Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿՆԵՐԸ



ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿՆԵՐԸՀԱՅՐԻԿՍ ԿՌԻՎ ԳՆԱՑ…

Երեւանի Աբովյան փողոցով քայլելիս անցորդների ուշադրությունը իսկույն գրավում են Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահի պատուհանները: Դրանց  ողջ երկայնքով այս օրերին  փակցված զինվորների պատկերները մեր երեխաների ստեղծագործություններն են: Սահմանին տիրող իրավիճակին իրենց վճիտ հայացքով «հետեւում» են նաեւ մեր երկրի փոքրիկ բնակիչները՝ կերպավորելով ու թղթին հանձնելով բոլորիս խաղաղ կյանքի պաշտպաններին՝ քաջարի զինվորներին:

 

Ես նույնպես չկարողացա անտարբեր անցնել նրանց կողքով: Գեղագիտության կենտրոնում ծանոթացա փոքրիկ ստեղծագործողներին, նրանց զարմանալի գունագեղ աշխատանքներին, նվիրյալ մանկավարժներին: Այստեղ արդեն պիտի պարզեի, որ այս պատկերները անտարբեր չէին թողել, պատկերասրահ էին հրապուրել նաեւ այս օրերին Հայաստանում «Ավրորա» մրցանակաբաշխության առաջին հաղթող ճանաչված բուռունդիացի խիզախ տիկնոջը՝ Մարգարեթ  Բարանկիցեին: Նա պատկերասրահի կողքով անցնելիս նկատել է պատուհանների ապակիներին փակցված զինվորների նկարներն ու ներս է մտել՝ ծանոթանալու:

Ցուցափեղկերից մեզ նայող զինվորների պատկերների շարքը գեղագիտության ազգային կենտրոնի եւ Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի 8-ամսյա «Երկիր իմ դրախտավայր» կրթաճանաչողական եւ ստեղծագործական ծրագրի մասն է կազմում: Ծրագիրը կյանքի է կոչվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին:

ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿՆԵՐԸ-Եղեռնից փրկված ամենամեծ ու կարեւոր արժեքը մեր մշակույթն է,- ասում է Գեղագիտության ազգային կենտրոնի նկարչական արվեստանոցի ղեկավար, նկարչուհի Սոնա Բանոյանը:- Երբ սկսեցինք աշխատանքները, դեռ զինվորների նկարների գաղափարը չկար: Օդում, իհարկե, ինչ-որ լիցքեր կային. պետք էր ենթադրել, որ լուրջ բան է հասունանում:  Քանի որ ուզում ենք՝ մեր «Ծաղկած Հայաստանը» երբեւէ այլեւս մեզ պատուհասած Եղեռնի արհավիրքը չտեսնի, այս ցուցադրության մեջ հատուկ  շեշտել ենք մեր հզոր բանակի, մեր քաջ զինվորների դերը: Կարծում եմ՝ հիմա բանակին պետք է ուղղված լինեն մեր բոլոր ուժերը՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեւոր, քանի որ հատկապես այս պահին այն ամեն ինչի հիմքն է:  Այդ իմաստով մեր սաների աշխատանքը ոչ միայն ցուցադրություն է, այլեւ՝ պահանջ: Եվ այն, ինչ մենք ենք անում, դա էլ ազգի հարատեւման պայքարի մեր բաժինն է:

Կենտրոնի հարկի տակ գործող ստեղծագործական այս դասարանը տասնամյակներ շարունակ ամենաբարձր մակարդակով ներկայացնում է մեր արվեստը ինչպես երկրի տարածքում, այնպես էլ միջազգային հարթակում:

-Զինվորն այնտեղ՝ սահմանին կանգնած միայն հողատարածք չի պաշտպանում. նա արժեքներ է պաշտպանում,- ասում է կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը:-  Մեր երեխան  մեր մշակութային ժառանգության շարունակողն է: Աշխարհի ոչ մի երկրում այս ասպարեզում մրցակից չունենք. սա անհերքելի փաստ է: Գույնն ու լույսը ներհայեցողաբար շատ ճշգրիտ են զգում մեր երեխաները: Սա միանշանակ գեների խնդիր է. մեր մանկավարժներն ընդամենը վերծանողի դերում են: Նրանք երեխայի համար հայտնաբերում ու ցույց են տալիս իր սեփական ներաշխարհը, ինչից հետո ականատես ենք լինում հրաշքի… Սա իհարկե մեծ արհեստավարժություն եւ մանկավարժական ձիրք է պահանջում: Գաղտնիքը նաեւ Սոնա Բանոյանի աներեւակայելի խորասուզումն է փոքրիկների գաղտնի աշխարհը, երեխայի գեղագիտական կարողությունները շարժման մեջ դնելու, դրանց տարերային անկանխատեսելիությունն ուղղորդելու զարմանալի կարողությունը:

ԱՆԱԳԵ ՏՈԿՈՒՆ ԶԻՆՎՈՐԻԿՆԵՐԸՍտուդիայում այդ պահին աշխատող բոլոր երեխաները զինծառայության մեջ բարեկամներ ու հարազատներ ունեն: Նրանք գիտեն, թե ինչն են պաշտպանում մեր զինվորականները: Սոնա Ավետիսյանի հայրիկն էլ այս պահին զինվորական ծառայություն է իրականացնում:

-Ո՞ւմ ես պատկերացրել քո զինվորին նկարելիս,- հարցնում եմ:

-Այն ժամանակ դեռ հայրիկս չէր ծառայում, բայց ես մտովի հենց նրան եմ պատկերացրել:

-Իսկ ինչպիսի՞ն է հայրիկդ:

-Քաջ, ուժեղ ու բարի՝ պահապան զինվորի նման,- պատասխանում է ութամյա աղջիկը:

Ավելի ուշ կպարզեմ, որ Սոնայի քաջ, ուժեղ, բարի, պահապան զինվոր հայրիկը հենց Սոնա Բանոյանի որդին է՝ Վերահսկիչ պալատի ավագ գիտաշխատող Վարշամ Ավետիսյանը, որ ապրիլի 2-ին կամավոր ներկայացել է զինկոմիսարիատ՝ ճակատ մեկնելու հաստատակամությամբ: Ամսի 12-ից նա ծառայության մեջ է:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


12/05/2016