Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ



ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ԾՐԱԳՐԵՐՈՒՄԱդրբեջանի և Իսրայելի վարչակարգերի միջև ձևավորվել է ռազմական յուրատեսակ դաշինք, որ, ըստ փորձագետների, ուղղված է թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի դեմ: Ռազմաքաղաքական այդ համագործակցության շրջանակներում վերջին չորս տարիների ընթացքում Բաքվին վաճառվել է շուրջ հինգ միլիարդ դոլարի իսրայելական սպառազինություն: Ավելին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական երկու ռազմական ինքնաթիռ թռիչք են իրականացրել դեպի իսրայելական «Ուվդա» ավիաբազա:

ԽՍՀՄ փլուզումից հետո Անդրկովկասը հայտնվել է Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում: Այդ խնդիրն առաջացավ 2006 թվականին  Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության հովանու ներքո գործող «Հզբոլլա» խմբավորման կողմից պատմության մեջ առաջին անգամ իսրայելցիների լրջագույն պարտություն կրելուց հետո: Այն նպաստեց տարածաշրջանում Իրանի ազդեցության և հեղինակության բարձրացմանը: Իսրայելական վերնախավը փորձում է ստեղծել հակաիրանական տրամադրվածությամբ երկրների մի օղակ, որը ժամանակի ընթացքում կարող է խեղդել իսլամական հանրապետությունը: Եվ Իսրայելը, ի դեմս Ադրբեջանի, Անդրկովկասում գտնում է հակաիրանական դաշինքի ամենահարմար թեկնածուին:

Իսրայելը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ադրբեջանական նավթի գնորդների ցուցակում հինգերորդն է, առաջատար է նաև գազի գնման ոլորտում: Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև գերազանցում է տարեկան 4 միլիարդ դոլարը:  2009 թվականից իսրայելական ընկերությունները Ադրբեջանում ներգրավված են ավիացիոն ոլորտում և աջակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրությանը: Բաքուն ստանում է նաև իսրայելական ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև այլ  ժամանակակից սպառազինություն: Երկու երկրները համագործակցում են նաև հետախուզական տվյալների փոխանակման դաշտում: Ավելին՝  իսրայելական ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստացել օգտագործելու Ադրբեջանի 4 ռազմական օդանավակայանները:

Իսրայելա-ադրբեջանական համագործակցությունն ունի նաև ստվերոտ կողմեր. ադրբեջանական լայն հասարակությունը հիմնականում բարյացակամ չի ընդունում հրեական պետության հետ համագործակցությունը՝ այն որակելով որպես «դավաճանություն իսլամական աշխարհի դեմ»: Ադրբեջանի տարեցտարի ուժեղացող իսլամականացումը հանգեցնում է Պաղեստինի ինքնավարությանը սատարելու ավելի մեծ ձգտումների, ինչը չի կարող դրական ընդունվել Իսրայելի կողմից:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի պայմաններում իրանական ազդեցության ուժեղացումը Ադրբեջանում Թել Ավիվին դրդում է ուժեղացնելու կապերը Բաքվի հետ: Մերձավոր Արևելքում՝ հիմնականում Թուրքիայի տարածքում, Քրդական պետության ստեղծման գաղափարով առաջնորդվող Իսրայելին ձեռնտու է նաև Ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը: Դրանով իսկ ե՛ւ արևելքում, ե՛ւ հյուսիսում  Իրանի համար ստեղծվում է ռազմական գործողությունների թատերաբեմ, մանավանդ, երբ բավական բարդ իրավիճակ է նաև իրանա-աֆղանական և իրանա-պակիստանյան սահմանին:

Բնական է, որ Բաքուն ևս շատ է հետաքրքրված ոչ միայն  ռազմաարդյունաբերական ոլորտում Թել Ավիվի հետ համագործակցությամբ, այլ նաև՝ ռազմաքաղաքական:  Իսրայելի հետ դաշինքը Ադրբեջանին հնարավորություն է տալիս  ոչ միայն հոգեբանական ճնշում գործադրելու Իրանի վրա, այլ նաև հանդես գալու իսլամական աշխարհում որպես հրեական պետության հետ հարաբերությունների կամուրջ: Ղարաբաղյան հիմնահարցի ցանկացած հանգուցալուծման դեպքում Բաքուն կփորձի իր կորուստները փոխհատուցել՝ ընդգրկվելով Իրանին ուղղված ցանկացած ծրագրերում, ընդհուպ մինչև ռազմական: Բացի այդ, ադրբեջանական ղեկավարությունը շահագրգիռ է Քուրդիստանի ստեղծմամբ՝ այն դիտարկելով իբրեւ Հայաստանի և Իրանի դեմ ուղղված սպառնալիք: Ավելին, ադրբեջանական ղեկավարությունը վերջերս այնքան էլ չի վարանում օգտագործելու քրդական գործոնը Թուրքիայի իշխող վարչակազմի հետ հարաբերություններում:

Փաստենք, որ մոտ ժամանակներս իսրայելական սպառազինության մատակարարումն Ադրբեջանին կշարունակվի: Բաքուն շարունակելու է ուժեր կուտակել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, այլ նաև Իրանի սահմանին՝ ապահովելով  Թեհրանի նկատմամբ որոշակի հոգեբանական ճնշում:

Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Տարածաշրջան


19/05/2016