իմ հեռանալը ուրախալի է,- գրում է նա իր օրագրում,- և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա»:

Ֆրիդա Կալոն հայտնի է դարձել իր մահվանից հետո: Նրա կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին:

2002թ.-ին «Ֆրիդա» ֆիլմն արժանացավ երկու Օսկարի: Կինոնկարում նկարչուհուն մարմնավորել է հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկը:

 

Պատրաստեց Հ. ՄԱԴՈՅԱՆԸ