Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԼՈՒՐՋ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԲՌՆԵԼ

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ

Ապրիլյան քառօրյա մարտական  գործողությունների վերլուծությունը ցույց տվեց, որ մեր բուժանձնակազմը լուրջ քննություն է բռնել: Վերջին երեք տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ զորավարժությունները, հավաքները, միջոցառումները ուղղված էին բժշկական ողջ ծառայության մարտական պատրաստականության բարձրացմանը: Մշակել էինք բժշկական ապահովման մեր մոտեցումները և հիվանդների տարհանման վերաբերյալ մեր մեթոդները: Այնպես որ՝ անակնկալի չեկանք:  Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի,   ռուսական բանակի, ինչպես նաև Արցախյան պատերազմի փորձը՝ բուժծառայությունը կազմակերպեցինք այս ամենի համադրման եղանակով: Անցյալ տարի, կանխատեսելով հնարավոր պատերազմի թատերաբեմը, մենք՝ որպես արագ տեղափոխման միջոց, հոսպիտալներից մի քանիսին տրամադրեցինք ռեանոմոբիլներ: Ապրիլյան այդ թեժ օրերին բուժծառայության առջեւ ծառացած հրատապ խնդիրների զգալի մասը հենց  այս մեքենաների շնորհիվ իրականացվեց: Միջազգային ընդունված չափանիշների համաձայն՝ մեկ ժամվա ընթացքում  կարողացանք վիրավորին հասցնել վիրահատական սեղանի մոտ և իրականացնել համապատասխան բժշկական օգնություն: Մարտական առաջին իսկ գործողությունների փորձից ելնելով՝  բացառեցինք մինչ այդ ընդունված «Դեպի ինձ» սկզբունքը, որը ենթադրում է վիրավորին առաջնագծից մինչև մոտակա բուժկետ հասցնելը՝ այն փոխարինելով  խառը, համակցված («Ես՝ քեզ, դու՝ ինձ») սկզբունքով: Այս դեպքում արդեն ժամանակակից տեխնիկայով հագեցած մեր սանիտարական փոխադրամիջոցները մոտենում էին առաջնագծին և այնտեղից  առաջին բուժօգնություն ստացած զինվորին տեղափոխում մինչև դեպքի վայր շտապող հանդիպակաց ռեանոմոբիլը: Այսպիսով՝ առաջնագծին մոտ կանգնած տրանսպորտային միջոցները շատ չէին հեռանում գործողության վայրից` տեղում  առաջին օգնություն ցուցաբերելով վիրավորներին, իսկ հոսպիտալի մեքենան էլ առաջնագիծ չէր հասնում: Արդյունքում՝  մենք վիրավորի տեղափոխման և նրա կյանքը փրկելու համար թանկարժեք ժամանակ էինք շահում:  Սրան զուգահեռ՝ շրջանցեցինք նաև գնդային օղակը: Ըստ նախատեսված կարգի` մենք պետք է վիրավորին, նախ, գունդ տեղափոխեինք, հետո նոր` հոսպիտալներ: Գնդի բժիշկները մոտեցան առաջնագծին, տեղում կազմակերպեցին բժշկական օգնությունը: Ցավոք, այս ընթացքում նաև կորուստներ ունեցանք. զոհվեց մեր սանհրահանգիչներից մեկը… Կորցրինք սանիտարական մեքենաներ:

Ես հպարտ եմ առաջնագծում բուժծառայողների աշխատանքով ու լիովին բավարարված: Հետագայում, իհարկե, մեր աշխատանքը բարձր գնահատեց նաև պաշտպանության նախարարը՝ մեր անձնակազմն արժանացավ գերատեսչական և կառավարական պարգեւների:

Հաջորդ փուլում բազմաթիվ բարդ, համակցված վիրահատություններ իրականացրինք. կրծքավանդակ-գլուխ, գլուխ-որովայն-պարանոց և այլն: Հաճախակի ենք բախվել ոչ միայն վիրավորի կյանքը, այլև հետագայում հաշմանդամ դառնալուց նրան փրկելու դժվարին խնդրի հետ: Նուրբ նյարդավիրաբուժական, պլաստիկ, անոթային վիրահատություններ ենք կատարել:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔԱռաջնագծի հոսպիտալների անձնակազմերի կողքին Կենտրոնական կլինիկական հոսպիտալից, կայազորային հոսպիտալից և Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալից լավագույն մասնագետներն էին աշխատում: Բարեբախտաբար, հարկ չեղավ մեր պահեստային ուժերն ամբողջությամբ օգտագործել: Հիմնական ուժերը պահվում էին թիկունքում, պատրաստ անհրաժեշտության դեպքում գործի անցնելու: Առաջին գծի հոսպիտալները հիմնականում փրկում էին վիրավորների կյանքը, հետագայում արդեն կրկնակի վիրահատության և հետագա խնամքի համար վիրավոր զինծառայողները տեղափոխվում էին Ստեփանակերտ:

Այդ օրերին խնդիր առաջացավ համագործակցելու մեր քաղաքացիական բուժհաստատությունների հետ: Ես ինքս կապի մեջ էի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Բոլոր հիվանդանոցները, մասնավորապես՝ «Էրեբունի», «Գրիգոր Լուսավորիչ», «Մալաթիա», «Արմենիա» բժշկական կենտրոնները, կարևոր մասնակցություն ունեցան այս գործընթացին՝ նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերելով մեր վիրավորներին: Շատ հարգված, հայտնի քաղաքացիական բժիշկներ էլ կամավոր մեկնեցին մարտադաշտ: Սա նաև հոգեբանական կարևոր աջակցություն էր:

Ներկայումս մենք աշխատում ենք ամրագրել ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում կիրառված և իրենց արդյունավետությունը գործով ցույց տված բազմաթիվ նորարարական մոտեցումները:

Աշխատում ենք ավելացնել իրենց լավագույնս արդարացրած ռեանոմոբիլների թիվը զորքերում: Արդեն իսկ բավականին թվով ռեանոմոբիլներ ենք ձեռք բերել: Քանի դեռ մենք խաղաղության պայմանագիր չունենք, մեր առաջնագծի հոսպիտալները պետք է ապահովված լինեն բժշկական այս շատ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով:

Կցանկանայի անդրադառնալ նաև որոշ լրատվամիջոցների շահարկած մի քանի վիրավորների՝ արտասահմանում բուժման անհրաժեշտությանն առնչվող խնդրին:

Կա կառավարության համապատասխան որոշում, համաձայն որի՝ հանրապետության լավագույն բժիշկներից կազմված հանձնաժողովն է միայն հիվանդի հետագա բուժման հարցը քննում եւ համապատասխան վճիռ կայացնում: Հնարավոր է՝ անհրաժեշտ մասնագետներ հրավիրվեն արտասահմանից: Այլ խնդիր է, երբ մենք, իրոք, ի վիճակի չենք այստեղ իրականացնելու հնարավոր բուժումը:

 

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր