Հայերեն | На русском | In English
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքում աչքովս ընկավ Շուշիի հատուկ գնդի հրամանատարի տեղակալ, լեգենդար ազատամարտիկ, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մասին հոդվածը` «Ամեն ինչ լավ կլինի» վերնագրով: Սեղմեցի հղումն ու կարդացի. «Ասում են՝ երազել է պատերազմից հետո Շուշիից մինչեւ Ստեփանակերտ եղրեւանիներ տնկել, որոնց ծաղիկները շատ է սիրել»: Ինքս ինձ համար որոշեցի` պետք է իրականացնենք Վարդանի երազանքը: Նա չհասցրեց, իսկ մենք կարող ենք ու պարտավոր ենք: Մտադրությանս մասին գրեցի իմ ֆեյսբուքյան էջում, ինչին ընկերներս արագ արձագանքեցին` ցանկություն հայտնելով միանալու, օգնելու: Մտածեցի` ծառատունկը կնախաձեռնենք աշնանը, որ հասցնենք անհրաժեշտ քանակի տնկիներ ձեռք բերել: Սակայն մեր հասարակական կազմակերպության` «Հայրենիքի դարպասների» կամավոր եւ համակարգող Մերիի մայրիկը` տիկին Լենան, պնդեց. «Գարնա՛նը տնկենք»: Նա վստահ էր, որ տնկիների հարցը հեշտ եւ արագ կլուծվի. «Ես բոլոր ծանոթներիս ու բարեկամներիս կխնդրեմ հնարավորինս շատ տնկիներ տրամադրել»:
Ֆեյսբուքում միջոցառում կազմակերպեցի, որին այս պահին 100-ից ավելի մարդ է միացել: Միջոցառման հղումը շատ արագ է տարածվում, ժամ առ ժամ մեզ են միանում նոր մարդիկ: Մեկ-երկու օրվա ընթացքում խոստացվել է եղրեւանու ավելի քան 500 տնկի, ընդ որում՝ ինչպես գնելու, այնպես էլ սեփական այգուց ընդհուպ մինչեւ 100 տնկի տրամադրելու տարբերակով: Նախատեսում ենք ստեղծել նախագծի համակարգող խումբ եւ դիմել Արցախի կառավարությանը, Շուշիի եւ Ստեփանակերտի քաղաքապետարաններին, ՊԲ-ին եւ ՊՆ-ին՝ նախագծի իրականացման թույլտվության ու աջակցության համար:
Պետք է ասեմ` ոգեւորում է այն գիտակցումը, որ Դուշման Վարդանի երազանքն իրականացնել ցանկացողները այսքան շատ են, որ նրանք պատրաստ են համախմբվելու եւ 24 տարի անց կյանքի կոչելու հերոսի ցանկությունը… Ուրեմն՝ ի զեն:
«Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության ղեկավար
Արման ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ