Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ
ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ

Մարտկոցի չորս կողմում հրետակոծության հետքեր էին: Թեև մեկ օր առաջ էր կրակը դադարել, սակայն հրետանին ամբողջովին մարտական վիճակի մեջ էր`  փողերը դեպի թշնամու դիրքերը պարզած: Հաշվարկներից յուրաքանչյուրը կարգի էր բերել իր խրամուղին,  իրեն ամրակցված տեխնիկան, պահեստավորել արկերը… Միայն հրետանային մարտկոցի շուրջբոլորը պայթած արկերի փոսերն էին հիշեցնում քառօրյա պատերազմի մասին… Վաղը, մյուս օրը այս փոսերն էլ կհարթվեն, կկորչեն, բայց այս տղաների քաջագործությունները չեն մոռացվի, շուրթից շուրթ կանցնեն ու կդառնան լեգենդ…

 

ՎԱՂԱՐՇԱԿ ՍՈՒՉՅԱՆ, շարքային

ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ-Մեր հրետանային մարտկոցը մարտի մեջ է մտել ապրիլի 2-ի լուսադեմին՝ ժամը չորսին: Գիշերը ժամը երկուսին առաջնագծից չընդհատվող կրակոցների ձայներ լսեցինք: Կարճ ժամանակ անց մարտկոցը մարտական պատրաստության բարձր վիճակի բերելու հրաման ստացանք: Հաշված րոպեներ անց մեր առջև արդեն դրվեց մարտական խնդիր, և մտանք կռվի մեջ: Մի միտք ունեինք՝ անվրեպ կրակով խփել թշնամու նշանակետերին ու թիրախներին: Լավ կռվեցինք: Կարևորը՝ հաղթեցինք: Հիմա էլ սարի նման կանգնած ենք ու թույլ չենք տա, որ թուրքը ոտք դնի մեր հողի վրա:

 

ՍԵԴՐԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ, հրետանու նշանառու, շարքային

ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ-Երբ սկսեցին մեզ վրա կրակել, սկզբում մտանք թաքստոցները: Որոշ ժամանակ անց դուրս եկանք և հրանոթների մոտ զբաղեցրինք մեր դիրքերն ու սկսեցինք կրակ թափել թշնամու գլխին: Մեր համազարկերից հետո թշնամին սկսեց ավելի ու ավելի քիչ կրակել… Հետո իմացանք, որ հակառակորդի սսկվելը մեր դիպուկ կրակոցների և իրենց կրած բազմաթիվ կորուստների հետեւանք է:

Ծնողներիս, երբ իմ այս խոսքերը կարդան, ուզում եմ ասել, որ մի վայրկյան էլ չեմ վախեցել, մի սանտիմետր էլ չեմ նահանջել, լավ կռվել եմ ու ոսոխի հախից եկել… Մենակ ես չէ՝ բոլոր տղերքը…

 

ԱՐՄԱՆ ԻՍԱԽԱՆՅԱՆ, առաջին հրանոթի հրամանատար, սերժանտ

ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ-Մեր անձնակազմի մարտական ոգին չտեսնված բարձր է: Կռվի մեջ մենք հասկացանք, որ հրետանին իսկապես էլ պատերազմի Աստվածն է:  Մենք դժոխքի կրակ թափեցինք թշնամու գլխին:

Թե մենք ինչպես ենք կռվել, մեր հրամանատարությունը լավ գիտե, մենակ ուզում եմ՝ մերոնք էլ իմանան, որ մեզ չենք խնայել, չենք թերացել, դիրքը ամուր ենք պահել, չենք զիջել… Ես ինքս էլ չգիտեի, որ էսքան ուժեղ ենք, էսքան քաջ… Չէ, զարմացած չեմ, բայց հիացած եմ մեր տղաներով…

 

ԱՐՍԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր

ՀՐԵՏԱՆԻՆ ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾ-Ես շնորհակալ եմ մեր զինվորներին իրենց քաջության ու տոկունության համար: Նրանց ճակատները ես մեկ առ մեկ համբուրելու եմ եւ այդ քաջերի անունները երբեք չեմ մոռանալու… Ես շնորհակալ եմ նրանց ծնողներին, որ նման առյուծներ են ծնել ու դաստիարակել: Թշնամին տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ կրեց, և դա նաև մեր հրետանավորների վարած դիպուկ ու ոչնչացնող կրակի շնորհիվ: Իմ տղաներն այս պահին էլ կազմ-պատրաստ կանգնած են մարտական դիրքերում եւ ինչպես վարել ենք մարտը, այդպես էլ պատրաստ ենք այն շարունակելու հարկ եղած դեպքում:

Հայրենակիցնե՛ր, հանգիստ եղեք և իմացեք, որ մենք աներեր կանգնած ենք մեր դիրքերում:

 

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ