Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՄՔ
ԿԱՄՔ

– Վաչիկը հին կռվող է,- ասացին,- լա՜վ կռվող է։ Մասնակցել է բոլոր մարտերին։ Եթե վիրավոր ու ապաքինվելիս է եղել (իսկ վիրավորվել է երեք եւ կոնտուզիա է ստացել երկու անգամ), դադարներ են եղել նաեւ ռազմաճակատներում, կամ՝ դիրքային մարտեր։ Ու դեռ լրիվ չապաքինված, գլխավորել է իր դասակը Մարտակերտում՝ Բաշ Գյունեփայայից մինչեւ Ղազանչի, Ճիլոտից՝ Հեռուստաաշտարակ, Աղդամից՝ Ֆիզուլի, Ջաբրայիլից՝ Ժդանով…

– Իսկ կա՞ մի որեւէ գործողություն, որին Վաչիկն անմասն մնար…

– Եվ պիտի գրե՞ս։ Հնարավո՞ր է այդքանը գրի առնել։ Ո՛չ թուղթ կհերիքի, ո՛չ էլ՝ թանաք։

– Թեկուզ մի մարտի մասին…

– Դե՛, ո՞ր մեկի… Մեր վաշտն ամենուր առաջինն էր…

– Վաչի՛կ, գուցե հեռուստաաշտարակի մա՞րտը պատմես։ Հիշու՞մ ես, թե ինչպես սողալով հասանք թշնամական դիրքեր, ինչպես Գարիկը շտապեց, նա մի՜շտ շտապում էր, ափսո՜ս տղա, բայց ելնելուց առաջ հետ նայեց, ուղիղ աչքերիդ, հետո՝ բերանիդ, նման պահերին դու սաստում էիր, սպառնում՝ ո՛չ, ես քո… պառկի՛ր, այս անգամ չհասցրիր, միայն ժպիտը տեսար, մեկ էլ՝ ելնելն ու… զարկվելը։ Կյանքդ վտանգեցիր, որպեսզի դուրս բերես նրան. ախր նրա ավագ եղբայրն ամիսներ առաջ անհայտ կորել էր մարտի ժամանակ։

– Է՜, ո՞ր մեկը հիշես… Թող տղերքը պատմեն, եւ, ընդհանրապես, պետք չէ իմ մասին գրել, ինձ բոլորը գիտեն՝ բավական է, թե գրում եք՝ Աշոտի, Գարիկի, մյուսների մասին գրեք… Հարյուրավոր զինվորներ եմ ունեցել, հիմա գեներալ են ու գնդապետ, մեդալակի՜ր, շքանշանակի՜ր, նրանցից հարցրեք։ Բայց մի բան հիշեցի, ասելու եմ… Չէ՜, էլի չէի խոսելու, տղաները ստիպեցին՝ պատմեցի… Աշոտի եւ նրա գործի մասին… եւ ժապավենից կտրեցին էդ մասը… Աշոտի մասին… Ես հարկավոր էի Աշոտին, Աշոտը՝ ինձ, իսկ հիմա ու՞մ եմ հարկավոր… Չէ, խոսելու ժամանակներն անցել են…

– Այնուամենայնիվ…

– Տղե՛րք, Վաչիկին օգնության հասնենք, թե չէ էս լրագրողը նեղում է արդեն։

♦♦♦

… Թորքի ուղղաթիռներն այնքան ցածր եկան, որ նռնականետների հրավառությամբ դիմավորեցինք։ Բայց չվախեցրինք։ ՆՈՒՐՍ-երով1 քարուհող արեցին մեր խրամատները։ Ուրեմն՝ հարձակում է լինելու։ Աշոտը նոր դիրք նշանակեց։ Չայլվեցիները չուզեցին դիրքավորվել։ Աշոտը Վաչիկին հանձնարարեց։ Վաչիկն էլ թե՝ որտեղ դասակս, էնտեղ էլ՝ ես, ասաց ու գնաց։ Իսկ Սուրիկն ինչ-որ անհանգիստ էր։ Վատ բան էր կանխազգում։ Ծեգը ծեգին ասաց. «Վաչի՛կ, Քաչալ սարում մարդիկ են երեւում»։ Վաչիկը շրջվեց, նայեց, չէր ուզում հավատալ. «Ծառեր կլինեն»։ Սուրիկը զարմացավ. «Քաչալ սարում ծառեր չկան»։

Երբ լույսը բացվեց, բարձունքի կատարը սեւին էր տալիս։ Մրջյունների պես գալիս էին, հա գալիս, եւ կորչում ձորում։ Վաչիկը հեռակապով խոսեց Հակոբջանյան Գենոյի հետ, իսկ նա ասաց. «Աշխատիր տղերքին դուրս բերել»։ Ջրաբերդում ադրբեջանցիներ էին, հետեւում՝ Քաչալ սարում՝ նույնպես, աջից էլ կիսալուսնի դաջվածքով ԲՄՊ էր գալիս։ Տղաները նռնականետով խփեցին, զրահը հետ տվեց արկը։ Անվտանգ էր միայն խրամատների հակառակ կողմը։ Թիկունքից թշնամու ավտոմատավորներն էին, ԲՄՊ-ից՝ ԴՇԿ-ն2 էր կրակե կարկուտ տեղում։ Կապվեց Գենոյի հետ. «Մի վիրավոր կա»։ Գենոն հարցրեց. «Ո՞նց է վիճակը»։ Վաչիկը ինքնաբերաբար պատասխանեց. «Ոչինչ»։ Կապվեց Սմավար3 Տիկոյի հետ. «Գործի՛ր Քաչալ սարի վրա»։ Ականանետներով խփեց՝ ականները շա՜տ հեռու ընկան։ Վաչիկը մտածեց՝ Քաչալ սարով դուրս պրծնելու հույս չկա։ Տղաներին ասաց. «Մնացեք դիրքում, մենք իջնենք արտերը, գուցե ճանապարհ գտնենք»։ Արտերին հասան, թե չէ, հակառակորդը գործի դրեց գնդացիրները։ Պառկեցին։ Ուզեց նորից կապվել Գենոյի հետ՝ չստացվեց։ «Սա էր պակաս»։ Առանց կապի հաստատ կորած ենք»։ Մտածեց՝ հետ դառնալ եւ որոնել։ Շարժվեց սողեսող։ Իսկ գնդակներն անզգուշորեն բարձրացած գլուխներ էին փնտրում։ Ռադիոկապի խշշոց լսվեց։

Գտա՜։

Այնպես էր հրճվել, ասես շրջապատման մեջ չէր, ասես մահը բարձունքներից չէր հետեւում իրենց։ ԿՊՎԴ-ի4 գնդակները պայթում էին աջ ու ձախ, բայց չէին դիպչում։ Զարմանում էին, որ դեռ ողջ էին։ Հասնում էր յուրայիններին, երբ Արմենը բղավեց. «Վաչի՜կ, գալիս եմ մոտդ»։ Ամբողջ կոկորդով մեկ գոռում է, հայհոյում՝ չգա՜ս։ Իսկ նա չէր լսում։ Եկավ-հասավ հրամանատարին։ «Դե, որ եկել ես, ես քո… ինչ որ անեմ՝ կրկնի՛ր, ոչ մի՛ շեղու՜մ»։ Հեռակապով կանչեց. «Գենո-Վաչիկին», «Գենո- Վաչիկին»։ Անծանոթ մեկը պատասխանեց։ Իսկույն հասկացավ՝ թուրքն էր ընկել կապի մեջ։ «Վաչի՛կ, լսու՞մ ես»։ «Վաչի՛կ, պատասխանիր»։ «Ի՞նչ եք ուզում»։ «Արմենին սպանել եմ, ականջները կտրել, հիմա իջնում եմ քո մոտ, ականջներդ են ինձ պետք»։ Շանթահարի պես շրջվեց։ Արմենը հետ էր ընկել։ Ասելու էր. «Արմե՛ն, հիշու՞մ ես պատվիրանս, հետեւի՛ր ինձ», մեկ էլ սուր ցավ զգաց, մի տոննանոց ծանրություն խփեց մեջքին. նվաղեց ու քարի պես ընկավ։ Մոտեցավ Արմենը. «Վաչի՜կ, Վաչի՜կ»։ «Արմեն… ավտոմատս տար հետդ»։ «Ո՛չ, ո՛չ, բա դու՞»։ «Ատրճանակս բավական է»։ Արմենի աչքերը ճակատը թռան. «Ինքնասպա՞ն…»։ «Արմեն, մայրիկս միայնակ է, կօգնեք մայրիկիս»։ «Բա Վաչիկ… բա ես ի՞նչ անեմ… ի՞նչ պատասխան տամ, ո՞նց կլինի»։

Հանկարծ մեջքը տաքացավ, մարմնով մի հաճելի ջերմություն անցավ, ասաց. «Ոչինչ էլ չի լինի, գալիս եմ»։ Շարունակեցին սողեսող առաջանալ։ Կարծես մի փթանոց բեռ էր կապած մեջքին։ Թշնամին կապարե անձրեւ էր մաղում։ «Ճակատս պինդ է, ինձ չի դիպչում»։ Ներքին այդ ձայնը, դավաճան այդ ձայնը ինչպե՞ս խեղդեր։ Այլեւս չէին շարժվում։ Ուզում էին շունչ քաշել։ Արմենն էլ հավասարվեց։ Չհասցրին խոսք փոխանակել։ Գնդակը կորավ Արմենի գանգուրներում։ Արտասվելու արցունք էլ չկար։ Լավ էր՝ սիրտը լացեց, թե չէ պայթելու էր։ Վե՜ցը սպանվեցին, վեցն էլ՝ գլխից…

Հասավ տղաներին։ Ո՛չ բամբակ կար, ո՛չ էլ վիրակապ, իսկ արյունը հոսում էր վերքից, հոսում էր… հոսում էր… գետի պես…

Խաղողայգին հեռու չէր։ Հասնել էր պետք։ Վազերը կքողարկեին։ Ասաց. «Տղերք, ինձ փոխարինեք»։ Հրաժարվեցին. «Վաչի՛կ, դու կաս, քեզ ո՞վ կարող է…»։ Տնքալով չոքեց. «Ուրեմն՝ իմ ետեւից»։ Նռնականետի արկը պայթեց երեք-չորս քայլ հեռու։ Արյունը ողողեց դեմքն ու աչքերը։ Գլուխը ծանրորեն կախվեց կրծքին։ «Տե՞ղն է գլուխս։ Գլուխը՜ս»։ «Հա՛, հա՛, Վաչիկ, հա՛»։ Շարժվեցին։ Իննից հինգը վիրավոր էին։ «Մեկ-մեկ գնացեք։ Արա՜գ։ Աշոտին ասեք՝ Վաչիկը վիրավոր է, թող մեքենա ուղարկի»։ Գնացին, սակայն չվերադարձան։ «Ինչու՞ ուղարկեցի…»։

Յաշա Խաչյանի հետ էր մնացել։ Հազիվ էր մնում ծնկների վրա։ Նա արդեն հատել էր մահվան ու կյանքի սահմանագիծը։

– Յաշա ջան, Յաշա… իմ ավտոմատն էլ բեր, ես կկռվեմ, միայն դու բեր, ես էլ չեմ կարող…

Ձեռքին՝ վեր պարզած ատրճանակն էր, կուրծքն առաջ էր ցցել, ծանրացած գլուխը հազիվ էր պահում ուսերին, գնում էր չոքեչոք…

Իսկ թշնամին գալիս էր։ Գալիս էր ոհմակով։ Աչքերի վայրենի փայլով։ Ճանապարհի մի կողմում Վաչիկն ու Յաշան էին, մյուսով՝ ոհմակներն էին սուրում։

Սողեսող անցնում էին արտի միջով, կրակների միջով, կապարե անձրեւի տարափի տակ… Որ կողմ նայում էին՝ հրդեհ ու ծուխ էր. մեր գյուղերն էին վառվում, մեր գյուղերով թուրքն էր անցնում…

Ճանապարհն օղակել էր բլրի մեջքը։ Իսկ բլրի վրա երեք ԲՄՊ էին ու սեւ կոմբինեզոնավորների մի խումբ…

– Մերո՞նք են, Յաշա՜։

– Թորքեր են, Վաչի՛կ։

– Մերոնք են… հա՜յ են…

– Չէ, չէ, թուրքեր են… նման են…

– Գնանք, Յաշա, էն ծառն ինձ կանչում է, գնանք ծառի մոտ, ես կհանգստանամ, մինչեւ… գուցե մատնեն իրենց…

ԲՄՊ-ների ու կոմբինեզոնավորների խմբից ծույլ խոսեց ավտոմատը… Մի րոպե եւս, եւ սուլեց երկրորդ գնդակը։ Հետո՝ երրորդը։

-Հաստատ մերոնք չեն… փորձում են… ստուգում…

– Գնացինք, Յաշա, գնացինք…

– Վաչի՛կ, բայց շեկ են անիծվածները, վայ թե ռուսներ կամ խախոլներ են…

Բլրից ճանապարհը՝ ոնց որ ափի մեջ… Միեւնու՞յնը չէ՝ որտեղ մեռնել… «Գնու՜մ ենք, Յաշա»։

Շարժվեցին։ Աստված չէին կանչում։ Նա վերեւից տեսնում էր… Վերեւ չէին նայում։ Իսկ ինչու՞ նայեին, երբ այնտեղ մերոնք էին… Ինչու՞ վերեւից կրակել ճանապարհով վիրավոր փոխադրողի վրա, երբ նրանք էլ յուրային են… Իսկ ինչու՞ վախենալ յուրայինից…

Ճանապարհից մինչեւ արտերը շատ չէր մնացել… Արտերում էլ հասկը ծփում էր, կարոտում հնձվորի գերանդուն… Իսկ գերանդու փոխարեն զավթիչի կրակն էր հունձ անում… Ափսո՜ս, արտեր, ափսո՜ս, շեն գյուղեր, ափսո՜ս, սար ու ձոր, անտառ ու դաշտ… Ափսո՜ս, մենք…

Ճանապարհի երկայնքով մեկ մեքենաներ էին՝ անտեր-անտիրական…

Թնդանոթներ… Դրանք էլ էին ձգել-գնացել… Ե՞րբ էր վերջանալու այս դժոխքը…

-Վաչի՜կ, հայե՜ր են… Գալի՜ս են… Շտապ օգնության մեքենան դուրս է եկել…

Արյան մեջ չէր երեւա Վաչիկի ժպիտը, իսկ բժիշկները խորհուրդ էին տալու նրան Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխել, որպեսզի ռենտգենով պարզեն, վնասվա՞ծ է ողնաշարը, եւ պարզվելու է, որ գնդակը ողնաշարի մոտ միայն երկու անցք է բացել, իսկ Աշոտը արցունքների միջից տեսնելու, բայց չի ճանաչելու Վաչիկին, հետո ճանաչելու, բայց չի հավատալու ու անընդհատ կրկնելու է. «Վաչի՜կ… ո՞ղջ ես… Վաչի՜կ…»։

♦♦♦

– Վաչիկը պինդ ոսկոր է, ղարաբաղցու կող ունի, ապարանցու՝ ճակատ,- ասացին։

– Այդ գողգոթայից հետո նա էլի է կռվել ու կռվել, էլի՛ է վիրավորվել ու ապաքինվել, այնուհետեւ ադրբեջանցու քոչը քշել է շա՜տ ու շատ հեռու… Հետո, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, որպես վետերան, զբաղվել է երիտասարդ զինվորների ուսուցմամբ, ապրել է իր տուն ու տեղի, իր հարազատների հոգսերով…

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. ռուս. հապավում՝ չկառավարվող հրթիռային արկ։
2. Դեկտարյովի, Շպագինի և Կալաշնիկովի խոշոր տրամաչափի գնդացրի ռուս. հապավումը։
3. Սմավար-ականանետորդների ընդհանրական անվանումը պատերազմի տարիներին:
4. Վլադիմիրովի, Դեկտարյովի խոշոր տրամաչափի գնդացրի ռուս. հապավումը։