Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՀՈՐՈՎԵԼՆԵՐՆ ԵՆ



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆԱԵՎ ՄԵՐ ՀՈՐՈՎԵԼՆԵՐՆ ԵՆԶրույց հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի հետ

 

-Պարոն Երկանյան, վերջերս թուրքական կառավարությունը մեդալներ շնորհեց իր ազգային հերոսների` Թալեաթի, Էնվերի ու մյուսների ժառանգներին, նրանց ընտանիքներին` հնարավորություն տալով կիսելու իրենց նախնիների փառքը: Այլ բան է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հերոսները մարդասպան-ոճրագործներ են: Բայց մտահղացումը հիանալի էր` փառավորել «հերոսների» հետևորդներին` զարմիկներին, ծոռներին, միայն այն բանի համար, որ նրանց երակներում նույն արյունն է հոսում:

Իսկ Հայաստանում հիմա նոր ասքեր են ծնվում մեր  նոր հերոսների մասին: Քանի՞ տարի կապրեն այդ պատմությունները: Այսօր քանի՞սը գիտեն, որ Դուք վրիժառու Արամ Երկանյանի ազգականն եք: Քանի՞սն են ճանաչում Արամ Երկանյանին, որը Թիֆլիսում Առաջին Հանրապետության օրոք գնդակահարեց Ադրբեջանի վարչապետին ու պաշտպանության նախարարին` Բաքվի, Շուշիի ջարդերի կազմակերպիչներին, որպես գնդացրային վաշտի հրամանատար` հերոսաբար մարտնչեց Բաշ-Ապարանի ճակատամարտում, իսկ Բեռլինում գնդակահարեց Բեահեդդին Շաքիրին, որը լինելով Սորբոնում սովորած բժիշկ, իր գիտական փորձերը իրականացնում էր Կարինում ու Տրապիզոնում հայ մանուկների վրա:

-Մի փոքրիկ մանրամասն  հիշեցի, որն ուզում եմ պատմել: Եթե ադրբեջանցի սպան կարող է ձեռք բարձրացնել քնած հայ սպայի վրա, ապա հայ վրիժառուները ունեին իրենց բարոյական վսեմ վարքականոնը` ձեռք չբարձրացնել կանանց, երեխաների ու անմեղ մարդկանց վրա: Բեահեդդին Շաքիրը Թալեաթ փաշայի կնոջ հետ թևանցուկ դուրս է գալիս թատրոնից և ուղևորվում տուն: Երբ Արամ Երկանյանը կրակում է, ու Շաքիրը վայր է ընկնում, Թալեաթ փաշայի կինը վրա է հասնում ու սկսում է քաշքշել Արամին: Վերջինս  ազատվում է կնոջ ձեռքերից ու փախչում, բայց կնոջը ձեռք չի տալիս: Անկեղծ ասած, մեր ազգային հերոսներին, իրենց կյանքը ազգին նվիրաբերած մարդկանց փառավորելը, նրանց ժառանգներին մեծարելը առաջին հերթին  հասարակությանն է պետք` բարոյական դաշտը մաքրելու, ազգի ոգին բարձրացնելու, գաղափարներ ձևավորելու համար: Առանց մեդալի էլ Արամ Երկանյանը մեր ընտանիքի հպարտությունն է ու սրբությունը: Ծնված օրվանից լսել ենք Արամի մասին` նրա ազգանվան պատիվը նվիրական խաչի պես կրելու պատգամով:

Արամ Երկանյանը հայի տիպար էր ինձ համար, որովհետև նրա մեջ համատեղված էր խիզախությունն ու ինտելեկտը: Նա մտավորական զինվոր էր, բարձրագույն հայ: Ավարտել էր Էրզրումի Սանասարյան վարժարանը և չորս լեզու էր ուսանել այդ բարձրակարգ կրթօջախում: Հետագայում սովորել էր գերմաներեն` այնտեղ ապրելու և թուրք հայասպան գործիչներին գնդակահարելու համար: Եվ այնքան հրաշալի էր տիրապետում հայերենին, որ հետագայում բնակվելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում, հիմնել է «Արմենիա» թերթը, եղել է թերթի խմբագրապետը: Ի դեպ, «Արմենիա» թերթը հրապարակվում է մինչ օրս: Իսկ Կորդոբա քաղաքի հայկական եկեղեցու բակում կանգնած Արամ Երկանյանի կիսանդրին ուխտատեղի է հայության համար:

-Կարդալով Արամ Երկանյանի «Ինչպես սպանեցինք» գիրքը՝ կարող ես լիովին պատկերացում կազմել նրա գեղեցիկ լեզվի ու մտավոր  մակարդակի մասին: Պարոն Երկանյան, Դուք հավանաբար ավելի շատ ժառանգել եք ոչ թե Արամ Երկանյանի, այլ Հարություն Երկանյանի գեները, վերջինս մեծ երաժիշտ էր, մշակութային գործիչ և Պոլսում Լիմոնջյանի հետ մասնակցել է մեր խազագրության ուսումնասիրություններին:

-Արցախյան պատերազմի ժամանակ իմ ղեկավարած հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը զրահամեքենայով մտավ Արծվաշեն, որպեսզի լինի ադրբեջանցի զինյալներով շրջապատված արծվաշենցիների կողքին, երգի նրանց համար, ոգևորի: Բայց, այդուհանդերձ, ես երաժիշտ եմ, և դուք իրավունք ունեք մտածելու, որ ավելի մոտ եմ Հարություն Երկանյանի գեներին: Ի վերջո, ինչ մասնագիտություն էլ ունենաս, կարևորը գործդ վարպետորեն անելն է, որովհետև ազգի ապագան աշխատանքով է կերտվում: Իմ հայրը ծառայել էր ֆրանսիական բանակում երեքուկես տարի, մասնակցել էր Երկրորդ աշխարհամարտին: Նա հայտնի դերձակ էր իմ ծննդավայր Գյումրիում: Ու ես հպարտանում եմ այս իրողությամբ նույնքան, որքան Հարություն Երկանյանի մշակութային գործունեությամբ կամ եղբորս` Երվանդ Երկանյանի վաստակով: Հայրս այնքան հմուտ դերձակ է եղել, որ գերմանացի սպաները նրան են պատվիրել հագուստ կարել իրենց համար: Իսկ թիթեղագործ պապիս, որ բնակվում էր Էրզրումում, հրավիրում էին Պարսկաստան՝ տանիք կապելու: Նրանք իրենց արհեստը արվեստի մակարդակի էին հասցրել: Ի դեպ, դերձակ հորեղբայրս օպերային արվեստի մեծ սիրահար էր, Մարսելում բաց չէր թողել ոչ մի օպերային ներկայացում: Եվ Գյումրիում մեզ համար անվերջ արիաներ էր երգում` ձայնը նմանեցնելով աշխարհահռչակ օպերային երգիչների ձայներին:

-Մենք շատ մեծ բացթողում ունեցանք կրթական-մշակութային ոլորտում: Կար ժամանակ, երբ մեր արհեստավորները մտավորական էին` կարդացած, զարգացած, բանիմաց: Այսօր շուրջբոլորը տարրական գրագիտությունից զուրկ բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող մարդիկ են:

-Եթե ինձ հարցնեք` երեք բուհը բավական է մեր փոքրիկ երկրի համար` մեկը հումանիտար, մյուսը` տեխնիկական, երրորդը` արվեստի: Մնացածը պետք է դարձնել արհեստագործական ուսումնարաններ: Իսկ ազգը պետք է կրթել դպրոցում: 12 տարին մեծ ժամանակահատված է սերունդ կրթելու համար:

-Պարոն Երկանյան, հիմա դառնանք հնագույն երաժշտության  «Տաղարան» համույթին: Նախ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս՝ համույթի 35-ամյա տարեդարձի կապակցությամբ: Նաև անձամբ Ձեզ եմ շնորհավորում, որովհետև ավելի քան 22 տարի համույթի հետ եք: Եվ ուզում եմ հարցնել` ո՞րն է համույթի  ամենակարևոր ձեռքբերումը անկախության տարիներին:

-«Տաղարանը» տասնամյակներ շարունակ հայ մարդուն է վերադարձրել իր արյան, իր հոգու երաժշտությունը, մղել զգալու իր արմատը, լսելու նախնիների ձայնը: Հայրենիքը շատ շոշափելի, առարկայական գոյություն է: Հայրենիքը մեր հորովելներն են, երգերը, սիրերգերը, մրմունջները: «Տաղարանը» մոռացությունից փրկել է բազմաթիվ հնագույն երգեր:

-Ես մի հոդված կարդացի Ձեր մասին, հեղինակը Ձեզ անվանել էր հորովելի «քարտեզագրող»: Փաստորեն, Հայաստանի յուրաքանչյուր գավառ ունեցել է իր հորովելը:

-Իհարկե, հորովելը աշխատանքային երգ է, և լեռնեցիների երգը տարբերվել է դաշտավայրի շինականի երգից: Ղարաբաղի հորովելը խրոխտ է, Ապարանի հորովելը՝ ծեքծեքուն… Նույնը վերաբերում է սիրերգերին, սգո մրմունջներին, հարսանեկան երգերին: Այս երգերը ծնվել են հայ ազգի ձևավորման հետ, հայի հոգու պատկերով: Մեր գործունեության մեջ կարևորում եմ հայ հնագույն երաժշտության ճիշտ մշակումները և երիտասարդ սերնդին հասանելի դարձնելը:

-Մի առիթով ասացիք, որ երջանկահիշատակ Էդվարդ Միրզոյանը 4 անգամ ունկնդրել է Ձեր խոսքերով և Դավիթ Սաքոյանի երաժշտությամբ որպես մինի օպերաներ բեմադրված մեր հնագույն խաղերգերը: Ո՞րն է «Տաղարանի» ռեպերտուարային քաղաքականության տրամաբանությունը:

-Վերադարձնել հայ մարդուն իր հնագույն երաժշտական արվեստը: Այսօր էպոս ասելով մենք պատկերացնում ենք միայն Սասունցի Դավիթը, բայց մենք ունենք հրաշալի երաժշտական էպոս. «Կարոս խաչ» վերնագրով վիպերգը նվիրեցինք մեր ժողովրդին:

-Ինչո՞ւ ենք մենք հարսանիքների ժամանակ պարում ռաբիս երգերի տակ: Մենք չունենք ժողովրդական հարսանեկան երգեր:

-Եթե ներկա եք եղել «Տաղարան» համույթի համերգներին, պիտի իմանաք, որ մենք ունենք շատ գեղեցիկ և բազմաթիվ հարսանեկան երգեր ծիսակատարության ողջ ընթացքի համար, նաև հրաշալի պարեղանակներ: Միայն Կոմիտասը 108 հարսանեկան երգ է փրկել մոռացումից: Պարզապես մենք պիտի ցանկանանք վերադառնալ մեր ակունքին ու շունչ տալ մեր հրաշալի հարսանեկան երգերին ու պարեղանակներին:

-Դուք հաճախ եք շրջագայում և հայ հնագույն երաժշտությունը ներկայացնում արտերկրի ունկնդրին, «Տաղարանը» կատարում է նաև եվրոպական ազգերի հնագույն երաժշտությունը: Եվրոպացին կարողանո՞ւմ է զգալ հայ հնագույն երաժշտության գեղեցկությունը: Եվ մեր հնագույն երաժշտությունն իր մակարդակով, որակով քննություն բռնո՞ւմ է աշխարհում:

-Սկսեմ պատասխանել վերջից. կարո՞ղ եք Նարեկացու տաղերի կողքին հավասար  որևէ բան դնել համաշխարհային երաժշտարվեստից: Սա միայն իմ կարծիքը չէ, այլ եվրոպացի մասնագետներինը: Հայկական հնագույն երաժշտարվեստը ամենաբարձր գնահատականի է արժանանում և միանգամայն ընկալելի եվրոպացի ունկնդրի համար: Յուրաքանչյուր հայ զինվոր, հայ երիտասարդ, հայ աղջիկ պիտի իմանա, որ ինքը՝ որպես մշակութային երևույթ, շատ բարձր, ազնիվ ակունքից է սկիզբ առնում ու շատ մեծ պարտք ունի ոչ միայն եղածը պահպանելու, այլ իր բաժինն ավելացնելու ազգային ժառանգության վրա:

-Պարոն Երկանյան, Ձեր կտավներից մեղեդի է ծորում, Ձեր երաժշտությունն այնքան գունավոր է, Ձեր բանաստեղծությունները ասես նվագներ լինեն: Միայն չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք արևմտահայերեն գրում:

-Որովհետև ծնողներս արևմտահայեր են: Եվ ես աչքս բացել արևմտահայերեն եմ լսել մեր տանը: Իսկ մանկության ձայները միշտ ապրում են քո մեջ: Մայրս շատ գեղեցիկ երգում էր ու մանդոլինա էր նվագում: Ես միշտ լսում եմ նրա ձայնը: Մեզ այդ ձայներն են փրկելու: Ասեմ նաև, որ ամբողջ բանակը մշտապես հրավիրված է «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի բոլոր համերգներին: Պատիվ և հպարտություն է դահլիճում տեսնել հայկական բանակի համազգեստը կրող զինվորներին և սպաներին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Հոգևոր-մշակութային


20/04/2016