Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐԴԱՏՈՆ
ՎԱՐԴԱՏՈՆ

ՎԱՐԴԱՏՈՆ…Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը-նրա պատմությունը: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության  խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ… Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում…

 

 1914 թվականի մայիսի 15-ին Թիֆլիսում բացվեց հայ մեծ երգիչ Սայաթ-Նովայի մահարձանը, որ պետք է ուխտատեղի դառնար հաջորդ բոլոր սերունդների համար…  Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանգչող բանաստեղծի շիրմին կարմիր վարդեր են դնում տոնի մասնակիցները:

 

ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

 

Մայիսի 15-ին` Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի ու ցեղի խտրության, Հայ Գրողների Ընկերության առաջնորդությամբ, վարդերով ու երգերով գնում է բաց անելու Սայաթ-Նովայի մահարձանը։ Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ։

ՎԱՐԴԱՏՈՆԷս տեսակ մի պայծառ գերեզման է Սայաթ-Նովայի գերեզմանը, ամբողջովին հաշտություն ու սեր է բուրում ու միշտ էլ ժպտալու է ամենքին, ու միշտ էլ կրկնելու է ամենքին.

,Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝

Աստվա՛ծ սիրե՛, հոքի սիրե՛, յա՛ր սիրե՛…

Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝

Աղկատ սիրե՛, ղոնաղ սիրե՛, տար սիրե…ե։

Միշտ կենդանի մի գերեզման, եւ կենդանությունը պայծառ, քնքույշ ու ազնիվ։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆ

1914

♦♦♦

Եվ արժե, որ հայ ժողովուրդը երբեմն-երբեմն էս հարազատ, գեղեցիկ ու մեծ անունները հանդես բերի ու ջերմանա նրանց մշտավառ հոգիների անշեջ կրակով:

Հովհ. Թումանյան

 

ՎԱՐԴԱՏՈՆԱյսօր քչերին է հայտնի, որ Սայաթ-Նովային նվիրված առաջին բանաստեղծությունը գրել է Յակով Պոլոնսկին: Նրա այդ գազելը, որ ստեղծվել է հանճարեղ գուսանի տաղերի խոր ազդեցությամբ, տպագրվել է 1851թ., այն ժամանակ, երբ դեռ Սայաթ-Նովայի անունը շատերին հայտնի չէր, երբ Գևորգ Ախվերդյանը դեռևս չէր հրատարակել նրա խաղերի Դավթարը, որը, ինչպես գիտենք, լույս է տեսել դրանից մեկ տարի անց` 1852-ին, Մոսկվայում:  Հարց է ծագում. որտեղի՞ց գիտեր ռյազանցի ռուս բանաստեղծը Սայաթ-Նովային և ինչպե՞ս էր ծանոթացել նրա ձեռագիր Դավթարին, որ մեծ սիրով ու նվիրումով գրում էր իր գազելը:

Մինչ այդ մասին խոսելը եկեք մի փոքր ետ գնանք և ծանոթանանք Յա. Պոլոնսկու կենսագրությանը: Նա ծնվել է 1819 թ. դեկտեմբերի 18-ին Ռյազանում, զինվորականի ընտանիքում: Հայրը՝ Պյոտր Պոլոնսկին, ռուսական բանակի սպա էր և 1830-ական թվականներին իշխան Բարսեղ Բեհբուդովի (Բեհբուդյան) մարզպանության օրոք ծառայում էր Երևանում, զբաղեցնում էր նորաստեղծ Հայկական մարզի կառավարչության հատուկ հանձնարարությունների գծով պետի պաշտոնը: Երևի այդ շրջանում էլ նա իր որդուն պատմել է Հայաստանի մասին, իր նամակներում նկարագրել աստվածաշնչյան լեռան` Արարատի վեհաշուք տեսքը և հաղորդել նոյյան տապանի մասին լեգենդը: Եվ այդպես Յակով Պոլոնսկու  սրտում հետաքրքրություն ու սեր է արթնացել դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը, դեպի նրա չքնաղ բնությունը:

Պատանի Յակովը Ռյազանի գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այնտեղ սովորելու տարիներին ծանոթացել է հայ ուսանողների, ինչպես և ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու, բանաստեղծ Ռ. Պատկանյանի, բժիշկ-սայաթնովայագետ Գ. Ախվերդյանի և ուրիշների հետ, նրանց հետ հաստատել սերտ կապեր: Հենց Գ. Ախվերդյանից էլ նա լսել է Սայաթ-Նովայի մասին և նրա մոտ տեսել գուսանի խաղերի Դավթարը:

Յա. Պոլոնսկին համալսարանն ավարտել է 1844թ. և աշխատանքի ուղարկվել Օդեսա, որտեղ երկու տարի մնալուց հետո` 1846-ին տեղափոխվել է Կովկաս` իր երազած եզերքը: Այստեղ նա, նախ, եղել է «Զակավկազսկի վեստնիկ» թերթի խմբագրի օգնականը, ապա նշանակվել է «Կավկազսկի կալենդար» տարեգրքի խմբագիր` այդ պաշտոնում աշխատելով մինչև 1851 թվականը:

Թիֆլիսյան գործունեության հինգ տարիների ընթացքում Յա. Պոլոնսկին աշխատանքի բերումով շրջել է Կովկասի մի շարք քաղաքներում, ավելի մոտիկից ծանոթացել հայ և վրաց ժողովուրդների պատմությանը, կյանքին ու կենցաղին, այցելել է Երևան և իր աչքով տեսել վեհապանծ Արարատն ու սքանչացել նրա անսահման գեղեցկությամբ: Կովկասում ևս Պոլոնսկին շրջապատված է եղել նշանավոր մարդկանցով: Նրան սիրով են ընդունել Գ. Ախվերդյանը, որն այդ ժամանակ  Մոսկվայից վերադարձել էր Թիֆլիս: Մեզ թվում է, որ նա այդ ժամանակ ճանաչել է նաև Խ. Աբովյանին, հետո լսել է նրա անհայտ կորստյան լուրն ու ափսոսացել: Իր վաղեմի բարեկամ Գ. Ախվերդյանն այստեղ ավելի խորությամբ է ներկայացրել Սայաթ-Նովայի տաղերը, որոնք մեծ ազդեցություն են գործել բանաստեղծի հոգեկան աշխարհի վրա:

Յա. Պոլոնսկին 1851-ին տեղափոխվել է Պետերբուրգ ու նվիրվել ստեղծագործական աշխատանքին, 1859-60 թթ. խմբագրել է «Ռուսկոյե սլովո» հանդեսը, այնուհետև (գրեթե մինչև իր կյանքի վերջը) պետական ծառայության մեջ է եղել, սկզբում` Արտասահմանյան գրաքննչական կոմիտեում, ապա` Մամուլի գործերի գլխավոր վարչության խորհրդում: Վախճանվել է 1898թ. հոկտեմբերի 30-ին, աճյունը տեղափոխվել և հուղարկավորվել է իր ծննդավայր Ռյազանում:

ՎԱՐԴԱՏՈՆՅա. Պոլոնսկին անցյալի ռուս բանաստեղծներից առաջինն էր, որ անհունորեն սիրել է Սայաթ-Նովային և հայ մշակույթի պատմության մեջ է մտել որպես մեծ գուսանի տաղերի առաջին ռուս ուսումնասիրողն ու թարգմանիչը: Հովհ. Թումանյանն այդ առթիվ գրել է. «Ռուսաց բանաստեղծներից, եթե չեմ սխալվում, առաջինը Պոլոնսկին է եղել, որ ուշք է դարձրել Սայաթ-Նովայի վրա ու հիացել: Պոլոնսկին հանգուցյալ Ախվերդյանի մոտիկ բարեկամը, թերևս ընկերն է եղել: Նրա մոտ է տեսել Սայաթ-Նովայի երգերի տետրակը և, ծանոթանալով, 1851թ. մի ոգևորված հոդված է գրել «Կավկազ» թերթում, բնորոշել, գնահատել ու երգերից էլ մի քանիսը թարգմանել»: Մեծ բանաստեղծը մի այլ առիթով, կրկին անդրադառնալով նույն թեմային, ավելացրել է, որ «Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը, սկսած 1850-ական թվականներից, առաջին ուսումնասիրողները եղել են նրա կենսագիր և հրատարակիչ Գ. Ախվերդյանը և ռուս բանաստեղծ Յակով Պոլոնսկին»: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, սայաթնովայագիտության ասպարեզում` Գ. Ախվերդյանից հետո, դափնին պատկանում է ռուս քնարերգակ Յա. Պոլոնսկուն:

Նրան է պատկանում նաև Սայաթ-Նովային նվիրված առաջին բանաստեղծության հեղինակը լինելու պատիվը: Արդ, ավելի քան մեկ դար է անցել 1914 թ. մայիսի 15-ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու գավթում հանճարեղ գուսանի մահարձանի բացմամբ իր սկիզբն առած ավանդական Վարդատոնից, և այդ ընթացքում բնագրերի լեզուներով ու ռուսերեն թարգմանությամբ բազմիցս հրատարակվել են Սայաթ-Նովայի խաղերի լիակատար ժողովածուներ, նրա մասին գրվել են մի շարք մեծարժեք մենագրություններ ու հոդվածներ: Բայցևայնպես, Յա. Պոլոնսկու 165 տարի առաջ գրած ուսումնասիրությունն ու բանաստեղծությունը այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքն ու նշանակությունը:

Վահան ՄԱՂԱԼՅԱՆ

 

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ՅԱԿՈՎ ՊՈԼՈՆՍԿԻ

 

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

 

Ալիքներով միշտ կլանում, ծովերն ավազ շատ են տանում,

Բայց ափերը նրանց հավերժ ավազով են պատված մնում:

 

Շատ երգեր է թռցնում նաեւ ժամանակն իր թեւին անդարձ,

Նոր աշուղներ աշխարհ գալիս, նոր սերունդն է լսում նրանց:

 

Թե ես մեռնեմ, գիտեմ` աշխարհն իմ տաղերը կմոռանա,

Բայց քեզ համար, իմ նուրբ ընկեր, ինձ պես աշուղ աշխարհ չի գա:

 

Երբ ես մեռնեմ, գիտեմ` ոչ ոք իմ կորուստը չի նկատի,

Դո՛ւ կհիշես խաղերն իմ այն, որոնց շունչը քեզ կպատի:

 

Ես քո սիրտը զմայլեցի, իսկ դու միտքս մռայլեցիր,

Քեզ ծիծաղով հմայեցի, իսկ դու լացով ինձ թովեցիր:

 

Արդ ես եթե քո թունդ սիրով մի օր կորչեմ, մեռնեմ խաղաղ,

Ասա՛ դու ինձ, արդյոք որտե՞ղ պիտի հանգչի աճյունն իմ պաղ:

 

Արդյոք այնտե՞ղ, հեռո՜ւ, անհայտ այն ափերում անհիշատակ,

Թե՞ հենց այստեղ, քո խաս այգում ու քեզ մոտիկ` ծփենու տակ:

 

1851թ.

 

Թարգմանությունը` Վ. ՄԱՂԱԼՅԱՆԻ