Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ



ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆՄեր հրետանին փայլուն է աշխատում: Իրավիճակի կառավարումը նախ նրանց շնորհիվ մերոնք վերցրին իրենց ձեռքը:

♦♦♦

Հարյուրավոր կամավորներ են Հայաստանից եկել Ղարաբաղ, երեկ Ղարաբաղի ազատամարտիկներն էին հասել դիրքեր, այսօր Հայաստանից եկածներն էլ արդեն դիրքերում են: Հարավում իրավիճակը մնում է լարված. հայ զինվորներն են նախահարձակ եղել` հյուսիսում հետ վերցնելով երեկ ադբեջանցիների կողմից գրավված կարեւոր նշանակության մի տեղամաս: Մերոնք շարունակում են պատժիչ գործողությունները: Ես իսկապես չգիտեմ` կա՞ աշխարհում որեւէ երկիր, որն ունի այսպիսի զինվորներ: Եվ մտածում եմ, որ Հանրապետության հրապարակում պետք է դրվի այդ զինվորի հուշարձանը, մեր անկախության միակ երաշխավորը հայ զինվորն է:

♦♦♦

Աղոթենք մեր պուճուր երկրի պուճուր զինվորի համար, որ էս աշխարհից էլ մեծ սիրտ ունի՝ իր պուճուր երկիրը պահելու համար:

Նարինե Կռոյան

♦♦♦

ԴՈՒԽՆԵՐՍ ՄԻԼԻՈՆ Ա

Ընկերոջս կրտսեր եղբայրը առաջին գծում է: Քիչ առաջ ընկերոջս հետ խոսեցի: Ասում եմ` ի՞նչ կա, ի՞նչ նորություն ունես: Պատասխանեց, որ լուսաբացին է եղբոր հետ խոսել: Մոտավորապես այսպիսի խոսակցություն է եղել երկու եղբայրների միջեւ:

– Ո՞նց ես, ցավդ տանեմ, տղերքը ո՞նց են: Որտե՞ղ եք: Ի՞նչ վիճակ է:

– Լավ եմ, բոլորս լավ ենք: Չեմ կարա ասեմ՝ որտեղ ենք, բայց լավ ենք, բոլորս՝ ողջ-առողջ: Լավ, ժամանակ չկա, դեռ մնացած տղերքն էլ տուն պիտի զանգեն: Դու էն ասա, երեկ Բորուսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա:

– Բորուսիան հաղթել ա, Հենոն էլ երկու գոլային փոխանցում ա արել:

– Լսի, բա Ռեալս ի՞նչ ա արել: Էլի կրվե՞լ են…

– Չէ, էդտեղ էլ ա քո ուզածով` 2:1 հաղթել են…

– Չէ, լո՞ւրջ, վայ քու, արա, Բարսին իրենց դաշտո՞ւմ, մզցրե՞լ են…լավ, օտբոյ եմ տալիս,ժամանակ չկա, մի քանի րոպեից էլ կապ չենք ունենա: Չմտածեք մեր մասին: Ահագին հոպարներ են եկել զորամաս, դուխներս միլիոն ա:

Գոռ Արարատյան

♦♦♦

Հիացած եմ մեր ժողովրդի համերաշխությամբ: Չկա մեկը, որ չցանկանա որեւէ բանով, որեւէ կերպ, կարելվույն չափով իր մասնակցությունը բերել ընդհանուր գործին: Չկա ո՛չ վախ, ո՛չ խուճապ, ո՛չ երկմտանք: Ամեն ինչ այնքան պարզ է ու հասկանալի, որքան սերն է լինում: Երկի՛ր, երջանիկ եղիր, անսահման սիրո տերն ես: Քեզ պարտվել չկա:

Հովիկ Չարխչյան

♦♦♦

Այսպիսի կարճ ու ռացիոնալ առաջարկ, հորդոր եւ խնդրանք. ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ԱՅՍՈՒՀԵՏ Ադրբեջանի ՓՈԽԱՐԵՆ ԱՍՈՒՄ ԵՎ ԳՐՈՒՄ ԵՆՔ՝ այսպես կոչված Ադրբեջան: Այդ արհեստածին կազմավորումը ջնջում ենք նախ մեր մտքից ու բառապաշարից, հետո քարտեզից:

Գագիկ Սարգսյան

♦♦♦

VivaCell-MTS – Պաշտոնական էջ ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգում գտնվող հարգելի բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած ԼՂՀ (374 97 ցանցում ) ռոումինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաեւ տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կնվազի եւ կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչեւ հավելյալ տեղեկացում:

♦♦♦

«Գազպրոմ Արմենիա»-ի 7000 աշխատակիցներն իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

♦♦♦

Մի խումբ եզդիներ կամավորների հետ միասին մեկնում են սահման՝ կանգնելու իրենց հայ եղբայրների կողքին: Ղարաբաղը մերն էլ է, ու մենք էլ կպայքարենք այդ հող ու ջրի համար այնպես, ինչպես հայը: Մենք մեր կյանքի ու արյան գնով ենք մեր հայերի հետ բարեկամությունը (քիրվայությունը) վաստակել, քանի որ բռունցքվում ենք միասին` ընդդեմ թշնամու: Ինչպես գիտեք, արցախյան ազատամարտում հայկական կողմում ընդհանուր թշնամու դեմ կռվել է նաեւ եզդի ժողովուրդը: Մենք հիմա էլ պատրաստ ենք կռվելու ու կյանքի գնով պայքարելու հանուն մեր բոլորի հողի:

Եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյան

♦♦♦

Եվրատեսիլ 2016-ին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի LoveWave երգն առաջին անգամ կենդանի կատարմամբ հնչել է ապրիլի 3-ին մոսկովյան Известия Hall-ում: Այստեղ անցկացվել է Եվրատեսիլի այս տարվա նախնական համերգը, որի շրջանակներում կենդանի ելույթ են ունեցել մրցույթում Ռուսաստանի, Բելառուսի, Ալբանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Մալթայի եւ Սան Մարինոյի, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Համերգից առաջ Հայաստանի պատվիրակը Facebook-յան իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ հրաժարվել է բոլոր հարցազրույցներից, իսկ կատարումը նվիրելու է հայրենիքի սահմանին զոհված հայորդիների հիշատակին:

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն


07/04/2016