Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄ



ԱՂՈԹՔ

 

ՊԱՏԵՐԱԶՄՀա՛յր մեր, որ երկնքում ես, ի՞նչ մեղք էինք գործել, որ մեր աշխարհի վրա բաց թողեցիր թուրանական սելավը: Ինչո՞ւ այդ պատիժը դրեցիր մեր ճակատագրի մեջ, ինչո՞ւ պիտի մեր թռչունը թռչի վանդակը թևից կախ: Հայր մեր, հեռացրո՛ւ ամոթի այս բաժակը մեզնից և ամենքից, հանձնի՛ր դժոխքի հրին:

Տե՛ր, ի՞նչ հաճույք ես ստացել` մարդու այս տեսակն ստեղծելով, անգամ մենք` մահկանացուներս, երբ մի բան ենք սարքում, և այն գեղեցիկ է ստացվում, ուրախանում ենք, դու արդյո՞ք ուրախացել ես՝ թուրքին ստեղծելով: Թե՞ դա քո ձեռքի գործը չէ, քեզնից ծածուկ, քեզ հակառակ, նրան արարել է չար ոգին, որպեսզի նա գլխատի աջ ու ձախ, ծանակի ծերերին ու փոքրերին, որպեսզի ոչնչացնի քրիստոնեական ամեն վկայություն իր արյունոտ ճանապարհին և նրա միջոցով չար ոգին սեփական թագավորությունը հաստատի երկրի վրա:

Հա՛յր մեր, երկնքում չար ոգին չունի ուժ և իշխանություն, թող երկրի վրա էլ չունենա: Հեռացրո՛ւ նրան մեր հացից, մեր օրորոցից, մեր հավատքի տներից: 600 տարին բավական չէ մի՞թե մեզ փորձության ենթարկելու համար, իսկ մի դար է` աշխարհ ես բերել թուրքի նոր տեսակ` ադրբեջանցի` ազերի անունով, հարցնում եմ, ի՞նչ հաճույք քեզ` տիեզերքի տիրակալիդ, թուրքի տեսականին բազմացնելուց:

Հա՛յր մեր, մնա հաստատուն քո բարձունքներում և մի՛ ենթարկվիր սատանայի փորձություններին, այնպես, ինչպես որդիդ իմաստնաբար վանեց նրան իրենից, երբ առաջին անգամ աշխարհ եկավ:

 

ԶՈՒՐ ՋԱՆՔ ՄԻ՛ ԹԱՓԻՐ

 

Երեկ Մարտակերտի կանաչած-ծաղկած հողի վրա

Թշնամու տանկերը, իրենց տակ ճզմելով գարնան դեմքը,

Թուրքական Հալայ պարն էին պարում,

Այսօր խոցված, ընկած են մեր դիրքերի դիմաց,

Որպես սև, ծխացող ածուխներ,

Հանված պատերազմի քուրայից:

 

Այսօր զինվորների, կամավորների և լրագրողների մեջ

Դունչը ականորսիչի նման շարժելով`

Շրջում է ձյունամաշկ մի շուն,

Որի առջևի ոտքը կտրել-տարել է ռումբի բեկորը:

 

Նա փնտրում է իր դիրքապահ ընկերներին,

Որոնց մի մասին, ավա՜ղ, չի տեսնի երբեք,

Նա ուզում է հասկանալ երեկվա աշխարհանցումը,

Ուզում է՝ մեկն ու մեկը բացատրի`

ինչի՞ համար էր այս պատերազմը,

Որի իրանը թեպետ ջնջխված է այստեղ, սակայն գլուխը

օձի պես ֆշշում է

Ադրբեջանական կողմում:

 

Զուր ջանք մի՛ թափիր, վիրավոր իմ բարեկամ,

Աշխարհը 600 տարի չի հասկանում թուրքի արածը

Կամ հասկանում է, բայց շրջում է դեմքը,

Այնպես որ՝ աշխարհին էլ չես հասկանա:

 

Հենց նոր մի բեռնատար եկավ` լիքը սննդով,

Լավ կլինի՝ գնաս այնտեղ, գուցե մի կտոր երշիկ տան,

Երկու օր է` բերանդ բան չես դրել,

Վիրավոր ես, արյուն ես կորցրել, մեղք ես:

 

 

ԴՐՈՇԸ

 

– Դրոշ է հարկավոր, – հրամանատարն ասաց,-

Որ բարձրանա մեր ետ նվաճած դիրքի վրա:

Դիմացը ծխում էր թշնամու տանկը,

Կողքին ընկած էին իր զինվորները՝ արնածոր վերքով,

Իր վերքն էլ էր խորը, բայց դիմանալ էր պետք,

Մինչև հասնեին օգնական ուժեր…

 

Հրամանատարի տեսիլքով լցված աչքերի առաջ

Դաշտերից պոկվեց հայրենի ոսկեդեղինը

ու փռռաց դիրքի վրա,

Նրան գումարվեց երկնի կապույտից մի խորունկ ծվեն,

Ապա տղերքի արյունը հրե ալիքով եկավ,

խառնվեց նրանց…

– Մեր եռագույնը…

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՄՆԱՑԻՆ ԵՐԿՈՒՍԸ

 

Գյումրեցի կամավորների խումբը մեկնում էր Արցախ:

Ավտոբուսի պատուհաններից հորդում էին

Զվարթ երգեր, կատակի ու ծիծաղի գույնզգույն

հնչյուններ,

Որոնք ուղեկցողների վրա թափվում էին

քաղցրավենիքի նման:

 

Կամավորները մեկնեցին, ուղեկցողները

հեռացան աղոթքով,

Հետաքրքրասերները փակվեցին տներում:

Դատարկված հրապարակում մնացին կանգնած

Երկու սաստիկ դժգոհ անձ`

Մի յոթանասունն անց ծերունի

Եվ մի տասնհինգամյա պատանյակ-

Մեկին չէին առել խմբի մեջ` ծեր էր շատ,

Մյուսին` անչափահաս լինելու համար:

 

 

ԳԱՐՈՒՆ ԷՐ…

 

Գարուն էր, բացվող առավոտի մեջ

Գեղեցիկ էր կյանքը, օդը թրթռում էր թռչունների երգից,

Արեգակը դեռ մանուկ էր, ինչպես երեք փոքրիկները,

Որ խոսք ու ծիծաղով մտնում էին դպրոցի բակ:

 

Անսպասելիորեն նրանց դեմ երախաբաց բորենու նման

Հայտնվեց պատերազմը:

Երկու քայլի վրա պայթեց ռումբը:

Նրա արյունոտ թաթը փոքրիկներին տապալեց գետնին:

Երկուսը ընկան վիրավոր, իսկ Վաղինակը…

վարդի թերթի պես

Գունեղ ու բուրավետ նրա շուրթերին մնացել էր

Կիսատ պատմությունը:

 

Շարունակությունը կլսեն հրեշտակները.

Երանի՜ նրանց…

 

 

ԻՄ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

ՄԵՆԱԿ ՉԵՄ ԹՈՂՆԻ

 

Ազերիների խմբերը գալիս էին ու գալիս, նրանց վերևով

Ահեղ հրացոլքով թռչում էին գրադի

հրթիռները դեպի դիրքերը մեր,

Խփում էին տանկերը, ոռնում հրանոթները,

հողը փախչում էր ոտքերի տակից

Մահվան գալարները պիրկ սեղմվում էին

մեր զինվորների շուրջ:

Հրամանատարը վճռեց հաստատապես,

որ զինվորները դուրս գան թշնամու օղակից,

Քանի դեռ ուշ չէ… Ինքը կսանձի գրոհողներին,

ինչքան կարող է:

Մեկը սակայն չէր կատարել հրամանը,

եզդի տղան էր` Քյարամ Սլոյանը:

– Հեռացի՛ր, – գոչեց հրամանատարը:

– Իմ հրամանատարին չեմ թողնի մենակ,

– ասաց զինվորը:

…Ժամեր անց երկնքի ճամփեքով կողք կողքի գնում էին

Հրամանատարի և զինվորի հոգիները,

Տրտմության նշույլ չկար նրանց մեջ,

Քյարամը ուրախ բաներ էր պատմում իր ծնողներից,

Չորս եղբայրներից, Արտաշավանի հով ու զով սարերից…

 

 

Վ. ՀՅՈՒԳՈ.

«ԱՅՍՏԵՂՈՎ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ ԱՆՑԵԼ»

 

Ազերիների դիվերսիոն խումբը թափանցել էր

Թալիշ գյուղ, բնակչությունը տարհանված էր,

Պատերազմի հրդեհը մոտենում էր բորենու նման:

Գյուղում մնացել էին երեք ծեր մարդիկ,

Նրանք մորթվեցին ու ծանակվեցին ենիչերիների կողմից,

Որոնք եկել էին միջնադարից և արնախմության

Հնամենի տենդով տարված` ծավալվում էին

Քսանմեկերորդ դարի արևի տակ:

Նրանց ատամների տակ խշրտում էին Ջուղայի

Խաչքարերի փշրտված զարդաբեկորները,

Նրանց դեմքերին նստած էր Պալմիրայի սքանչատես

Սյուն-կամարների կործանման զմայլանքը…

Նրանք թալանի ու ավերումի հին վարպետներ էին,

Որ, երբ էլ անցնեն այս աշխարհով, նրանց հետքերի վրա

Մահվան հրեշտակը կգրի` այստեղով թուրքերն են անցել…

 

 

ՓԱՌՔԵՐ

 

Հերոսի մահով ընկել էր որդին,

Լուրը երեկ էր հասել հորը սև թռչունի պես

Եվ ամբողջ գիշեր չքշվեց նրա աչքից ու սրտից:

 

Լույսը բացվել է, գարուն է, ծաղկունք կյանքի ծերպերում,

Հայրը աչք գցեց աշխարհին

Ու տեսավ հանկարծ, նկատեց մեկեն,

Որ ամեն բան լցված է իր որդու թովչանքով,

Որ հողից, մարդուց մինչև երկինքը խոր

Լցված է որդու կյանքը, որպես վարդաբույր,

Որպես իմաստ ընթացող հոգու

Եվ զարմացավ հայրը, որ չէր նկատել մինչև այդ պահը

Իրողությունն այդ պարզ և փառք տվեց Աստծուն

Եվ Հայաստանի հավերժությանը…

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Հոգևոր-մշակութային


27/04/2016