Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Փոխգնդապետ Ալեքսանդր Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2010 թվականին բոլոր ուղղություններով ցույց տվեց բարձր արդյունքներ, ճանաչվեց լավագույնը զորամիավորման կազմում եւ ազգային բանակում ու պարգեւատրվեց «Լավագույն մոտոհրաձգային զորամաս» պատվո դրոշով։ Ընթացիկ ուսումնական տարվա ձմեռային-գարնանային փուլի ավարտական քննությունների ընթացքին հետեւելով` համոզվեցինք, որ այստեղ ամուր հիմքերի վրա է դրված ուսումնական գործընթացը, եւ անձնակազմը ձգտում է կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները։

Որտե՞ղ է հաջողության բանալին` այս հարցադրմամբ էլ սկսվեց զրույցը երիտասարդ հրամանատարի հետ։

-Հիմնական նախապայմաններն են կարգապահությունը եւ արդյունավետ պարապմունքների կազմակերպումը։ Իհարկե, կան նաեւ շատ այլ գործոններ։ Օրինակ` ստորաբաժանումների հրամանատարների վերաբերմունքը ծառայության, իրենց պարտականությունների կատարման նկատմամբ։ Եթե գումարտակների, վաշտերի հրամանատարներն իրենց պարտականություններն ինչպես հարկն է չկատարեն, բնական է, միայն զորամասի հրամանատարի ուժերով ոչինչ չի ստացվի։ Համախմբված, թիմային աշխատանքը, միմյանց օգնելու, աջակցելու տրամադրվածությունը ոգևորում է ոչ միայն սպաներին, այլեւ նրանց ենթակա անձնակազմերին։ Ինչպես անցած ուսումնական տարում, այնպես էլ այս տարվա անցած ժամանակաշրջանում մարտական պատրաստության ծրագրով նախատեսված որեւէ պարապմունք չի ձախողվել։ Պակաս կարեւոր չէ պարապմունքների անցկացման, ղեկավարման մեթոդիկան։ Իսկ ամենակարեւոր գործոններից մեկը, իմ համոզմամբ, ղեկավարի՝ պետի, հրամանատարի մարդկային վերաբերմունքն է իր ենթակայի, իր զինվորի նկատմամբ։ Եթե հրաձգության ժամանակ զինվորը վատ է կրակել, պետք չէ նրան նախատել, այլ հարկավոր է ոգեւորել, գովել եւ սովորեցնել, ու, վստահ եղեք, հաջորդ պարապմունքին նա անպայման ավելի լավ արդյունք ցույց կտա։ Ես շատ եմ կարեւորում վաշտերի, դասակների եւ ջոկերի հրամանատարների աշխատանքը։ Նրանք են անմիջականորեն շփվում, աշխատում զինվորի հետ, կազմակերպում ուսման եւ ծառայության ողջ գործընթացը, հոգում կենցաղային հարցերը։ Զորամասի եւ գումարտակների հրամանատարները ղեկավարներ են, այլ խոսքով` պաշտոնյաներ, եւ հնարավոր է, որ գործուղվեն կամ հրավիրվեն խորհրդակցությունների, մասնակցեն կարևոր այլ միջոցառումների եւ օրերով չտեսնեն իրենց ենթականերին, իսկ կրտսեր ու միջին օղակի հրամանատարները միշտ զինվորի հետ են, եւ աշխատանքի ողջ ծանրությունը նրանց ուսերին է ընկած։ Իմ հեռախոսահամարը հայտնի է զորամասի բոլոր զինվորներին, եւ ես նրանց պարբերաբար հիշեցնում եմ, որ անհրաժեշտության դեպքում կարող են զանգահարել ինձ եւ տեղյակ պահել առաջացած այս կամ այն խնդիր մասին։ Սիրով ընդունում ենք որդիներին տեսնելու համար զորամաս եկած բոլոր ծնողներին, նրանց ցույց ենք տալիս զորամասի կենցաղային պայմանները, լսում նրանց կարծիքը, առաջարկները…

-Անցած ուսումնական տարվա կարեւոր իրադարձությունը գլխավոր ռազմական տեսչության կողմից զորամասի ստուգումն էր, որի արդյունքում ստացել ենք «լավ» գնահատական,- շարունակեց փոխգնդապետ Ա. Ցականյանը։- Եղել են նաեւ զորավարժություններ վաշտերի կազմով։ Բարձր արդյունքներ են ցույց տվել ստորաբաժանումները։ Այս ուսումնական փուլի քննությունների կեսն արդեն ընդունվել է։ Քննական հանձնաժողովն ինքս եմ կազմավորել։ Կարող եմ ասել, որ ստացվող արդյունքները երկու, նույնիսկ երեք անգամ ավելի բարձր են, քան 2010 թվականինը։ Օրինակ` հրաձգությունից «բավարար» գնահատական կամ չի լինում կամ շատ քիչ է լինում։ Մեծ մասն ստանում է «լավ» ու «գերազանց» գնահատականներ։ Ինքս ամեն ինչ անում եմ, որ արդյունքները ճշգրիտ լինեն, համապատասխանեն իրական վիճակին, որպեսզի իմանանք, թե ինչպես ենք կազմակերպում ուսումնական փուլի աշխատանքները։ Նոյեմբեր ամսին նախատեսված է զորավարժություն զորամասի կազմով, որի արդյունքներով էլ, հավանաբար, կորոշվի զորամասի մարտունակության աստիճանը եւ կտրվի տարեկան գնահատական։

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Շարային պատրաստությունից քննություն է հանձնում կապիտան Արմեն Ղարիբյանի հրամանատարությամբ գործող վաշտը։ Գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Գագիկ Մինասյանն ասում է, որ վաշտը լավագույնն է զորամիավորման կազմում։ Շարային կեցվածք, շարքից դուրս գալ ու շարք վերադառնալ, դարձումներ տեղում, շարժման ընթացքում, շարային քայլք, պետին մոտենալ-հեռանալ եւ այլն. զինվորների կատարումը, իրոք, լավ է։ «Գերազանց» գնահատականներ են ստանում ջոկի հրամանատարներ ավագ սերժանտ Արմեն Պատվականյանը, կրտսեր սերժանտներ Գեւորգ Հարությունյանը, Վազգեն Կարապետյանը, նռնականետորդի օգնական շարքային Վիգեն Ավետիսյանը, ավագ հրաձիգ շարքային Սլավիկ Դրբոյանը, նռնականետորդ շարքային Սարգիս Նահապետյանը… Վերջինիս կրծքին տեսնելով «Քաջարի մարտիկ» եւ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանները` հրավիրում ենք զրույցի։

-Երեւանցի եմ, դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տնտեսագիտական համալսարան, սովորեցի երկու տարի ու զորակոչվեցի բանակ,- ասաց Սարգիսը։ -Ծառայությունս շատ լավ է անցել, մասնակցել եմ երեք զորավարժության, եւ սա իմ վերջին քննությունն է, տասը օրից զորացրվելու եմ։

♦♦♦

Ավագ լեյտենանտ Արմեն Ալոյանի դասակը քննություն էր հանձնում զենքով վարժությունից։ Հետաքրքրվեցինք արդյունքներով.

-Դեռ երեք զինվորի ենք գնահատել, նրանցից երկուսը՝ շարքայիններ Կարեն Սերոբյանը եւ Մանաս Մկրտչյանը, «գերազանց» են ստացել,- ասաց արդյունքներն արձանագրող սպան։

♦♦♦

Ավագ լեյտենանտ Գեւորգ Աղաջանյանի դասակն էլ ֆիզպատրաստությունից էր քննություն հանձնում։ Հանձնաժողովի ղեկավարը զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Կ. Բաբլումյանն էր։ Ներկա էր նաեւ գումարտակի հրամանատարը։

Հարյուր մետր արագավազք, 3000 մ կրոս եւ ձգումներ պտտաձողից. 9 ձգումը գնահատվում է «բավարար», 11-ը՝ «լավ», 13 եւ ավելին՝ «գերազանց»։ Բոլոր արդյունքների գումարով «գերազանց» գնահատականներ ստացան շարքայիններ Երվանդ Իսահակյանը, Հարություն Վարդեւանյանը, Հովիկ Բաղդասարյանը, Ալբերտ Աբրահամյանը, Միհրան Զաքարյանը, Վարդան Սեւյանը, Արմեն Խաչատրյանը, Լեւոն Եսայանը եւ Արման Կիրակոսյանը։ Վաշտն ստացավ «լավ» գնահատական։

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ ԵՎ ՆՐԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Փոխգնդապետ Արկադի Իսախանյանի հրամանատարությամբ գործող գումարտակը 2010թ. ուսումնական տարում ճանաչվել է զորամիավորման լավագույն գումարտակ։

Փոխգնդապետ Իսախանյանը ծնվել է Իջեւանում: Դեռեւս դպրոցական տարիներին նա մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը։ Գործուղվել է սովորելու սպաների վերապատրաստման դասընթացներում եւ «լեյտենանտի» կոչում ստանալով` անցել է ծառայության։ 2003թ. սովորել է սպայական դասընթացներում, 2006-08թթ.` Ռուսաստանի Դաշնության համազորային զորքերի ակադեմիայում։ 2008-ից նա գումարտակի հրամանատար է, պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալով։

-Գումարտակի հաջողության գրավականը մարտական պատրաստության ծրագրի լիարժեք կատարումն է եւ կարգապահությունը։ Մեր վաշտերը 2-րդ եւ 3-րդ տեղերն են զբաղեցնում զորամիավորման վաշտերի թվում։ Այս տարվա ապրիլ ամսին տեղի ունեցած բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ գումարտակն ամբողջ կազմով մասնակցեց մարտական խնդիրների կատարմանը եւ ստացավ «լավ» գնահատական։ Իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին կապիտան Եփրեմ Ներսիսյանի, ավագ լեյտենանտ Եգոր Գեւորգյանի վաշտերը։ Մեր հրետանու ստորաբաժանումներից մեկը լավագույնն է զորամիավորման կազմում։ Մրցումներում հաղթանակներ են տարել հակատանկային, ինչպես նաեւ ականանետային հաշվարկները։ Այս փուլում բոլոր ստորաբաժանումները քննություններից ստացել են «լավ» գնահատական»։ Իրենց շատ լավ են դրսեւորել ստորաբաժանումների հրամանատարներ ավագ սերժանտ Սեյրան Աղասյանը, կրտսեր սերժանտներ Գարիկ Կոզմանյանը, Արմեն Շարմազանյանը եւ Գառնիկ Առաքելյանը։ Կապիտան Ե. Ներսիսյանի վաշտում նախանձելի պատասխանատվություն են ցուցաբերում ավագ սերժանտ Լեւոն Աֆրիկյանը, սերժանտներ Էդգար Սարգսյանը, Եղիազար Մարտիրոսյանը, Ավետիք Անդրեասյանը եւ Արայիկ Նավասարդյանը,- գումարտակը եւ լավագույն զինծառայողներին այսպես ներկայացրեց փոխգնդապետ Ա. Իսախանյանը։

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Դ-30 կայանքի անձնակազմերն արդեն հանձնել են մասնագիտական քննությունները՝ հրաձգությունը կատարելով ներդիր փողով։

-Բոլոր հաշվարկներն էլ ստացել են «լավ» գնահատական, իսկ այսօր զորամիավորման ուսումնական կենտրոնում քննություն են հանձնում հաշվարկների հրամանատարները եւ սպաները,- ասաց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ստորաբաժանման հրամանատարի տեղակալ մայոր Ա. Մարտիրոսյանը։

Այնուհետեւ մենք հանդիպեցինք մարտկոցների զինվորների հետ։ Նշանառու, շարքային Վահե Խաչատրյանը, հաշվարկի համարներ շարքայիններ Արմեն Դիդարյանը, Անդրանիկ Սարգսյանը, ինչպես նաեւ շարքայիններ Գրիգոր Հովհաննիսյանը, Մակիչ Օրդյանը եւ Մհեր Վարդանյանը նշեցին, որ իրենք բարձր գնահատականներ են ստացել նաեւ մյուս առարկաներից՝ շարային, ֆիզիկական պատրաստությունից, ՀՊՊ-ից, զորատեսակների համար նախատեսված երկրորդ ստուգողական վարժությունից։

-Մենք վստահ ենք, որ դարձյալ լավագույնն ենք լինելու զորամիավորման կազմում, բայց նպատակ ունենք առաջինը լինելու ամբողջ բանակում,- ասաց մայոր Ա. Մարտիրոսյանը եւ շարունակեց,- չեմ կասկածում, որ այսօր նույնպես բարձր արդյունքներ կարձանագրվեն, որովհետեւ սպաները շատ են աշխատել եւ բարձր որակավորում ունեն, իսկ հաշվարկի համարներ` ավագ սերժանտ Արմեն Հակոբյանը, կրտսեր սերժանտներ Արտաշ Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը, Պավել Այրումյանը, շարքային Թեւոս Ասատրյանը եւ մյուսները մեր լավագույն հրետանավորներից են։

♦♦♦

Ավագ Հայկ Անանյանին մոտ երկու տարի առաջ հանդիպել էինք ուսումնական զորամասում։ Այն ժամանակ նա մեր ուշադրությունը գրավել էր իր բարձր (188 սմ) հասակով։ Եվ ահա կրկին հանդիպում ենք նրան՝ զորացրվելուց մեկ շաբաթ առաջ։ Հայկը Երեւանից է, սովորել է 51 միջնակարգ դպրոցում, 2009-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի բաժինը։ Հանրապետության յոթակի չեմպիոն է, սպորտի վարպետ, լուրջ հաջողությունների է հասել նաեւ զինվորական ծառայության ընթացքում։

-Մշտապես մասնակցել եմ բոլոր զորավարժություններին, մարզումներին, եւ ոչ մի անգամ իմ աշխատանքում թերություններ չեն եղել,- ասաց նա։

-Հրաշալի զինվորական է Հայկը, մենք նրանից ափսոսանքով ենք բաժանվելու, կուզենայինք, որ մնար բանակում, բայց նա ուրիշ ծրագրեր ունի։

♦♦♦

Երբ պատրաստվում էինք հրաժեշտ տալ հրետանավորներին, զորամիավորման ուսումնական կենտրոնից եկավ ուրախ լուրը` հրանոթների հրամանատարներն ու սպաները հրաձգությունից ստացել էին «լավ» գնահատական։

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ` ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Զորամասի հրաձգարանում շարունակվում էին կրակային պատրաստության քննությունները։ Այստեղ էր նաեւ զորամիավորման շտաբի պետ գնդապետ Տիգրան Փարվանյանը։ Արդեն կրակել եւ «լավ» գնահատականի էր արժանացել (թիրախների 88 տոկոսի խոցում) վաշտերից մեկը, որի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը ավագ լեյտենանտ Ա. Սարգսյանն էր։ Կրակելու հերթը կապիտան Ե. Ներսիսյանի վաշտինն էր։ Եղանակն այնքան էլ բարենպաստ չէր. անձրեւն ու կարկուտը դեռ ոչինչ, բայց պարբերաբար հայտնվող մառախուղի պատճառով բարձունքի շարժվող թիրախները դառնում էին անտեսանելի, եւ հրաձգությունը մերթընդմերթ ընդհատվում էր։

Երկրորդ ստուգողականը իրականացվում է պառկած, կանգնած, ծնկած դիրքերից եւ, կրակողի ընտրությամբ, գրոհող եւ նահանջող հետեւակի վրա։ Գրանցման թերթիկի վրա կարդում եմ. Սարգսյան Էդգար – 5, Անդրեասյան Ավետիք – 5, Մովսիսյան Լյուդվիգ – 5, Ղարիբյան Հայկ – 4, Սմբատյան Գարեգին – 5… Կրակողներին ծափահարություններով աջակցում են նրանք, ովքեր արդեն կրակել են, եւ նրանք, ովքեր իրենց հերթին են սպասում։ Իսկ վազող թիրախների խոցումներն արժանանում են բուռն ծափահարությունների։

Մինչ հրաձգությունը շարունակվում էր, անցնելով տեղամասերով եւ ուսումնական կետերով, զրուցեցինք զինվորների հետ։

Դասակի հրամանատար ավագ Զորի Իրիցյանը ներկայացրեց զինվորներին՝ շարքայիններ Սիփան Խաչատրյանին, Հայկ Գալստյանին, Բաղդասար Հունանյանին, Դավիթ Սարգսյանին…

-Մենք արդեն կրակել ենք եւ ստացել «լավ» գնահատական,- ասաց Զորին, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից է, բանակ է եկել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանն ավարտելուց հետո։

♦♦♦

Մեկ այլ կետում հրամանատարական արկղի վրա նշանառությունն էին ստուգում սերժանտ Եղիազար Մարտիրոսյանի ջոկի զինվորները` շարքայիններ Միշա Հակոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը եւ ուրիշները։

♦♦♦

Մյուս ուսումնական կետում զենքի ոչ լրիվ քանդման-հավաքման վարժությունն էին կատարում շարքայիններ Արտակ Ղուկասյանը, Վահրամ Առաքելյանը, Գեւորգ Հասանովը, Սարգիս Շահնազարյանը…

-Հա՞յ ես,- հարցրի Գ. Հասանովին։

-Ո՛չ, քուրդ եմ,- ասաց նա,- ծառայել եմ արդեն մեկուկես տարի, ծառայությունս շատ լավ է անցնում։

♦♦♦

Զինամթերքի բաշխման կետում ենթասպա Ալիկ Աբրահամյանը եւ ավագ Սերգեյ Մաճկալյանը պահունակներն էին լիցքավորում։ Հրաձգությունը շարունակվում էր. ամփոփաթերթերը լցվում էին բարձր գնահատականներով։ Փոխգնդապետ Ցականյանը ճիշտ էր։

-Ձեզ շատ մի գովեք,- ամեն անգամ ասում էր գնդապետ Տիգրան Փարվանյանը, բայց եւ, վերջում հաշվարկներ անելով, շնորհավորում էր զորամասի հրամանատարին, սպաներին, զինվորներին հրաձգության բարձր արդյունքների համար։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ