Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՄ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՆԿՆԴԻՐԸ ԶԻՆՎՈՐՆ Է
ԻՄ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՆԿՆԴԻՐԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Զրույց մշակույթի վաստակավոր գործիչ գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆԻ հետ

 

ԻՄ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՒՆԿՆԴԻՐԸ ԶԻՆՎՈՐՆ Է-Գուսան Հայկազուն, պատահական չէ, որ «Հայ զինվորը» հարցազրույց է անում Ձեզ հետ այս օրերին, երբ հայոց բանակը ժողովրդի հետ միասին հերոսաբար ու անձնուրաց փակում է դարավոր թշնամու ճանապարհը` պաշտպանելով հայրենիքը:

-Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք,

Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացե՛ք,

Նոր կազմավորվող հայոց բանակի

Առաջին զինվորն եք, հպարտ գնացեք…

Ինչքան էլ որ դժվար լինի, դիմացե՛ք,

Հողը արյունով են պահում, իմացե՛ք…

Այս և բազմաթիվ այլ երգերի խրոխտ ու ոգեշունչ պատգամներով 90-ականներին Դուք կռիվ էիք ճանապարհում, Ձեր բառերով ասած, նոր կազմավորվող բանակի առաջին զինվորներին` պաշտպանելու իրենց երկիրը, այսօր` 25 տարի անց, ազգային բանակի նոր սերունդը դարձյալ սխրանքներ է գործում սահմանին` կյանքը հայրենիքի ազատության համար նվիրաբերելու պատրաստ: Նոր երգեր չե՞ք ձոնել նրանց: Նրանք արժանի են փառավորվելու:

-Հոգիս ափեափ լցված է հպարտությամբ, ցավով, ցասումով, ցնծությամբ, ու մեղեդին ինքն իրեն է ծավալվում: Բառերն ինքնաբերաբար են ծնվում: Թող ինձ  ներեն 18-20 տարեկան մեր հերոս զինվորները, բայց ես մտածում էի, որ վտանգի դեպքում էլի մենք ենք կանգնելու թշնամու առաջ` հին գվարդիականներս: Բայց… մեր հին, ազնիվ արյունը խոսեց: Էդ ինչ արծիվներ են սահմանին, ինչ գեղեցիկ սերունդ է` մեկը մյուսից հզոր, քաջ, պատվախնդիր, ազատ… Ես հիշում եմ մեզ Արցախյան պատերազմի ժամանակ ու չեմ կարող չխոստովանել, որ երիտասարդ սերունդը` այսօրվա զորքը, շատ ավելի հմուտ է, կազմակերպված:

-Ինչո՞ւ էիք կարծում, թե այսօրվա զինվորները չեն կարողանա ավագների խիզախությամբ ու ռազմական տաղանդով դիմակայել թշնամուն, չէ՞ որ Դուք պարբերաբար այցելում եք զորամասեր, տեսել եք, թե ինչ ջանասիրությամբ են զինվորները մարզվում, սովորում ռազմական գործը: Թե՞ համերգների ընթացքում առիթ չեք ունեցել ծանոթանալու զինվորների առօրյային, ռեժիմին… Եվ հետո` խորհրդային երկրում մեծացած Ձեր սերունդը ինչո՞ւ պետք է իր ոգեղենությամբ, քաջությամբ ու հայրենասիրությամբ գերազանցեր անկախ հայրենիքում ազգային դաստիարակություն ստացած երիտասարդ հային:

-Ես և իմ ղեկավարած «Հայկազունք» համույթը եղել ենք բոլոր զորամասերում և` ոչ մեկ անգամ: Իմ հայրենասիրական և ռազմի երգերը ծնվել են հենց ազգային բանակի ուժն ու ամրությունը տեսնելու ոգևորությունից ու առաջին հերթին հայ զինվորի համար են: Իմ ամենալավ ունկնդիրը զինվորն է, ես զգում եմ նրա արյան հոսքն ու սրտի տրոփը իմ երգերը լսելիս, ու հոգիս ձուլվում է նրա հոգուն: Ինչպես կարող եմ մտնել զորամաս ու չտեսնել, թե իմ զինվորն ինչպես է զենք բռնում, կրակում, մարզվում… Իհարկե, տեսել ու հիացել եմ մեր բանակի մարտունակությամբ, բայց, այդուհանդերձ, մտածել եմ` եթե պատերազմը վերսկսվի, սահմանին հին կռված տղերքի փորձառությունն ու կամքն են պետք լինելու:

Իմ կարծիքով, մենք որքան ինքնազոհաբար ու անթերի կռվում, նույնքան  եսասիրաբար ու սխալ ենք օգտագործում խաղաղության տարիները: Երբ Դուք թերթել եք մեր պատմության էջերը, չե՞ք նկատել, որ պատերազմից պատերազմ ընկած ժամանակահատվածում հենց մենք դադար ենք առել, սկսել ենք փութաջանորեն եկեղեցի կառուցել, մինչդեռ…

Տեսեք, միայն Անիում հազար ու մեկ եկեղեցի է եղել, Նախիջևանում` 30 հազար խաչքար… Հիմա դրանցից քանի՞սն են կանգուն… Երբ եկեղեցի ու խաչքար ես կերտում, պիտի մտածես նաև դրանք պաշտպանելու մասին: Պատմությունը մեզ  ծանր դասեր է տվել, բայց մենք հետևություններ չենք արել… Մենք պիտի զինագործների ազգ լինեինք, ոչ թե շինարարների, դա էր պահանջում դաժան իրականությունը:

-Եթե եկեղեցաշինությունը ձևից փոխվեր բովանդակության, եթե քրիստոնեական վարքականոնը դառնար ազգային դիմագիծ ու միաբաներ բոլորիս, ավելի ուժեղ ու կենսունակ կլինեինք: Եթե մենք կարողանայինք մշակույթն ու բանակը, մտավորականին ու զինվորին ավելի մոտեցնել իրար… Անցյալ տարի օգոստոսյան դեպքերի ժամանակ Դուք Ձեր խմբով մեկնեցիք Արցախ, եղաք ամենավտանգավոր սահմանային զորամասերում, որպեսզի զինվորի ոգին բարձրացնեք, որպեսզի ասեք` մենք էլ ենք զինվոր ու քո կողքին ենք: Մեզ այս միասնականությունը շատ է պետք:

-Ես միշտ զինվորի կողքին եմ: Ես բանակով եմ ապրում: Ու չեմ հասկանում այն հայերին, որոնք հեռանում են Հայաստանից` բանակից, Արարատից, իրենց ծննդավայրի օդ ու ջրից:

-Այնքան հանգիստ եք հեռանում`

Լքած օջախ ու տանիք,

Կարծես՝ շապիկ եք փոխում,

Այլ ոչ՝ չքնաղ հայրենիք…

Ամեն հեռացողի հետ հայրենիքը թուլանում է, վիրավորվում, փոքրանում: Ես ծնվել եմ արքայանիստ Արտաշատում: Ամեն օր նայել եմ Մասիսին, քայլել եմ այն հողի վրա, որտեղ Տիգրան Մեծի, Արտաշեսի, Պապ թագավորի ոտնահետքերն են: Ես ծառ եմ, ու իմ արմատները խրված են ծննդավայրիս հողի մեջ, իմ ավիշն ու արյունը այդտեղ է: Ինչպե՞ս հեռանամ, ո՞ւր հեռանամ…

-Ահա թե որտեղից են սնվում Ձեր երգերը` այդքան հպարտ, հզոր, պինդ, հայկական:

-Ես Խոյի Սալմաստ գավառից եմ, խոյեցիներ են Նաղաշ Հովնաթանը, Րաֆֆին, Սլավը, Համո Սահյանը: Իմ պապը հայտնի տաղասաց էր, սրնգահար հայրս խորհրդային տարիներին հանրապետական մրցանակ էր շահել: Մայրս` Լուսյա Նազարյանը, քույրս` Նանեն, Գրողների միության անդամներ են` բանաստեղծուհի…

-Հպարտանալու տեղ ունեք…

-Շատ կհպարտանայի, եթե պաշտպանության բանակի անվանումը փոխեին` հանեին «պաշտպանություն» բառը: Այդ բառն ինձ խեղճացնում է: Ինչո՞ւ պիտի մենք միշտ պաշտպանվենք: Պաշտպանվելով՝ մեր կորցրածը ետ չենք բերի, մեր պատմական խնդիրները չենք լուծի: Ես շրջել եմ մեր արևելյան տարածքներով, եղել եմ Արևմտյան Հայաստանի բոլոր գավառներում… Կգա մի օր, երբ հողը էլ մեզ չի ճանաչի, չի զգա: Սիրտս մղկտում է այս բառերն ասելիս:

-Սիրելի՛ գուսան Հայկազուն, շնորհավորում եմ Ձեր ծննդյան 65-ամյակը, չեմ կարող չնշել, որ այդ տարիքում Դուք կրկին հայրանալու եք: Առողջ ու երջանիկ եղեք:

-Շատ եմ ուզում` զինվոր ծնվի:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ