Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ



ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՇարքային Հովհաննես Լեւոնի Սարդարյանը ծնվել է Սեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Արմատներով Մարտակերտի Սեյսուլան գյուղից է: 1997թ. տեղափոխվել եւ ապրում է Ստեփանակերտում: Ամուսնացած է, ունի Լեւոն անունով առաջնեկ: Ստեղծագործում է ինչպես երաժշտության, այնպես էլ գրականության բնագավառներում:

Նա ասում է, որ իր խոհերը, մտորումները, երաժշտական պատկերները ծնվում են Մռավի իր մարտական հենակետում:

-Եղել եմ Մարտակերտի Նոր Սեյսուլանում: Հին Սեյսուլանը, որտեղ ապրել են տատս, պապս, այժմ գտնվում է չեզոք գոտում: Բայց, հավատացած եմ, որ մի օր լինելու եմ այնտեղ, որովհետեւ այնտեղ են իմ սուրբ մասունքները,- ասում է Հովհաննեսը:

Թերթենք հայոց բանակի զինվոր Հովհաննես Սարդարյանի օրագիրը.

«Գաղտնիք չէ, որ խաղաղություն եւ կապույտ երկինք ունենալու համար մեր պատմության գրեթե բոլոր ժամանակաշրջաններում մեզանից բավականին թանկ գին է պահանջվել: Ինչ է սա՝ ճակատագի՞ր… Կարեւորն այն է, որ գիտենք մեր գործն ու անելիքը՝ ճակատագրի գերին չդառնալու համար:  Մեզ` հայերիս, անցյալը ստիպել եւ սովորեցրել է պայքարել ու  փոխել «ճակատագիր» կոչվածը:  Ավելին՝ սովորելու ենք ինքներս կերտել մեր ճակատագիրը:

Մենք այսօր ազատ ենք ու անկախ: Եվ մենք ենք նվաճել մեր խաղաղ կյանքը: Փառք ամենազորին, որ հայ մայրերն ու զավակները, ծերերն ու երիտասարդները վայելում են սեփական հողն ու ջուրը, արեւածագն ու մայրամուտը… Այստեղ հարազատ են անգամ քամին ու անձրեւները…

Մենք` զինվորներս, գիտակցում ենք, թե որքան ակնթարթորեն կարող է այս խաղաղ կյանքը փոխվել մահվան ու գերության: Մեր ամենօրյա պայքարը, բոլոր ջանքերը, հաճախ նաեւ կորուստները նպատակաուղղված են մի բանի՝ թշնամուն խաղաղություն ու անդորր պարտադրելուն: Չափազանց պատասխանատու է այն միտքը, որ մարդիկ թիկունքում քեզ են վստահում ու քո հույսով են կառուցում իրենց կյանքը: Մանուկներն անհոգ իրենց մանկությունն են վայելում, երիտասարդները` իրենց կյանքերը կապում` երկիրը շենացնում…

Անկանխատեսելի է թշնամին… Մեր նորօրյա հերոսներն այլեւս չեն տեսնելու հաջորդ խաղաղ լուսաբացը, պայծառ արեւն ու կապույտ երկնքում բարձր  սավառնող հպարտ արծվին: Որքան չասված խոսքեր, որքան չգրված երգեր, որքան չապրած երիտասարդություններ ու չվայելած քաղցր օրեր… Բայց նրանց փոխարեն եւ նրանց աչքերով աշխարհին կնայեն անհոգ վազվզող մանուկները,  ընկերուհու աչքերին կնայեն պատանիները…

Այո՛, մենք թանկ գին ենք վճարել խաղաղության համար:

 

Պատրաստեց ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (1141) 08.06.2016 - 14.06.2016, Ազգային բանակ


08/06/2016