Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԶՈՐԱՄԱՍԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հունիսի չորսին հանդիսավորությամբ նշվեց գնդապետ Ա. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասի կազմավորման տասնհինգերորդ տարեդարձը։ Միջոցառմանը ներկա էին զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ՊՄՏԸ խորհրդի նախագահ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, զորամասի նախկին հրամանատարներ, գնդապետներ Վագիֆ Համբարձումյանը, Հովիկ Օհանյանը, Տիգրան Փարվանյանը, նախկին զինծառայողներ, երկրապահ կամավորականներ, մարզի համայնքների ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների աշխատողներ, զինվորների հարազատներ։
Ժամը 11-ին զորամասի անձնակազմը կանգնած էր հանդիսավոր տողանի։ Երբ պահակախումբը շարահրապարակ բերեց մարտական դրոշը, զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մուրադյանը գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին զեկուցեց տոնի առթիվ անձնակազմի շարված լինելու մասին։ Ընդունելով զեկույցը՝ զորամիավորման հրամանատարը ողջունեց անձնակազմին եւ շնորհավորեց զորամասի տասնհինգամյակի առթիվ։ Ի պատասխան հնչեց հաղթական «ուռա»-ն։ Իսկ երբ ազդարարվեց հանդիսավոր արարողության սկիզբը, զինծառայողները եւ ներկաները կատարեցին հանրապետության օրհներգը։
♦♦♦
Ելույթ ունենալով՝ գնդապետ Ա. Մուրադյանը ներկայացրեց զորամասի կազմավորման, զարգացման ընթացքը եւ նրա առջեւ դրված հիմնական խնդիրները.
-Զորամասի ստեղծումը սերտորեն կապված է մեր պետականության վերականգնման ու պաշտպանության հետ։ Տասնհինգ տարի առաջ պաշտպանության նախարարի հրամանով տեղում գործող եւ հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցող մի շարք ստորաբաժանումների միավորմամբ ստեղծվեց մեր մոտոհրաձգային զորամասը, որի վրա էլ դրվեց հանրապետության պետական սահմանի մի հատվածի պահպանությունը,- ասաց զեկուցողը։ -Զորամասի ստորաբաժանումները եւ զինծառայողների գերակշիռ մեծամասնությունը մարտական փառավոր ուղի են անցել ԼՂՀ եւ Վայոց Ձորի պաշտպանական շրջաններում։ Տասնհինգ տարի շարունակ փորձառու ու երիտասարդ սպաներն իրենց գիտելիքները, ուժն ու եռանդն են ներդնում զորամասի զարգացման, զինվորների ուսուցման, մասնագիտական հմտությունների կատարելագործման եւ, որ ամենակարեւորն է, հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։ Այս ընթացքում զորամասն արժանացել է մարտական դրոշի, բազմաթիվ պատվոգրերի, մեծ թվով սպաներ ու զինվորներ պարգեւատրվել են գերատեսչական ու կառավարական մեդալներով, խրախուսվել այլ պարգեւներով։
♦♦♦
Հիշենք եւ խոստովանենք. սկիզբը դժվար էր։ Ոչ միայն սահմանային հենակետերում, այլ նաեւ զորամասում չկային անհրաժեշտ պայմաններ կենցաղն ու ռազմական ուսուցումը կազմակերպելու համար։ Ցուցանիշներով զորամասն ավելի հաճախ հետնապահների շարքում էր հայտնվում։ Սակայն տարեց տարի ամեն ինչ կարգավորվեց, հունի մեջ ընկավ։ Հիմնովին նորոգվեցին զորանոցները, կառուցվեցին անհրաժեշտ նոր շինություններ, բարելավվեցին առաջնագծի պայմանները, իսկ նորաստեղծ ուսումնական բազան, անկասկած, լավագույններից է ազգային բանակում։ Վստահաբար կարելի է ասել, որ վերջին տասը տարիներին զորամասը միշտ եղել է առաջատարների թվում, աչքի է ընկել իր կարգապահությամբ եւ մարտունակությամբ։
♦♦♦
Շարունակելով՝ գնդապետ Ա. Մուրադյանն ասաց.
-Զորամասի առաջին հրամանատարը գնդապետ Վագիֆ Համբարձումյանն է։ Նրանից հետո՝ գնդապետ Հովիկ Օհանյանը: Նրան փոխարինեց գնդապետ Տիգրան Փարվանյանը, իսկ 2008-ից այդ պարտականությունն ինքս եմ կատարում։
Նա հիշեց այն սպաներին, որոնք մեծ ներդրում ունեն զորամասի կայացման ու զարգացման գործում։ Նշեց, որ զորամասի բովով անցած շատ սպաներ ծառայությունը հաջողությամբ շարունակում են այլ զորամասերում, պաշտպանության նախարարությունում եւ գլխավոր շտաբում։
♦♦♦
Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, զորամիավորման վարչակազմի անունից շնորհավորեց եւ հետագա հաջողություններ մաղթեց զորամասի անձնակազմին։
-Մեր սպայակազմի կորիզը փորձառուներն են՝ Արցախյան պատերազմի մասնակիցները։ Նրանք շատ լավ են պատկերացնում զորամասի առջեւ դրված խնդիրները, ջանք ու եռանդ չեն խնայում մեր բնակչության, մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Միաժամանակ օգնում են երիտասարդներին՝ ուսումնական գործընթացը հաջողությամբ կազմակերպելու, իրենց փորձով նպաստում են զինվորների գիտելիքների հարստացմանը, հմտությունների կատարելագործմանը, անփոխարինելի ծառայություն են մատուցում՝ հանրապետության պետական սահմանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ։ Զորամասը մարտունակ է եւ պատրաստ՝ կատարելու բոլոր հնարավոր մարտական առաջադրանքները։ Միաժամանակ մեծ աշխատանք է տարվում հասարակության հետ կապն ու համագործակցությունը զարգացնելու, երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու ուղղությամբ։
Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն հայտնեց մարզային, քաղաքային իշխանություններին աջակցություն ցուցաբերելու, ինչու չէ՝ հաջողություններով ոգեւորելու եւ հպարտանալու համար։
♦♦♦
Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, դիմելով տոնի մասնակիցներին, սպաներին ու զինվորներին, նույնպես շնորհավորեց զորամասի 15-ամյակը։
-Ես լիովին վստահում եմ մեր զինվորներին, հավատում եմ նրանց ոգու եւ բազկի ուժին։ Հավատացած եմ, որ մեր բանակը լիովին կայացած է եւ առաջատարն է տարածաշրջանում, դրա համար էլ վստահ եմ, որ մեր բանակի ուժը կրկին ցուցադրելու առիթ չի լինի։ Անցել են այն ժամանակները, երբ մենք հայրենիք ու խաղաղություն էինք որոնում «թղթե շերեփներով», այժմ մենք ունենք ուժ՝ հզոր բանակ՝ համալրված սխրանքի պատրաստ բանիմաց զինվորներով։
♦♦♦
Օրվա կապակցությամբ զորամասի զինծառայողներին, գործընկերներին շնորհավորեցին գնդապետ Համբարձումյանը, կրտսեր սերժանտ Մարգարյանը։
Օրհնության կարգ կատարեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը։
Այնուհետեւ հրապարակվեց մի շարք զինծառայողների գերատեսչական մեդալներով պարգեւատրելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանը։ Զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պ. Պողոսյանի հրամանով էլ մի խումբ զինծառայողների հետ պատվոգրերով խրախուսվեցին նաեւ Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը եւ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ Պարգեւներ ու նվերներ հանձնվեցին նաեւ զորամասի հրամանատարության կողմից։
Տոնական արարողությունն ավարտվեց զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով։ Հնչեցին ազգային բանակի օրհներգը եւ զորամասի երգը։ Ձեռնամարտի ցուցադրական հնարքներով եւ մարտավարամասնագիտական կատարումներով հանդես եկան զինվորները։
Հանդիսության վերջում տեղի ունեցավ տոնական համերգ։ Զինվորների համար իրենց հայրենասիրական կատարումներով ելույթ ունեցան սիրված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Դիանա Մովսիսյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, Կարեն Մարտիրոսյանը, քաղաքի մշակույթի տան եւ հանրակրթական դպրոցների աշակերտները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ