Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ



ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ…Աշխարհն ինձ դիմավորեց երկու հարազատ մարդկանց` գնդի հրամանատար հորս ու օդաչու-հրամանատար մորեղբորս կորստյան ցավով: Իսկ մայրս ինձ քնքշությամբ գրկեց՝ արցունքն աչքերին ու վիշտը սրտում:

Զինպատրաստության դասից հետո հանգստի րոպեներ են: Կարդում եմ հորս ձեռագիր տետրի «Ծարավը հիշելով» այս գրառումը: Բազմիցս եմ  ընթերցել, բայց այսօր դրանք ինձ համար այլ նշանակություն ունեն, քանզի ես արդեն զինվոր եմ, հորս նման հայրենիքի պաշտպան. «Եթե կյանքը մարդու համար պահերի ու արարքների ամբողջություն է, ապա յուրաքանչյուր մյուս քայլի էությունը որոշում է հենց այս մեկը: Ուրեմն պարզ է, որ պետք է ուշադիր լինել: Թղթի վրա այս կանոնը հասարակ է: Իսկ գործնականում…»:

…Դանդաղ լուսանում էր: Շուրջը խաղաղ էր: Ամառային վաղորդյան մեղմ քամու օրորի տակ հանգստանում էին գնդի տղաները: Տասնհինգ րոպե հանգստանալու հրաման ունեին: Հարաբերական խաղաղությունը մերթ-մերթ ընդհատում էին անտառային ձայները` փայտի ճարճատյուն, թռչնի թռիչք, տերևների սոսափյուն: Անտառի կողմից, որ տեղից վտանգը շատ էր, նրանց հանգիստը հսկում էր հրամանատար Դանիելյանը գնդի որդի` տասնվեցամյա Գոռի հետ: Գոռը Դանիելյան հրամանատարի զոհված ընկերոջ տղան էր, նրա մշտական ուղեկիցը:

…Տեղանքին ծանոթանալու համար երկուսով առաջ են գնում: Հանկարծ լռության մեջ, բացի իրենց ոտնաձայներից, հրամանատարը տարօրինակ ճարճատյուն է լսում: Ժամանակը կարճ էր, պահը` որոշիչ, սխալը՝ ճակատագրական: Ձեռքով Գոռին ետ գնալու հրաման է տալիս ու ինքը սողում ձայնի ուղղությամբ: Զինվորականի սուր աչքից չի վրիպում դարանակալած թշնամին: Մինչ տղաները օգնության կհասնեին, նա անհավասար մարտի է բռնվում թշնամու հետ…

Կարճատև մարտն ավարտվել էր, թշնամին՝ վնասազերծվել: Բայց այն ճակատագրական և հերոսական դարձավ հրամանատարի` Դանիելյանի համար. նա իր կյանքի գնով փրկել էր իր զինվորներին:

…Երբ Գոռից առաջին անգամ այս պատմությունը լսեցի, հիշեցի հորս, որ նույնպես կռվեց ու իր երիտասարդ կյանքը զոհաբերեց հանուն խաղաղության, հանուն իր ընկերների կյանքի, հանուն բոլորիս կյանքի…

…Ո՞վ է ասում, թե զոհված հերոսը մեկ զոհ է: Նա զավակ էր, հայր էր, ամուսին, ընկեր… Նաև հույս ու ապավեն՝ զոհված ընկերոջ որդու համար: Ուրեմն մեկ զոհով մենք տասնապատիկ ենք կորցնում:

Միտքս ընդհատեց Գոռի խոսքը. «Գիտե՞ս՝ օդաչու-հրամանատար քեռիդ ինչ ասաց ինձ, երբ հերթական անգամ զենք ու զինամթերք էր հասցրել մեզ: Ասաց. «Գոռ, չափսոսաս, ոչ մի բանի համար չափսոսաս, թեկուզ՝ կյանքդ լինի: Էս կռիվն արդար է ու խաղաղության համար: Մենք թուլանալու իրավունք չունենք: Ես չլինեմ էլ, համոզված եմ, հաղթելու ենք, ու խաղաղ են ապրելու մերոնք»:

Հիշողություններիցս ուշքի գալով՝ շարունակեցի կարդալ հորս ձեռագիր տետրի վերջին գրառումը. «Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգին հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ կամ էլ՝ ճեղքվելու, ինչպես ատոմի միջուկը»:

Ասում են՝ մարդ արարածն զգում է իր մահը, բայց դուք ոչ թե զգում, այլ գնում էիք դեպի մահը… Գնում էիք հանուն այն սրբության, որ Հայրենիք է կոչվում, հանուն այն երջանկության, որ խաղաղություն է կոչվում…

Վահան ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ


23/03/2016