Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

ԳԻՇԵՐՆ ՈՒ ԴՈՒ

Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար իջնում մեծ քաղաքի բեմին
Ու աստղերն են թարթում այդ պերճ բեմի վրա,
Հսկա լուսարձակներ` քո համերգի շեմին

Դու մթության ծխից դուրս ես գալիս մի պահ
Երկնի պատառները քո ճերմակ ուսերին
Ներշնչում ես հիացք, տենչանք ու ահ
Ստիպում անհույս ձգտել ոլորտներին վերին

Գիշերը ընկել է քո ոտքերի առջեւ
Քաղաքն է խոնարհվում քո հմայքին դաժան
Իսկ ես զուր փորձում եմ փրփուրներին կառչել
Ու նվիրել հոգիս`վաղուց բաժան-բաժան

Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար փարվում քո մարմար ոտքերին
Ու աստղերն են մանյակ պարանոցիդ վրա,
Բախտը` քո աչքերի հիազարհուր գերին…
♦♦♦
Հեռանում ես, իմ տխրություն, իմ սեր,
Ձուլվում հորիզոնի եթերային լույսին,
Ինձ թողնում ես մենակ, թողնում անսեր,
Ամուր փարված դրսում հեծկլտացող հույսին…

Դու անչափ հպարտ ես, թագուհի իմ սառցե,
Կոպերիդ տակ`անթիվ մեռած աստղեր,
Որոնք երջանկության արեւներ եմ կարծել,
Եվ լաթերը կարծել անբիծ առագաստներ

Իսկ աստղերն այդ բեկորներ են փայլուն,
Փայտե քո ժպիտի պաճուճանքը թշվառ,
Հիմա իմ տիեզերքում խենթությունն է քայլում
Վարժելով խեղճ հոգիս իր երգերին դժվար…

Հեռացել ես, իմ տխրություն, իմ սեր,
Ձուլվել հորիզոնի եթերային լույսին,
Իմ հյուղակում թողել բեկված հույսեր,
Ու երկնքից նայող կապույտ լուսին…

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

Փողոցներում մռայլ` վհատ մարդիկ,
Հոգսերի հետ կռվում `կուրծքը թրծած,
Աչքերում անհատակ`ահը ջարդի,
Փախչող մի կին` արնոտ որդուն գրկած…

Անուժ երազներում` տունը հեռու,
Բակը` լցված հզոր կենդանության հիմնով,
Հիմա օտար գերդաստանի կյանքն է եռում,
Ակունքը սուրբ պղծում ճահիճների տիղմով

Կածաններով հոգու գորշ գայլեր են քայլում,
Ոհմակներով հսկա ձուլվում տափաստանին,
Մթնում` հազար դաժան, չար աչքեր են փայլում,
Անթարթ նայում ծնվող փոքրիկ Հայաստանին

Փողոցներում մռայլ` հպարտ մարդիկ,
Հոգսերի հետ կռվում կուրծքը թրծած,
Աչքերում անհատակ` հուրը մարտի,
Արաքսից մինչեւ Քուռ տափաստանը բռնած…

Հզոր երազներում տունը հեռու,
Բակը` լցված տիրոջ վերադարձի հիմնով,
Մերն է Հողը նորից, մերն է Կյանքը եռուն,
Լույսը անվերջ բխող ակունքներից մեր նոր:

ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆ,
մայոր,
ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր