Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Թերթի նախորդ համարում տեղեկացրել ենք` «Օդային տագնապ», «Օդային տագնապի ավարտ», «Ուշադրություն բոլորին» ազդարարման ազդանշանների մասին: Շարունակելով թեման՝ ներկայացնում ենք այդ ազդանշանները լսելուց հետո վարքականոնները:

 

ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ

 

  1. Եթե արտադրական կազմակերպությունում եք

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԴադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքավորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում: Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում:

  1. Եթե տանն եք

Մինչ բնակարանը լքելը՝ անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին:

  1. Եթե բաց տարածքներում եք` փողոց, այգի եւ այլն

Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) ետևում:

  1. Եթե քաղաքային տրանսպորտում եք

Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողությունները: Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

  1. Եթե հասարակական շենք-շինություններում, գրասենյակներում եք

Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ ուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

 

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱզդանշանը լսելուց հետո հարկ է միացնել ռադիոն, հեռուստացույցը` հատուկ հաղորդագրություններ լսելու համար, հետևել պաշտոնական հաղորդագրություններին եւ գործել համաձայն հաղորդվող հրահանգների:

  1. Ճառագայթային վտանգ

Համաձայն ազդանշանի՝ անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով փակել շնչուղիները, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր և արագ պատսպարվել թաքստոցում: Դրանց բացակայության դեպքում ճառագայթաակտիվ աղտոտվածությունից պաշտպանվելու համար՝  որպես թաքստոց, կարող են ծառայել նաև փակ շինությունները: Տանը կամ աշխատավայրում մնացած անձինք, ովքեր չեն հասցրել պատսպարվել թաքստոցում, պետք է ժամանակ չկորցնելով, իրականացնեն տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեն դռներն ու պատուհանները և փակեն առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները: Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում:

  1. Քիմիական տագնապ

Քիմիական վարակման օջախում գտնվելիս անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանել շնչուղիներն ու մաշկը և արագ դուրս գալ տարածքից, շարժվելով քամուն ուղղահայաց՝ աջ կամ ձախ: Եթե մոտակայքում թաքստոցները բացակայում են, ապա վտանգավոր նյութերի ազդեցությունից կարելի է պաշտպանվել բնակելի և արտադրական տարածքներում:

  1. Աղետալի ջրածածկման վտանգ

Անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները և հետևել դեպի բարձրադիր անվտանգ տարածք:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ, ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊԻ ԱՎԱՐՏ

 

Քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների թույլտվությամբ, դուրս գալ թաքստոցներից և անցնել առօրյա գործունեության:

Հիշե՛ք

Ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է բերանը բաց պահել:

 

Հ.Գ. Հրապարակումը պատրաստվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների օգնությամբ:

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ռազմական


25/05/2016