Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻ
ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Եթե մենք պարտադրված լինենք պատերազմելու, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք: Ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻՄարտական հենակետում, որտեղ կանգնած են տղաները, այժմ համեմատաբար խաղաղ է: Դիմացը ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրն է, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի շնչավոր չէր մնացել: Հիմա նորից սկսել են վառվել լույսերը: Մի քանի մարտական հենակետ այն կողմ կապիտան Ա. Ուրֆանյանի և իր զինակից մարտընկերների հերոսացման վայրն է: Այս հենակետում էլ տղաները կանգնած էին ամուր ու անսասան:

Ապրիլի 2-ին Գավառից Արցախ մեկնած 38 ազատամարտիկներ ամսի 3-ին արդեն տեղ էին հասել: Տեղ հասնելուն պես ազատամարտիկների ջոկատի հրամանատար Աշոտ Գասպարյանը, երբ զորամասի շտաբում տղաների տեղաբաշխման հարցն էր քննարկվում, ծանր վիրավորվեց թշնամու անօդաչու թռչող սարքի արձակած հրթիռների պայթյունից: Չնայած ծանր վերքերին` Աշոտը տղաներին հանձնարարեց կանգնել մեր զինվոր տղաների կողքին: Տղաները բաժանվեցին տարբեր հենակետերի վրա: Այս հենակետում էին ազատամարտիկներ Արայիկ Գևորգյանը, Արտուշ Սարգսյանը և Վարդան Պետրոսյանը: Հենակետի հրամանատարը կապիտան Ալեքսանդր Հովսեփյանն էր, դասակի հրամանատարը` լեյտենանտ Եղիշե Մուսինյանը:

-Մեր մասին ուզում եք՝ գրեք, ուզում եք՝ մի գրեք,- ասում է ազատամարտիկ Արայիկ Գևորգյանը,- բայց անպայման պիտի գրեք այս հերոս զինվոր-տղաների անունները: Ինչ ասեմ, մենք, որ պատերազմի բովով անցել էինք, ու թվում էր, թե ազատամարտի մեր ընկերների քաջագործություններով ամեն ինչ ասված էր` պարզվեց` այդպես չէ, մեր 18-20 տարեկան տղաները գերազանցեցին մեզ ամեն ինչով: Կռվի թեժ պահին կերպարանափոխվում են, կիրառում տարբեր մարտավարություն, իսկ մեզ դիմում են մի խնդրանքով. «Դեդ, դուք միայն փամփշտակալները լիցքավորեք»: Այսպես էին ասում ու.. ի~նչ կռիվ էին տալիս մեր տղերքը, ես նրանց ցավը տանեմ: Անցեք բոլոր հենակետերով, գրեք նրանց մասին, նրանց անունները:

Ահա, թե ովքեր են կանգնած մարտական այդ հենակետում.

ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻԴիրքի ավագ, սերժանտ Վահե Բարսեղյան, հրաձիգ-վարորդ, շարքային Հայկ Բադալյան, հրաձիգ-նռնականետորդի օգնական, շարքային Գևորգ Դավթյան, նռնականետորդ, շարքային Արամ Հովհաննիսյան, գնդացրորդ, շարքային Ռոբերտ Սարգսյան, հրաձիգ շարքայիններ Հակոբ Կոստանդյան և Կարո Վարդանյան:

Քառօրյա պատերազմից հետո տղաները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարբեր բնակավայրերից ծանրոցներ, նամակներ էին ստանում: Այդ նամակներից մեկն է ընթերցում Հայկ Բադալյանը, որը ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանցիների հերթական հրետակոծության ժամանակ վիրավորվեց և այժմ բուժվում է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում: Հայկը մշտապես կապի մեջ է իր ծառայակից ընկերների հետ: Անհամբեր սպասում է այն օրվան, երբ նորից կմիանա իր ընկերներին, նրանց հետ կհսկի հայրենի սահմանները: Ընկերների հետ հարկ եղած դեպքում նորից դաս կտա թշնամուն: Այնպիսի դաս, որը երբեք չի մոռանա թշնամին: Չի մոռանա, սակայն չի էլ սերտի, որովհետև սեփական հողը, հայրենիքը միայն կօգնի այդ դասը յուրացնել: Ոտքիդ տակ պիտի հայրենի հողը լինի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ