Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԵՐՈՆՔ ԶԻՆՎՈՐ, ԲԱՆԱԿ ՍԻՐՈՂ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
«ՄԵՐՈՆՔ ԶԻՆՎՈՐ, ԲԱՆԱԿ ՍԻՐՈՂ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

Դժվար է հիշել մի զորակոչ, երբ Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատը պլանային առաջադրանքները կատարած չլինի։ Պարզապես սահմանամերձ այս շրջանում՝ բանակում, թե բանակից դուրս, զինծառայող, թե խաղողագործ, բոլորն են իրենց զինվոր, երկրի պաշտպան համարում։ Զորակոչը լուսաբանելու համար Եղեգնաձորի զինկոմիսարիատ մեր այցը հանկարծակի էր, որովհետեւ գործուղման ծրագրի մեջ չէր, եւ նույնիսկ չգիտեինք էլ՝ այդ օրն այնտեղ զորակոչ կա՞, թե՞ ոչ։ Իսկ երբ տեղ հասանք, պարզվեց, որ զորակոչային բաժանմունքի պետ կապիտան Գագիկ Գրիգորյանի ղեկավարությամբ զինակոչիկները գնացել են քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցի՝ զինծառայության մեկնելուց առաջ Աստծո օրհնությունը ստանալու։ Օրհնության կարգը կատարելու էր Տեր Գալուստ քահանա Սահակյանը, եւ քանի որ նա գործով գնացել էր զորամաս, ժամանակ չկորցնելու համար սկսեցինք ծանոթանալ եւ զրուցել զինակոչիկների ու նրանց ծնողների հետ։
-Արտյոմ Համբարձումյան, Ելփինից եմ, տրամադրությունս լավ է, հոգնել էի սպասելուց, վերջապես գնում եմ։
-Զաքարյան Արեւշատ, ամեն ինչ լավ է, ծառայելուս խանգարող հանգամանքներ չկան։
Արտյոմ Մուրադյանը, Արամ Եղոյանը, Տարոն Զաքարյանը Ադամ Հակոբյանը, Միհրան Մանուկյանը եւ մյուսները նույնպես նշեցին, որ հոգեբանորեն պատրաստ են ծառայության ու չկան պատճառներ, հանգամանքներ, որոնք կարող են զորակոչից հետ ընկնելու կամ ծառայությանը խանգարելու առիթ հանդիսանալ։
Քաղաքացիներից մեկը, որի հետ զրույցի բռնվեցինք, զինակոչիկ Միհրան Մանուկյանի հայրն էր, Աղավնաձորի դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը։
-Միակ տղաս է,- ասաց պարոն Ն. Մանուկյանը, եւ զգացվեց, թե որքան ցավ, ափսոսանք ու խեղճություն կար այդ «միակ» բառի մեջ։ -Սովորում է ֆիզկուլտուրայի պետական համալսարանում,- շարունակեց նա,- ցածր դասարաններում սովորող տղաների թիվն անհամեմատ մեծ է։ Այժմ դպրոցներում էլ շատ բան է փոխվել, լավացել է կրթության որակը, մեծ ուշադրություն է դարձվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը, կարեւոր առարկաներից է դարձել նախնական զինվորական պատրաստությունը։ Հաճախ են զինվորների ծնողները (դպրոցների տնօրենները) զորամասերի հրամանատարներից շնորհակալական նամակներ ստանում։ Մենք ուրախանում եւ հպարտանում ենք մեր աշակերտների հաջողություններով եւ այդ նամակներն ընթերցում ենք դասարաններում, որպեսզի երիտասարդներն ավագ ընկերներից օրինակ վերցնեն, նրանց արժանի փոխարինողները դառնան։ Տղաները պետք է հասկանան, որ բանակում հարկավոր է լավ ծառայել, զինվորական մասնագիտությունը հիմնավոր սովորել, սովորել ամբողջ կյանքի համար, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե երբ եւ որտեղ պետք կգա։ Իհարկե, լավ կլինի, որ բանակը երբեք էլ նման համալրման կարիք չունենա, բայց ցավոք, մեր հարեւանները դեռեւս թշնամաբար են մեր նկատմամբ տրամադրված, եւ չգիտենք, թե վաղը, մյուս օրը ինչ է մեզ սպասում։ Ես այսօրվա մեր զինակոչիկներին, մեր զինվորներին մաղթում եմ առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ,- ասաց պարոն Ն. Մանուկյանը։
Իր երրորդ տղային էր ճանապարհում զինակոչիկ Արտյոմ Մուրադյանի մայրը՝ Ելենա Վասիլեւնան։ Ազգությամբ ռուս, կյանքին լավատեսորեն նայող կինն ասաց, որ տղաներից երկուսն արդեն ավարտել են ծառայությունը եւ վերադարձել են տուն։
-Մենք պարտավոր եւ կարող ենք մեր երկիրը սեփական ուժերով պաշտպանել, ինչը բոլորին ապացուցել ենք։ Մի քիչ էլ բանակում բարձրանա կարգուկանոնը, մի քիչ էլ խստություն լինի, ամեն ինչ շատ լավ կլինի։
Արտյոմ Համբարձումյանին ճանապարհում էին մայրը՝ Ալինա Սիմոնյանը, տատը՝ Կարինե Սահակյանը, մյուս հարազատներն ու բարեկամները։ Արտյոմը սովորում է ճարտարագիտական համալսարանում, արդեն փոխադրվել է երկրորդ կուրս։
-Թող իր հասակակիցների հետ ծառայի ու հետո ուսումը շարունակի,- ասաց տիկին Ալինան։
Զորամիավորման բաժանմունքի պետ, կապիտան Մեսրոպ Հակոբյանն էլ իր որդուն՝ Ադամ Հակոբյանին էր ճանապարհում ծառայության։
-Երկու տղա ունեմ, մեծը Հակոբն է, թող նախ ծառայի, հետո մտածի մյուս բաների մասին, հնարավոր է, որ հենց բանակում էլ որոշի զինվորական դառնալ ու ուսման համար դիմի որեւէ զինվորական հաստատություն։ Այսօր հնարավորությունները շատ են։ Ես այստեղ զրուցում, խորհուրդներ եմ տալիս զինակոչիկներին։ Բոլորին խնդրում եմ ճշտորեն կատարել հրամանները եւ պահպանել կարգապահությունը։ Բոլոր վատ բաները, միջադեպերը կարգապահության խախտման հետեւանքով են։ Ցանկանում եմ բոլորին, նրանց հետ եւ իմ որդուն, անփորձանք ծառայություն, խաղաղ երկինք ու բարի վերադարձ։
-Ես զինակոչիկ Արամ Եղոյանի հորեղբայրն են, վաթսունվեց տարեկան եմ, ինքս ժամանակին ծառայել եմ Գերմանիայում, այն էլ՝ երեք տարի, շատ վատ ժամանակաշրջանում, երբ ամեն րոպե կարող էր նոր պատերազմ սկսվել։ Այժմյան մեր բանակը շատ ավելի լավն է, հագուստը, սնունդը, կենցաղային պայմանները, ամեն ինչ նկատելիորեն բարելավվել են։ Թող մեր տղերքը խաղաղությամբ ծառայեն ու վերադառնան տուն, մենք էլ՝ նրանց թեւ ու թիկունք։
♦♦♦
Տեր Գալուստն արդեն վերադարձել էր եւ բոլորին ներս հրավիրելով սկսեց օրհնության կարգը։
Հետո զինակոչիկները վերադարձան զինկոմիսարիատ, որտեղ նրանց էր սպասում ավտոմեքենան։
♦♦♦
2010թ. համանման կարգ ունեցող զինկոմիսարիատների մեջ Եղեգնաձորի զինկոմիսարիատը գրավել է երկրորդ պատվավոր տեղը։ Զինկոմ մայոր Արմեն Սարգսյանը վստահ է, որ այս տարի էլ առաջադրանքները հաջողությամբ կկատարեն։
-Առաջին օրը շատ մեծ տոնակատարությամբ տղաներին ճանապարհեցինք։ Այժմ էլ ամեն անգամ որեւէ միջոցառում ենք կազմակերպում։ Մերոնք զինվոր, բանակ սիրող-գնահատող մարդիկ են։ Այս լեռներից այն կողմ դարանակալ թշնամին է, նրա դեմ դիմաց մեր զինվորներն են։ Այս տղաները գնում են նրանց փոխարինելու, եւ չկա մի եղեգնաձորցի, որ մտածի ծառայությունից խուսափելու մասին։ Մենք ոչ մի բանի կարիք չունենք։ Զինկոմիսարիատն ապահովված է ամեն ինչով, բոլորին ժամանակին ուղարկել ենք բուժհետազոտության եւ այսօր զորակոչն իրականացնում ենք հանգիստ, գործող օրենքներին, հրամաններին համապատասխան։ Գործընթացը ես պարբերաբար ներկայացնում եմ մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ պարոն Սերգեյ Բագրատյանին։ Ասեմ, որ մյուս հարցերը, որոնցից ամենակարեւորը կցագրումն է, արվել եւ արվում է ժամանակին։ Գրեթե ամեն տարի զինկոմիսարիատը ներգրավվում է զորավարժության մեջ։ Մինչ այժմ նման միջոցառումների ժամանակ բոլոր առաջադրանքներն ու հրամանները կատարվել են ամբողջությամբ։ Չի բացառվում, որ ամառային ժամանակաշրջանում նույնպես մարզումների, զորավարժությունների մասնակցելու հրաման ստանանք։ Մենք այդ ուղղությամբ նույնպես ամենօրյա աշխատանքներ ենք տանում,- ասաց մայոր Արմեն Սարգսյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան