Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՏ ՈՒ ԾՈՌ

-Ստեփանակերտից գնում էի Հադրութ, որտեղից էլ պետք է հասնեի Տումի,- պատմում է Արմեն Հայրապետյանը։ -Սարուշեն գյուղի մոտ ճանապարհի եզրով քիչ կորացած մի տատիկ էր դանդաղ քայլում` փոքրիկ մի կապոց ձեռքին։ Մեքենան արգելակեցի։

-Բարեւ, տա՛տի, նստիր, Հադրութ եմ գնում, տեղ կհասցնեմ։

-Բարին արեւիդ, տղա ջան, դու գնա, ես էս մոտիկ հողամասերն եմ գնում,- ասաց տատը։

-Նստի՛ր, տա՛տ, կհասցնեմ։

Տատը նստեց, ու շարունակեցինք ճանապարհը։

-Հա՞ց ես տանում աշխատողներին, տատ,- հետաքրքրվեց կինս։

-Չէ՛, ա՛յ բալա, աշխատողն էլ ես եմ, հաց ուտողն էլ,- ժպտաց տատը։

-Օգնող չունե՞ս, որ մենակ ես գնում, ո՞ւմ հողամասն է,- նորից հարցրեց կինս։

Տատը խորը մի ախ քաշեց ու ասաց.

-Իմ պատմությունը շատ է երկար, ճանապարհը` կարճ։ Այստեղ գյուղի զոհվածների համար հողակտորներ են բաժանել, իմ թոռն էլ զոհվեց, նրա բաժինն է…

Արդեն տեղ էինք հասել, ու տատը դանդաղ իջնելով մեքենայից` ձեռքով ցույց տվեց հողակտորը.

-Ա՛յ, սա է թոռանս բաժինը,- ասաց ու նստեց մի քարի։ -Էրեխեք ջան, ապրեք, շատ շնորհակալ եմ։ Իմ կյանքի պատմությունը, իմ բաժին ճակատագիրը որ պատմեմ, աշխարհի թանաքն ու գիրը չի հերիքի։ Ես Հայրենական մեծ պատերազմում զոհվածի այրի եմ։ Ամուսնուս զոհվելուց հետո պահեցի, մեծացրի, ամուսնացրի որդուս։ Որդիս 50-ը չբոլորած` հանկարծամահ եղավ։ Աղջիկ թոռներիս, տղա թոռանս ամուսնացրի։ Սկսվեց Արցախյան պատերազմը։ Թոռս կռիվ գնաց ու զոհվեց Մարտակերտում։ Զոհվելուց հետո էս հողակտորը հատկացրին։ Որդիս անժառանգ չմնաց, փառք Աստծո՝ տղա ծոռներ ունեմ։ Իմ մխիթարանքն են, մեռնեմ նրանց կյանքին։ Պիտի աշխատեմ, պիտի օգնեմ նրանց, ամուսնացնեմ, տուն-տեղ դնեմ, ու նոր թող Աստված հոգիս առնի։ Էսքան տանջանք, տառապանքից հետո էլ Աստված ջան, թե էդ մի խնդիրս իրագործես՝ խաղաղված հոգով կհեռանամ աշխարհից,- ասաց տատն ու ոտքի կանգնեց։

Լուռ հրաժեշտ տվեցինք։ Ճանապարհին կինս թաշկինակն անընդհատ տանում էր աչքերին… Որքան վեհություն, ապրելու ձգտում, կամք, հավատ կար հայ մայրիկի խոսքերում։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր