Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՈՂԱՐԿՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՔՈՂԱՐԿՈՂ ՌԱԶՄԱԶԳԵՍՏԸ

Քողարկող ռազմազգեստը կենդանի ուժի կորուստը նվազեցնող գործոններից մեկն է:

Քողարկման նշանակությունը խիստ մեծացավ այն բանից հետո, երբ 19-րդ դարի ընթացքում զգալիորեն ավելացան հրաձգային զենքի նշանառության ճշգրտությունը, կրակի հաճախականությունը եւ ուժը։ Մինչեւ 20-րդ դարի սկիզբը զորքերի համազգեստը հեռվից լավ տեսանելի էր, վառ գույնի, տպավորիչ. համարվում էր, որ այդպես կարելի է սարսափեցնել թշնամուն, ավելի լավ տարբերել սեփական զորքը ճակատամարտի խառնաշփոթի մեջ եւ կանխարգելել դասալքությունը, քանի որ մարտադաշտը լքողները հեռվից լավ տեսանելի են հրամանատարության համար։

Բացի դրանից, ռազմական ավանդույթները անվայել եւ ամոթալի էին համարում թշնամուց թաքնվելը։ Օրինակ` 1914 թ.-ի մարտերի ժամանակ ֆրանսիական բանակի դաշտային ռազմազգեստը բաղկացած էր վառ կարմիր տաբատից եւ կապույտ բաճկոնից։ Պատերազմի սկզբում այդ ռազմազգեստի կրումը բերեց կենդանի ուժի մեծ կորուստների եւ ստիպեց ֆրանսիացիներին շուտափույթ ստեղծել տարբեր տեսակի քողարկող ռազմազգեստներ եւ դրանցով փոխարինել մինչ այդ եղածները: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց պատերազմին մասնակցող մյուս բանակներում, եւ նրանք նույնպես անցան քողարկող ռազմազգեստի: Արմատապես փոխվեց բոլոր երկրների մոտեցումը` կապված դաշտային ռազմազգեստ կրելու հետ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո համարյա բոլոր դաշտային ռազմազգեստներն արդեն քողարկող էին։

Քողարկող ռազմազգեստներ ստեղծողները սկզբում առաջնորդվում էին այն բանով, որ այն պետք է քողարկի բնական լույսի տակ: Մինչեւ անցյալ դարի երկրորդ կեսը կենդանի ուժի քողարկումը մթության մեջ, գիշերային պայմաններում դժվար չէր: Իրավիճակը կտրուկ փոխվեց գիշերային տեսանելիության (night vision) սարքերի ստեղծման հետ. եղած բոլոր տեսակի քողարկող ռազմազգեստներն այլեւս չէին ապահովում զինվորի քողարկումը մթության մեջ: Ուստի քողարկումը (ինչպես նաեւ քողարկող ռազմազգեստը) դասակարգվեց ցերեկայինի եւ գիշերայինի:

Քողարկման տեսության կարեւոր դրույթներից մեկը այն է, որ համազգեստի համապատասխանությունը միջավայրի գույներին ավելի քիչ կարեւոր է, քան գույների ճիշտ բաշխումը քողարկվող օբյեկտի վրա։ Քողարկումը պետք է խախտի քողարկվող օբյեկտի ուրվագծերը` անճանաչելի դարձնելով դրանք։ Այդուհանդերձ, գույների համապատասխանությունը միջավայրին նույնպես շատ կարեւոր է եւ երբեմն դժվար իրագործելի: Քողարկող ռազմազգեստի գույները պետք է համապատասխանեն մարտական գործողությունների տարածքի գույներին եւ տարվա եղանակին, օրինակ, տափաստանի համար նախատեսված քողարկող ռազմազգեստը խիստ նկատելի կլինի կանաչ դաշտում կամ անտառում եւ հակառակը: Մարտական գործողությունների տարածքի գունափոխումը (օրինակ` զորքերի տեղաշարժի ընթացքում) կարող է անհամապատասխանություն ստեղծել քողարկող ռազմազգեստի եւ միջավայրի գույների միջեւ: Տարվա եղանակը կամ եղանակի հնարավոր կտրուկ փոփոխումը նույնպես պետք է նկատի ունենալ քողարկող ռազմազգեստի ընտրության ժամանակ, օրինակ, ձմեռվա համար նախատեսված քողարկող ռազմազգեստը անձյուն եւ արեւոտ ձմռանը կլինի քիչ արդյունավետ, իսկ աշնանային քողարկող ռազմազգեստը անսպասելի, վաղաժամ ձյան գալու դեպքում կդառնա լավ տեսանելի:

Քողարկող ռազմազգեստի գունային համապատասխանեցումը միջավայրին լուրջ խնդիր է, քանի որ միջավայրը գույների տեսակետից կարող է շատ փոփոխական լինել, մինչդեռ զորքերի քողարկող ռազմազգեստի փոխարինումը, առավել եւս մարտական գործողությունների ժամանակ, գրեթե անիրագործելի է: Նկատի ունենալով այդ հանգամանքը` քողարկող ռազմազգեստի կատարելագործման համար փորձում են օգտագործել պլաստիկ մանրաթելեր, որոնք մտցված են ռազմազգեստի գործվածքի մեջ եւ պարունակում են լուսադիոդներ (LED): Փոքր չափսերի տեսախցիկը համապատասխան սարքի օգնությամբ որոշում է արտաքին միջավայրի գույները եւ նույն գույների լույս արձակում լուսադիոդների միջոցով։ Այդ մոտեցումը արդյունավետ է, բայց շատ թանկ եւ առայժմ չի կարող լայնորեն կիրառվել որեւէ երկրի բանակում:

Թույլ լուսավորության պայմաններում արդյունավետ քողարկումը համեմատաբար հեշտ է, քանի որ մթության մեջ մարդու տեսողությունը խիստ սահմանափակ է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդը տեսնում է աչքի ռեցեպտորների կողմից լույսի ընկալման շնորհիվ։ Ուստի նա կարող է տեսնել միայն լույս լինելու դեպքում։ Հաճախ այն, ինչ մարդուն թվում է բացարձակ մթություն, իրականում ոչ թե լույսի բացակայություն է, այլ դրա չնչին քանակ, որը չեն ընկալում մարդու աչքի ռեցեպտորները։ Մթության մեջ լավ տեսնելու համար մարդը պետք է կամ բարձրացնի իր աչքի ռեցեպտորների զգայնությունը լույսի նկատմամբ, կամ էլ ավելացնի լույսի քանակը։ Հաճախ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հնարավոր չէ: Այդ պատճառով գիտնականները սկսեցին ստեղծել սարքեր, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու մթության մեջ: Սարքերի մի տեսակը էլեկտրոնիկայի միջոցով մեծացնում է առկա լույսի ուժգնությունը մինչեւ աչքի համար տեսանելի դարձնելը: Մյուս տեսակը հիմնվում է այն փաստի վրա, որ մարդու մարմինը ճառագայթում է անտեսանելի ինֆրակարմիր ճառագայթներ, որոնք կարելի է տեսանելի դարձնել էլեկտրոնիկայի միջոցով:

Ներկայումս «գիշերային տեսանելիության» սարքերի զանգվածային կիրառումը քողարկումը դարձրել է անհամեմատ ավելի դժվար: Այս սարքերի դեմ սովորական քողարկող ռազմազգեստը միանգամայն անօգուտ է: Այդ պատճառով փորձեր են արվում ստեղծելու հատուկ ռազմազգեստներ, որոնք թույլ չեն տա զինվորին հայտնաբերել ինֆրակարմիր ճառագայթների գրանցման սկզբունքով աշխատող գիշերային տեսանելիության սարքերով։

Վերջերս, օրինակ, ստեղծվել է համեմատաբար թեթեւ գործվածքից կարված մի ռազմազգեստ, որի վերին բարակ (50 միկրոն հաստությամբ) շերտը կլանում է ինֆրակարմիր ճառագայթները։ Խնդրի մեկ այլ լուծում է այսպես կոչված սինոսֆերների` սնամեջ գնդիկների (cenospheres) կիրառումը։ Ալյումինից եւ սիլիկոնից այդ գնդիկները կարված են hամազգեստի կտորի մեջ եւ կլանում են զինվորի մարմնի ճառագայթած ինֆրակարմիր ալիքները:

Տեսանելի լույսից ավելի կարճալիք (բարձր հաճախականության) էլեկտրամագնիսական ճառագայթումը կոչվում է ուլտրամանուշակագույն լույս (Ultraviolet light): ՈՒլտրամանուշակագույն ճառագայթները, մասնավորապես` դրանց երկարալիք սպեկտրը (UV-A, ալիքի երկարությունը`400-315 նանոմետր (նանոմետրը հավասար է սանտիմետրի մեկ տասը միլիոներորդ մասին)), որը հաճախ կոչում են «սեւ լույս» /Black light/, կիրառվում է տարբեր ռազմական նպատակներով, մասնավորապես` մթության մեջ թշնամու զինվորներին բացահայտելու համար: «Սեւ լույսը» անտեսանելի է մարդու համար, բայց տեսանելի է հատուկ սարքերով եւ, բացի դրանից, կան տարբեր նյութեր, որոնք մթության մեջ տեսանելի են դառնում «սեւ լույսի» տակ, մասնավորապես, սինթետիկ թելեր պարունակող համազգեստը։

Ավելին, եթե բնական հյուսվածքը (բամբակ, վուշ, բուրդ եւ այլն) լվացված է լվացքի փոշիով, ապա այն տեսանելի է դառնում «սեւ լույսի» տակ։ Պատճառն այն է, որ գրեթե բոլոր լվացքի փոշիները պարունակում են գույները վառ դարձնող նյութեր եւ լուսարձակող (ֆլուորեսցենտ) ներկեր, որոնք կլանում են «սեւ լույսը» եւ արձակում կապույտ լույս, որը լավ տեսանելի է մթության մեջ։ Գիշերը «սեւ լույսի» տակ նաեւ լավ երեւում է օսլայած ռազմազգեստը: «Սեւ լույսի» տակ չերեւալու համար ռազմազգեստը պետք է կարված լինի միայն բնական հումքից, չօսլայվի եւ լվացված չլինի լվացքի փոշով։

Արտադրողը քողարկող ռազմազգեստի գործվածքի մեջ կարող է միտումնավոր կերպով մտցնել հատուկ լուսարձակող մանրաթելեր (Photonic textiles), որոնք զինվորին լավ տեսանելի են դարձնում որոշակի սարքերով զննելիս կամ ճառագայթելիս։ Քողարկող ռազմազգեստը կարող է նաեւ մշակված լինել հատուկ նյութերով՝ լումինոֆորներով, որոնք կլանում են աչքի համար անտեսանելի ալիքները, իսկ հետո ճառագայթում տեսանելի ալիքներ (այս երեւույթը կոչվում է լումինեսցենցիա)։ Հատուկ մանրաթելեր պարունակող կամ լումինոֆորով մշակված ռազմազգեստը կարող է տեսքով եւ այլ ցուցանիշներով ու հատկություններով գրեթե չտարբերվել սովորականից: Վաճառողը կարող է տարբեր պատճառներով եւ նկատառումներով գաղտնի պահել գնորդից վաճառված ռազմազգեստների առանձնահատկությունները` այդ մասին տեղեկացնելով գնորդի թշնամուն։ Այս հնարավոր իրավիճակը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել բանակի համար ռազմազգեստի ձեռք բերումը, եթե նախօրոք բազմակողմանի փորձաքննություն չի կատարվում։

Ա. ՄԻՆԱՍՅԱՆ
ավագ լեյտենանտ