Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ
ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ

ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻՏանջալի ճանապարհ էր. պայթեցված կամուրջներ, քաղաքներ` նման դատարկ ակնախոռոչներով գանգերի, ժանգով ծածկված սպանելու զենքեր` թափված սերմնացանի և հունդի կարոտ հողին:

Այդ ճանապարհով քայլող պատանու աչքերում վիրավոր հողի դժգունած պատկերն էր: Նա քայլում էր փլատակների վրայով, որոնք մի ժամանակ բանուկ էին, շեն, կյանքով լեցուն: Վերջապես հայտնվեց կծղած մի դաշտում: Լայնարձակ հարթավայրում կանգնած էր այրին` չորս մանկահասակ երեխաների հետ: Մոտենալով՝ պատանին նկատեց այրու աչքերի դատարկությունը: Դեռ հեռվից կինը ձեռքը պարզել էր տղայի ուղղությամբ` ուտելիքի ակնկալությամբ: Ճամփորդը գլուխը բացասաբար օրորեց:

-Հաց չունեմ, որ քեզ տամ: Ինձ մոտ միայն սա է,- ու գրպանից հանելով նորածիլ սոխուկը` մեկնեց կնոջը:

-Ինչի՞ս է պետք սա, երբ շուրջբոլորը միայն գերեզմաններ են ու մահ:

-Որ երկիրը ծաղկի,- ասաց անծանոթը,- ես ոչինչ չունեմ քեզ տալու, ո՛չ հողագործ եմ, ո՛չ շինարար, ես ընդամենը բանաստեղծ եմ:

Կինը չէր հավատում, որ երկիրն այլևս ունակ կլինի ծաղկելու, շենանալու:

-Իմ զավակների հայրն այլևս չի վերադառնալու,- հազիվ լսելի մրմնջաց:

-Բայց գարունը, անկախ ամեն ինչից, գալիս է,- մխիթարեց բանաստեղծը հուսահատված կնոջը,- վերցրո՛ւ և տնկի՛ր ծաղկի այս սոխուկը, որ առավոտները այսուհետ այսչափ անգթորեն չբացվեն: Եվ թող բոբիկ ոտքերի տակ, ովքեր այսուհետ կանցնեն այս ճանապարհով, ծաղկի կարմիր ծաղիկը, ինչպես սերը, կապույտ ծաղիկը` ինչպես խաղաղ օրվա երկինքը, դեղին ծաղիկը` ինչպես արևը, որը բոլորիս էլ հավասարաչափ է ջերմացնում…

Ու անգույն օրեր թող չլինեն, չլինի աչքերում այլևս դատարկություն…

Եվ այրին վերցրեց բանաստեղծի նվիրած սոխուկն ու տնկեց, որ երկիրը ծաղկի…

 

ԼԻԼԻ ՊՐՈՄԵՏ

էստոնացի գրող