Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ...
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ…

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ...Այսօր, երբ թշնամին ամեն օր նոր, ավելի ծավալուն պատերազմի վերսկսման մասին իր հին երգն է երգում, երբ հայ զինվորը կանգնած է սահմանին՝ պատրաստ հակահարվածի, մեր մեծերի հետ ոգեղեն շփման կարիքն ենք զգում ավելի քան երբևէ, նրանց հետ, ովքեր մեր ազգի օրհասական պահերին անմնացորդ նվիրվել են Հայրենիքի պաշտպանության  սրբազան գործին, պայքարել ոչ միայն արվեստով, այլև զենքով՝ հանուն  մեր ժողովրդի հարատևման:

 

Զենքի ու գրչի օրինակները բազմաթիվ են: Կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը՝ մեր մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի որդին, որ դեռ ծառայությունը չավարտած՝ մեկնում է ռազմաճակատ, որպեսզի համատեղի երկու՝ թվում է՝ անհամատեղելի բաներ՝ արվեստն ու զենքը, և դա անում է կատարելապես: Այսպիսին էր մեծն Մարտիրոս Սարյանը, որ, շատերի վկայությամբ, Հայրենական պատերազմի չորս տարիների ընթացքում ծերացավ իր որդուն սպասելով, բայց և շարունակեց ստեղծել արվեստի իր անմահ կոթողները՝ թիկունք կանգնելով պատերազմող իր ժողովրդին, իր որդուն: Եվ այդ ե՞րբ է հնարավոր լռեցնել ներսից փոթորկող մուսաներին:

Ղազարոս Սարյանը, որ 1939 թվականին զորակոչվել էր Կարմիր բանակ ու շուրջ երկու տարի ծառայել Կիևի մատույցներում, Հայրենական Մեծ պատերազմն սկսվելուն պես  հայտնվեց ռազմաճակատի առաջնագծում և իր եզակի կազմակերպվածության շնորհիվ հասավ մարտական դասակի հրամանատարի աստիճանին: Ավելին՝ նա՝ ավագ սերժանտ Սարյանը, շուտով արժանանում է «Մարտական ծառայությունների համար» մեդալի,  «Յու-88» տեսակի գերմանական ինքնաթիռ խոցելու համար՝ «Մարտական Կարմիր դրոշի» (1943): Այս ամենի հետ մեկտեղ Ղազարոս Սարյանը  ղեկավարում էր նաև զորագնդի գեղարվեստական ինքնագործունեությունը:

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ...Պատերազմի սկզբում 7-րդ զենիթահրետանային գունդը, որի կազմում կռվում էր Ղազարոսը, մեծ կորուստներ կրելով, ստիպված է լինում միառժամանակ նահանջել: 5 ամիս Ղ. Սարյանն իր մասին հարազատներին լուր հաղորդելու հնարավորություն չի ունենում: 1942թ. հուլիսին Մարտիրոս Սարյանը հարցում է անում որդու մասին և ստանում 7-րդ զենիթահրետանային գնդի զինկոմ Գրիբենյուկի պատասխանը. «Հայտնում եմ, որ Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սերգեևիչ Սարյանի որդին՝ ավագ սերժանտ Ղ. Մ. Սարյանը, ողջ-առողջ է և ծառայում է ինձ ենթակա գնդում: Ինքնագործունեության ակտիվ մասնակից է, Կարմիր բանակի խիզախ և նախաձեռնող զինվոր: Խորին շնորհակալությունս հայտնեք հորը՝ որդու դաստիարակության համար»: Նույն Գրիբենյուկի խիստ կարգադրությամբ՝ սերժանտ Ղազարոս Սարյանը երեք օրվա ընթացքում սովորում է  բայան նվագել: Այդ օրից բայանը դառնում է թե՛ Ղազարոսի, թե՛ գնդի անբաժան ուղեկիցը:

Նորից ու նորից զարմանալ կարելի է, թե ինչպես են համադրվել ստեղծագործող նրբազգաց երաժշտի և մարտիկի այս կամային որակները: Իր հիշողություններում Ղազարոս Սարյանը պատերազմական  օրերից մի այսպիսի դեպք է պատմում:  Գարունը առաջնագծում հատկապես տխուր զգացմունքներ էր առաջացնում: Այդ օրը, երբ արևը մայր էր մտնում, արևմուտքից երևացել է թռչունների մոտեցող երամը, որ գեղեցիկ երաժշտական մեղեդի է արթնացրել նրա մեջ: Քիչ անց պարզվել է, որ գերմանական  «յունկերսներ» են թռչում՝ անջատված շարժիչով:  Բայց նրա հոգում այդ օրը ծնված մեղեդին չէր կորչելու. պատերազմից հետո այն դարձավ Ղ. Սարյանի  «Սիմֆոնիկ պոեմի» լեյտմոտիվը:

1944թ. փետրվարին հարավարևմտյան ռազմաճակատի գեղարվեստական ինքնագործունեության ստուգատեսին մասնակցող Ղազարոս Սարյանի ղեկավարած գնդացրորդների խումբը  առաջին մրցանակի արժանացավ: Ղազարոս Սարյանը և մյուս ղեկավարները պարգևատրվեցին «Կարմիր աստղի» շքանշանով: Ստուգատեսի ժյուրիի նախագահ հռչակավոր Իսահակ Դունաևսկին նրանց հաջողության առիթով ասել է. «Ձեր ինքնագործունեությունից փամփուշտի հոտ է գալիս»:

Որդուց հատուկենտ ստացվող նամակները հզոր լիցք էին հաղորդում դարի մեծ նկարչին: Սարյանի վրձինը բեղուն է լինում պատերազմի տարիներին՝ 322 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք:

Հայրենական մեծ պատերազմի տարիների իր անդադրում ստեղծագործական գործունեության համար Մարտիրոս Սարյանն արժանանում է «Աշխատանքային արիության համար» մեդալի:

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ...Ասում են՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո մարդիկ շնորհավորելու էին գալիս Մարտիրոս Սարյանին՝ հաղթանակի ուրախությունը մեծ նկարչի հետ կիսելու ներքին մղումով: Նրա արվեստանոցում տեղ ու դադար չկար երփներանգ ծաղիկների փնջերից: Այդ ծաղիկներից է «հյուսվում» պատերազմի հայ մարտիկներին նվիրված «Ծաղիկներ» կտավը:

Ճակատագրի երջանիկ պատահականությամբ Ղազարոս Սարյանը պետք է ողջ և առողջ վերադառնար պատերազմից: Մեծ երաժիշտը դեռ փառահեղ ուղի ուներ անցնելու՝  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Հայաստանի երաժշտական ֆոնդի վարչության նախագահ, Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ռեկտոր, կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարաններից մեկի ղեկավար, պետք է ստեղծեր երաժշտական բազմաթիվ անմահ կոթողներ:

Դժվար չէ պատկերացնել, թե կռվի տարիներին ինչպիսի՜ կարոտով էր սպասում  որդի Ղազարոսը իր հոր  նամակներին, իսկ հայրը՝ որդու: Ահա Մարտիրոս Սարյանի՝ որդուն գրած նամակներից մեկը:

1942թ., հոկտեմբերի 16, Երևան

«Մեր թանկագին, անվերջ սիրելի Զարիկ

Հինգերորդ ամիսն էր, որ քեզնից լուր չունեինք: Վերջապես երեկ ստացանք: Քո մասին գրում է Ձեր զինկոմը, ավագ քաղղեկ ընկ. Գրիբենյուկը: Նրա նամակը շատ շոյիչ է, լի գովեստի խոսքերով քո հասցեին: Մենք բոլորս, ուրախացած, որ դու ողջ-առողջ ես, չգիտենք ի՛նչ անենք: Եթե հանդիպես ընկ. Գրիբենյուկին, հաղորդիր նրան մեր սրտագին շնորհակալությունն իր լավ նամակի և ուշադրության համար: Մենք բոլորս քեզանից նամակ ենք սպասում քո առողջության և ռազմական գործերի մասին: Ի սրտե մաղթում ենք քեզ առողջություն ու երջանկություն:

Շնորհավորում ենք քեզ, իհարկե, մեծ ուշացումով, քո ծննդյան օրվա կապակցությամբ, չէ՞ որ սեպտեմբերի 30-ին դու դարձար 22 տարեկան: Ցանկանում ենք քեզ և քո ընկերներին անթիվ ռազմական հաջողություններ և մոտալուտ հաղթանակ դաժան թշնամու հանդեպ:

Մենք բոլորս առողջ ենք, ապրում ենք երևանյան արևի վառ ճառագայթների ներքո: Այս տարի մրգերն առատ էին: Քեզ համար պատրաստել ենք չորացած մրգեր և ապրում ենք շուտով քեզ տեսնելու հույսով:

Գրկում, համբուրում ենք քեզ պինդ-պինդ, եղի՛ր առողջ և երջանիկ, մեր թանկագին պաշտպան, պանծալի զինվոր: Քեզ ողջունում են մայրիկը, Սարիկը, Կատյա և Տանյա հորաքույրները, ինչպես նաև Իվան Սերգեևիչը:

Քո հայր»:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ