Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍ
ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍ

ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍԵրևանը ողողված է «Ավրորա» մրցանակաբաշխության տարբեր պաստառներով` «Խիզախություն, նվիրվածություն, ազդեցություն», «Ինձ փրկել է Ավրորայի հերոսը»…

Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են ժամանել ճանաչում ունեցող մարդիկ` մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը:

«Ավրորա» մրցանակը համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով` հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու, խաղաղ ապրելու և արարելու: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի նշան երախտիքի՝ նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

Դափնեկիրն ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելով իրեն ոգեշնչած, իրեն սատարած մարդասիրական կազմակերպություններին:

Նախաձեռնության համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը: Իսկ հանձնաժողովի անդամները մեկը մյուսից հայտնի անձնավորություններ են` Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլի Ուիզել, Օսկար Արիաս, Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադի, օսկարակիր դերասան Ջորջ Քլունի…

Արարողությունը վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և գրող-հրապարակախոս Դեյվիդ Իգնատիուսը: 

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Շառլ Ազնավուրը:

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, Երևանում:

 

Ո՞Վ Է ԱՎՐՈՐԱՆ

 

ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍՀին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր: Մրցանակը նպատակ ունի լույս սփռելու, բացահայտելու և խրախուսելու այն անհատներին, ովքեր հաճախ իրենց անձնվեր, նվիրված աշխատանքով մնում են աննկատ, բայց հենց իրենց կատարած գործով լուսավոր հետք են թողնում մարդկանց ճակատագրերի վրա…

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա ¥Արշալույս) Մարդիգանյանի, որը 100 տարի առաջ թուրքերի կատարած բարբարոսության ականատեսն է եղել: Նրա աչքի առջև դաժանաբար սպանել են հարազատներին: Ավրորան հազարավոր բախտակիցների նման բռնում է գաղթի ճանապարհը: Առևանգվում է, վաճառվում Մալաթիայի և Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Սակայն կարողանում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը և զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել է ԱՄՆ:

♦♦♦

Հաղթահարելով բոլոր փորձությունները` աղջնակը ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին: 1918թ. ԱՄՆ-ում հրատարակվեց նրա «Հոշոտված Հայաստան» գիրքը, որտեղ ցեղասպանության մասին վկայություններն էին: Շապիկին Արշալույսի լուսանկարն էր: 1918թ. կինոռեժիսոր Օսկար Ափֆելը գրքի հիման վրա ֆիլմ նկարահանեց ¥Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը): Ֆիլմն ուներ նաև բարեգործական առաքելություն, այն բացառիկ դիտելիություն ունեցավ` բերելով 30 մլն դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի որբերին: Ֆիլմի գլխավոր դերակատարուհին հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն էր, նա չէր խաղում, նա վերապրում էր իր կյանքը…

Հետաքրքիր մի դրվագ ֆիլմի նկարահանման հրապարակից. երբ Ավրորան գնում է դիմահարդարի մոտ, այնտեղ տեսնում է կարմիր ֆեսով, թուրքական համազգեստով դերակատարներին, սարսափահար փախչում է` կարծելով՝ թուրքերն իր ետևից են եկել… Մի այլ դրվագ ևս այդ օրերից` փորձի ժամանակ Ավրորան ընկնում է մի քանի մետր բարձրությունից և վնասում ոտքը, սակայն, անտեսելով ոտքի ցավը և բժշկի հորդորները, այդպես կաղալով էլ շարունակում է խաղալ, ասելով` ես ժամանակ չունեմ, այդ գումարին բազմաթիվ որբեր են սպասում…

«Հոշոտված Հայաստան» ֆիլմը, սակայն, որքան արագ նվաճեց աշխարհը, նույնքան արագ էլ, ցավոք, մոռացվեց: Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեցին: Մոռացվեց նաև Ավրորան. նա մահացավ 1994թ., 93 տարեկան հասակում, մահացավ մերժված, անտեսված:

 

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

 

ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍԲԵՐՆԱՐԴ ԿԻՆՎԻՆ տոգոյացի հոգևոր սպասավոր է: Հոգևորական է դարձել 19 տարեկանից, երբ երկարատև բռնությունների, հիվանդությունների հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին: Հեռանալով Տոգոյի Լոմե քաղաքից` հաստատվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում: 2011թ. այստեղ մահմեդական Սելեկա դաշինքի ապստամբների ու հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջև քաղաքացիական պատերազմ է բռնկվում: Բռնությունների ընթացքում հայր Կինվին ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրում հակամարտության երկու կողմերի տուժածներին:

-Մարդու կյանքը սրբություն է ինձ համար: Իմ գործն է բժշկել յուրաքանչյուրին, ով կդիմի ինձ օգնության խնդրանքով: Ինձ համար միևնույն է` ով է այդ մարդը, որտեղից է, ինչ կրոն է դավանում, ապստա՞մբ է, թե՞ ոչ: Նա Աստծու արարած մարդ-էակն է:

 

ՍԱՅԻԴԱ ՂՈՒԼԱՄ ՖԱԹԻՄԱ (Պակիստան)- Մանուկ հասակից Սայիդան ճաշակեց ստրկության դառնությունը: Պակիստանի աղյուսի թրծավառարաններում նրան ստիպում էին աշխատել զենքի ուժով` արևածագից մինչև արևամուտ: Եվ իր նման հազարավորների` մանուկ, կին, ծեր…

«Ես պետք է հոգ տանեմ, պետք է պայքարեմ, պետք է փրկեմ մարդկանց ստրկությունից». ահա սա է Սայիդան համարում իր առաքելությունը: Նրան 80 հազար մարդ է պարտական ստրկությունից ազատվելու համար:

 

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՆ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500 հազար բնակչի բուժսպասարկման համար: Թեև Սուդանի կառավարության կողմից տարածքը պարբերաբար ռմբակոծվում է` դոկտոր Քաթինան մշտապես ապրում է հիվանդանոցի տարածքում, հաճախ հիվանդանոցի նկուղում, որ մարդկանց համար միշտ հասանելի լինի: «Թայմ» պարբերականը 2015-ին նրան ճանաչել է աշխարհում ամենաազդեցիկ անհատներից մեկը:

 

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ

ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵՆ աշխատում է Բուրունդիի «Խաղաղության տուն» խնամքի տանը և «Ռեմա» հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ հազարավոր կյանքեր է փրկել` խնամելով որբերին և փախստականներին: Նա դաժանագույն կոտորածների ականատեսն է եղել` ներառյալ իր յոթ երեխաների մահը: Ու չնայած այս ամենին, Մարգարիտը հավատում է, որ սերը վերացնում է բոլոր արգելքները.

«Եթե դու ունես կարեկցանք, քեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»:

Բարանկիցեն փրկել է ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի կյանք:

-Մեր արժեքները մարդկային արժեքներ են: Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել, կանգնեցնել ձեզ,- այս էր Մարգարիտի խոսքը, երբ Ջ. Քլունին նրան հանձնեց «Ավրորա» գլխավոր մրցանակը:

 

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

 

ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆԱՍԱվարտվեց ևս մի մարդասիրական մրցանակաբաշխություն: Շատերի հոգում, կարծում եմ, այս մրցանակաբաշխությունը ինքնամաքրվելու, կյանքը վերաիմաստավորելու, նյութականից բարձր կանգնելու շարժառիթ կհանդիսանա: Ով գիտե` գուցե մրցանակաբաշխության հաջորդ հավակնորդը դո՞ւ ես…

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

Հ.Գ. -Միջոցառման ընթացքում Ջորջ Քլունին հիշեց Հիտլերի հանրահայտ հռետորական հարցադրումը` ո՞վ է այսօր հիշում հայերին: Ու դերասանն ինքն էլ պատասխանեց` ամբողջ աշխարհը: Ապրիլի 24-ն այս անգամ ուրիշ կերպ նշեցինք, ուրիշ ոգով: Հարյուր մեկ տարի առաջ ցավի, տառապանքի միջոցով անցած հայը չի մոռացել իրեն փրկողներին և այսօր շնորհակալություն է հայտնում և ինքն է օգնության ձեռք մեկնում կարիքավորին, բռնադատվածին ու ճնշվածին: Բարձրացրու, որ բարձրանաս…