Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ
ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

 

ՓԱՌՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԱպրիլի 6-ին Սիսիանում կայացավ Արցախում նահատակված 5 քաջորդիների հուղարկավորությունը, որին ներկա էր նաև Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը:

Թշնամին ձեռնարկեց հարձակում Արցախի ողջ սահմանով: 18-20-ամյա հայ պատանիները ոչնչացրին թշնամու հատուկջոկատայիններին: Արցախի գլխին կախված վտանգը ժամեր անց ոտքի հանեց ողջ հայությանը, և հազարավոր հայորդիներ կամավոր դիմեցին զինկոմիսարիատներ՝ առաջնագիծ մեկնելու նպատակով: Ոտքի ելան նաև Արցախյան գոյամարտում փառավոր մարտական ուղի անցած մեր ազատամարտիկները: Արդեն սպիտակահեր մեր քաջորդիների շարքում էին նաև Սիսիսնի ջոկատի ազատամարտիկները, որոնք 1988-94 թվականներին մարտական մեծ ուղի անցան: Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի ազատագրման համար 1993թ. մարտի 31-ին Սիսիանի ջոկատից մարտիրոսվեցին 11 քաջորդիներ՝ հրամանատար Վուրգ Ոսկանյան: 23 տարի անց դարձյալ Արցախի պաշտպանության դիրքերում նահատակվեցին Վուրգի մարտական ընկերները՝ Արմեն Բեգլարյանը, Եղիշե Նիկալյանը, Մայիս Միրզոյանը, Սեդրակ Ասրյանը և Սերգեյ Դանգղյանը:

Սիսիանի մշակույթի տան հարակից հրապարակում մեծաքանակ հայություն էր հավաքվել՝ վերջին հրաժեշտ տալու մեր նահատակված քաջերին: Ներկա էին Սյունիքի մարզպետ, ՀՀ ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը, փոխնախագահ Սուրեն Բաղդասարյանը, Սիսիանի երկրապահ ջոկատների հարամանատար Աշոտ Մինասյանը, ԵԿՄ վարչության ներկայացուցիչներ, զինվորականներ, այլք: Հարյուրավոր պատանի երկրապահներ ծաղկեպսակներ էին բռնել: Հայոց եռագույնով պատված նահատակների գլխավերևում նույնպես զինվորական համազգեստով պատանիներն էին՝ ձեռքերում քաջերի լուսանկարները: Հրապարակից սգո թափորը շարժվեց քաղաքի Սյունի վանքի Սուրբ Հովհաննես եկեղեցու (6-7-դ դարեր) հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտի նահատակների զինվորական պանթեոն: Այստեղ են ամփոփված նաև 90-ական թվականներին Սիսական գնդի քաջորդիները:  Զինվորական երաժշտության հնչյունների և կրակային համազարկի տակ սիսիանցիները մայր հողին հանձնեցին իրենց հերոս զավակների մարմինները: Հողին հանձնեցին լուռ՝ անվարար վիշտը սրտում:

Հազարամյա սրբավայրի մոտ հավերժի ճամփորդ դարձան նաև մերօրյա նահատակները՝ իրենց արյամբ ավելի սրբացնելով մայր հայրենիքը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Սիսիան-Բերձոր