Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԻ՝ ԴԱՐԻ ԱՐԺԵՔՈՎ



Լեյտենանտ Աշոտ Շահբազյանը ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող երիտասարդ խոստումնալից դասակի հրամանատարներից է: Զինվորները վստահում են նրան, հարգում, քանի որ բանիմաց է, աշխատասեր, բարեսիրտ:

Գումարտակի հրամանատար, մայոր Երվանդ Մովսիսյան

 

ՏԱՐԻ՝ ԴԱՐԻ ԱՐԺԵՔՈՎ…Մեկ տարի է՝ բանակում եմ, մեկ տարին էլ՝ առաջնագծում: Իհարկե, հեշտ բան չէ. Շուրջօրյա հերթապահություն, անկանխատեսելի հակառակորդ, զինվորներ, զենք…

Սկզբում շփոթվել էի. կարծես մեկը 200 կիլոգրամանոց ծանրաձող ձեռքս դրած լիներ, իսկ ես ցանկացած գնով «որոշել» էի այն բարձրացնել… Դժվար տարի էր, բայց կարևոր, անհրաժեշտ փորձություն սպայի համար… նաև սիրելի:  Հիմա կհարցնեք` ի՞նչը քեզ օգնեց:  Ես դուրս եկա իմ հարմարավետության գոտուց… Երբ սովորում էի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, դասախոսներս ինձ ասում էին` սպան պետք է մեծահոգի լինի, բարձր ինքնագիտակցություն ունենա,  անսահման համբերություն: Ականջիս ծայրով էի լսում այս խոսքերը, մտածում էի` կարեւորը գիտելիքն է: Եթե ուսման մեջ չթերանամ, գիտելիքներով փայլեմ, համարձակ լինեմ, ուրեմն զինվորներս էլ ինձ կհարգեն, հակառակորդին էլ կզսպենք: Բայց հենակետում հասկացա, որ այդպես չէ: Հակառակորդին սանձում է զինվորիդ համոզվածությունը, որ դու իրեն մենակ չես թողնի… Իսկ առաջնագծում, որտեղ թշնամին քեզնից հեռու, կամ, եթե կուզեք, մոտ է ընդամենը 50 մետր, վստահելի լինելու  համար նախ պետք է հոգատար լինես, բարեհոգի…

Խոստովանեմ` դժվար է, եթե հաշվի առնենք, որ սպայից պահանջվում է լինել խիստ, պահանջկոտ, հետեւել կարգուկանոնին… Ես պարզապես ձերբազատվեցի տարածված կարծրատիպից, թե բարեհոգությունը թուլության նշան է: Չգիտես ինչու, սպաներից շատերը հենց այդպես էլ մտածում են: Միեւնույն ժամանակ, խստությունը պետք չէ շփոթել կոպտության հետ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. եթե ավտոմեքենան խրվի ցեխի մեջ, անդադար գազի ոտնակը սեղմելը լավագույն տարբերակը չէ, դիմապակիդ էլ կցեխոտվի, հետեւաբար, տեսանելիությունդ կվատանա: Ինձ համար ճիշտը մեքենայից դուրս գալն ու այն հրելն է…  Բարեհոգությունը գիտակցված գործողությունն է:

Իմ ուշքն ու միտքը զինվորն է: Այստեղ ես անչափ ուշադիր եմ, փորձում եմ հնարավորինս շատ մանրուքներ նկատել: Օրինակ` եթե մեկը հազում է, իմ աչքից չի վրիպում: Ենթադրություններ անելու փոխարեն նախընտրում եմ հարցնել, խոսելու փոխարեն` լսել, հանձնարարելուց առաջ` ինքս կատարել, պահանջելուց բացի` թեկուզ մի ոգեւորող բառով խրախուսել: Առաջնագծում պետք է «բաց» լինես, թե չէ, ոչինչ էլ չես զգա, չես տեսնի. չէ՞ որ այստեղ բոլոր ապրումները թաքուն են: Պետք է զինվորիդ հետ կապված լինես անկեղծ հետաքրքրասիրությամբ:

Իմ բոլոր գործողությունները մի մեկնակետ ունեն` պաշտպանի՛ր զինվորիդ: Ես այստեղ եմ զինվորի մասին հոգ տանելու համար: Հաճախ, երբ կանգնում եմ խրամաբջիջում կատարյալ լռության ու անծայրածիր մթության մեջ, երբ անվերջ հետեւում եմ ու սպասում, երբ անգամ քամու ձայնը կասկածելի է թվում, մտածում եմ` ճիշտ եմ արել, որ կամովին ընտրել եմ այս զորամասը: Դիրքում ես ավելի հանգիստ եմ, քան, օրինակ, զորանոցում: Թող մեծամտություն չթվա, բայց, երբ հենակետում եմ, վստահ եմ` ամեն ինչ լավ է լինելու, ոչ մեկին ոչինչ չի պատահելու: Հենց դրա համար էլ արձակուրդ չեմ գնում, հրաժարվում եմ…

…Ես 22 տարեկան եմ: Հաճախ եմ  լսում՝ «երիտասարդությունդ էս չոլերում է անցնում, ինչո՞ւ սպա դարձար, մի հանգիստ գործ ընտրեիր»: Ես լռում եմ: Չգիտեմ՝ ինչ պատասխանել: Չգիտեմ: Սա նույնն է, եթե հարցնեն՝ ի՞նչ է սերը: Էլի պիտի լռեմ, որովհետեւ, ինչ էլ ասես, մեկ է՝ քիչ է լինելու: Ինձ պարզապես  ոգեշնչում են իմ զինվորները, իմ ծառայությունը, իմ զենքը: Իմ հենակետն ինձ ասես աշխարհի ծայրից տեղափոխեց աշխարհի կենտրոն՝ ուժի կենտրոն:

Պատրաստեց

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ազգային բանակ


07/04/2016