Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԸ ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԹԵՀՐԱՆ
ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԸ ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԹԵՀՐԱՆ

ԻՐԱՔԻ ՔՐԴԵՐԸ ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԹԵՀՐԱՆՄայիսի 19-ին Իրաքի Քուրդիստանի իշխանությունները Իրանի հետ նավթի արտահանման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, որով ամրագրվում են դեռ ապրիլի սկզբներին նավթի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Տնտեսական նման համագործակցությունը փաստացի խորհրդանշում է Իրաքի Քուրդիստանի քաղաքական ուղեծրի փոփոխությունը եւ ազդարարում տարածաշրջանային նոր գործընթացների մասին:

Վերջին  երկու տարիների ընթացքում Իրաքի քրդերը՝ ստանալով երկրում բացառիկ ինքնավարություն, ի տարբերություն Սիրիայի եւ Թուրքիայի իրենց եղբայրների, վարում էին Անկարայի հետ մերձեցման քաղաքականություն: Թուրքական վերնախավը բազմիցս խոստացել է, որ կճանաչի Իրաքյան Քուրդիստանի անկախությունը՝ դրա դիմաց ակնկալելով հյուսիսիրաքյան նավթն ու տարանցիկ երկրի կարգավիճակը: Հատկանշական է, որ քրդաբնակ շրջաններում է գտնվում Իրաքի նավթի ամբողջ պաշարների 90 տոկոսը:

Միակողմանի անկախություն հռչակելու պարագայում չի բացառվում, որ Էրբիլը կհայտնվի պատերազմական վիճակում. Իրաքի կենտրոնական իշխանությունները դժվար թե նվիրեն նավթի իրենց հիմնական աղբյուրները: Նոր անկախացած պետությունը ստիպված կլինի ապրել նավթի արտահանման հաշվին, իսկ էներգակիրների արտահանումը, բացի Իրանից, կարող է իրականացվել միայն Թուրքիայի եւ Սիրիայի տարածքներով: Քանի որ իրենց սահմանակից Հյուսիսային Սիրիան դեռեւս «Իսլամական պետության» իշխանության լծի տակ է, ուստի առավել անվտանգ ուղիները կարող են անցնել միայն Թուրքիայով: Սակայն վերջին երկու ամիսների ընթացքում կրկին սրված թուրք-քրդական բախումները ձախողեցին Էրբիլի այդ ծրագրերը եւ Իրաքյան Քուրդիստանը ստիպված է փոխել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական իր ուղեծիրը:

Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ է բացել Էրբիլի համար: Նախատեսվում է, որ Իրանի տարածքով կարտահանվի օրական 20-30 հազար բարել նավթ, կկառուցվի շուրջ 250 հազար բարել նավթ տեղափոխող խողովակաշար: Իրանը դառնում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ Հյուսիսային Քուրդիստանի ռազմաքաղաքական գործընկերը: Մինչդեռ, ի տարբերություն Անկարայի, Թեհրանը շահագրգռված չէ Իրաքի մասնատմամբ, որը կարող է հանգեցնել իր սահմանների մոտ նոր ռազմական թատերաբեմի առաջացմանը: Շիա ազգաբնակչությանը պաշտպանելու նպատակով Իրանը եւս ստիպված կլինի ներքաշվել իրաքյան գործերի մեջ՝ բախվելով տարածաշրջանային իր մրցակիցների հետ: Ըստ այդմ՝ Թեհրանը պատրաստվում է ներազդել Էրբիլի վրա. փոխել անկախություն հռչակելու մտադրությունները եւ բավարարվել առավելագույն ինքնավարությամբ Իրաքի համադաշնության սահմաններում:

Հենց դա է պատճառը, որ Իրանը բացասաբար է արձագանքել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի ապրիլյան հայտարարությանը, թե Սիրիան երբեք դաշնային պետություն չի դառնա:  Փաստացի, Թեհրանը սատարում է քրդական երկու հատվածներում լայն իրավունքներով ինքնավարության ձեւավորման գաղափարին, ինչը իր համար ապահովում է ելք դեպի Միջերկրական ծով՝ առանց տարածաշրջանային սահմանների փոփոխության եւ իր հիմնական մրցակիցների ազդեցության մեծացման:

Իրաքյան քրդերի եւ Իրանի տնտեսական այս համագործակցությունը նվազեցնում է Էրբիլի նկատմամբ Անկարայի ազդեցությունը: Թուրքիան կորցնում է թրքաբնակ քրդերի վրա իրաքյան եղբայրների միջոցով ներազդելու հնարավորությունը, եւ, ըստ այդմ, թուրք-քրդական բախումները կարող են նոր թափ ստանալ, ինչը կնվազեցնի Թուրքիայի միջամտությունը ոչ միայն Սիրիայի ներքին գործերին, այլեւ կխաթարի Անկարայի դիրքերն Անդրկովկասում: Բացի այդ, վերջին երկու շաբաթներին քրդերի հարցում Անկարան լրջագույն տարաձայնություններ է ունեցել Վաշինգտոնի հետ, ինչը եւս կարող է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա;

Դեռ մայիսի 21-ին  ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Ջոզեֆ Վոթելն այցելել էր Սիրիայի հյուսիսային հատված՝ անձամբ կարգավորելու եւ ԻՊ-ի դեմ պայքարում ցուցումներ տալու տեղական ուժային կառույցներին: Սիրիայից հետո ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ղեկավարն այցելել էր Անկարա՝ համոզելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հանգիստ թողնել Սիրիայի քրդերին, սակայն՝ ապարդյուն: Թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած այդ նորահայտ խնդիրը կարող է բարդանալ, եթե Անկարան տարածաշրջանում միակողմանի որեւէ նոր արկածախնդրության դիմի:

Իրանի հետ տնտեսական այս պայմանագիրը արձակում է ոչ միայն իրաքյան, այլեւ թուրքաբնակ քրդերի ձեռքերը, քանի որ միտված է պահպանելու Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ նվազեցնում Անկարայի ազդեցությունը ոչ միայն  Սիրիայում, այլ նաեւ Ղարաբաղյան հակամարտության վրա:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ