Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ
ԶԻՆՎՈՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ

Շախմատային պարտիայի ոգին զինվորն է: Թեեւ ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն եւ առաջ շարժվեն, ապա նրանց չեն դիմագրավի անգամ ամենահզոր խաղաքարերը: Զինվորը հետքայլ չի կատարում: Զինվորը միայն առաջ է շարժվում:

 

ԶԻՆՎՈՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄՔանի դեռ աշխարհը շունչը պահած հետեւում է Մոսկվայում ընթացող շախմատային թագի հավակնորդների մրցաշարին, իսկ մենք ակնդետ հետեւում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանի ամեն քայլին, պաշտպանության նախարարությունն արդեն պարզել է, թե ով է զինվորականների չեմպիոնը: Օրերս ավարտված կենտրոնական ապարատի շախմատի առաջնությունում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության բաժնի պետ, գնդապետ Արկադի Մկրտչյանը: Սեյրան Օհանյանի հրամանով նա պարգեւատրվել է մեդալով եւ պատվոգրով:

Չեմպիոնը բարձրահասակ, հաղթանդամ տղամարդ է: Նա նստում է շախմատի տախտակի առաջ եւ դասավորում խաղաքարերը: Դրանք նրա խոշոր  ափի մեջ ասես փոքրիկ կետիկներ լինեն: Խաղում է մեր լուսանկարչի հետ. ամբողջ մարմնով կռանում է խաղատախտակի վրա` աչքերը հառելով վանդակներին: Երբ հերթական քայլն արված է, տնտղում-պրպտում է մրցակցին: Իզուր չէ, որ շախմատում նրան առավել հրապուրում է դեմառդեմ նստած մրցորդը: Բացի այդ՝ նաև շախմատի սերտ առնչությունը կյանքի հետ. «Կյանքում էլ է ամեն ինչ սեւ ու սպիտակ, դառը կամ քաղցր, բարի կամ չար, տաք կամ սառը, ուրախ կամ տխուր…»: Հետո արդեն մանրամասնում է շախմատի եւ կյանքի միջեւ գոյություն ունեցող գրեթե աներեւույթ կապերն ու ընդհանրությունները:

 

Սովորում ես ուժեղներից

-Փոքրուց միշտ հետեւել եմ ինձնից մեծերի շախմատային պարտիաներին: Ես անգամ չգիտեի, թե որ ֆիգուրն ինչպես է շարժվում խաղատախտակին: Ինձ գրավում էր խաղացողների լրջախոհությունը: Հետո արդեն ինքս էլ սովորեցի «քայլել», հաշվարկել, ճիշտ է` սկզբում միայն մտքում: Սկսեցի խաղալ, երբ ութ տարեկան էի: Եվ ամեն անգամ ինձ մրցակից էի ընտրում ամենաուժեղներին. սա իմ սկզբունքն է եղել թե՛ խաղում, թե՛ կյանքում: Պարտվում էի, բայց մի օր էլ հաղթեցի: Ուսուցման ամենազորեղ ու արդյունավետ միջոցը ուժերդ չափելն է այն մրցակիցների հետ, որոնք կարող են քեզ հաղթել: Կյանքում էլ է այդպես` եթե ուզում ես մրցունակ լինել, պետք է սովորես ուժեղներից, «կռվես» ուժեղների հետ:

 

Քայլերը ծառի նման ճյուղավորվում են գլխումս

-Ես գուցե մեծ շախմատիստ դառնայի, եթե ծնողներս մասնագիտության ընտրության հարցում ինձ չուղղորդեին: Սովորեցի ֆիզմաթ դպրոցում, այնուհետեւ ընդունվեցի պոլիտեխնիկական համալսարան: Սակայն օր չկար, որ շախմատի տախտակին չմոտենայի: Մաթեմատիկական գիտելիքներս ինձ օգնեցին հաշվարկել ավելի շատ տարբերակներ: Երբ իմ առջեւ անծանոթ դիրք է, փորձում եմ պարզել իմաստալից քայլերի շրջանակը: Այդպես սահմանափակում եմ լուծելիք խնդրի մասշտաբը: Քայլերը ծառի նման ճյուղավորվում են գլխումս: Հետո գնահատում եմ հատ առ հատ, եթե լուծումը սրտովս չէ, ավելի եմ խորամուխ լինում: Հենց նման պահերին էլ հանգում ես մի տարբերակի, որը այլ պարագայում երբեք էլ մտքովդ չէր անցնի: Կյանքում էլ է այդպես` պետք է մի խնդրի շուրջ մի քանի անգամ խորքային մտածես, որ ճիշտ եզրահանգում անես: Առօրյայում մարդը առնչվում է բազում հարցերի  եւ միշտ էլ ավելի շիտակ լուծման հնարավորություն ունի:

 

Շախմատային  դաս

-Ամենադիտարժան շախմատային պարտիան ինձ համար երկու «Կ»-երի` Գարրի Կասպարովի եւ Անատոլի Կարպովի հակամարտությունն էր: 1984 թվականն էր: Ես ուսանող էի: Գարրի Կասպարովը շախմատային թագի համար մրցում էր աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հետ, որ մեկ տասնամյակ տիրում էր այդ տիտղոսին: Մրցակիցները պայքարեցին մոտ հինգ ամիս, խաղացին 48 պարտիա, ավելի քան 1000 ժամ անցկացրին խաղատախտակի առաջ` մտածելով, վերլուծելով եւ հաշվարկելով: Բայց հաղթողը  այդպես էլ չորոշվեց: Խաղը դադարեցվեց 1985 թ. փետրվարին եւ վերսկսվեց վեց ամիս անց: Կասպարովը հաղթեց առաջին իսկ պարտիայում, հետո Կարպովը նույնիսկ առաջ անցավ: 24-րդ պարտիայում Կասպարովը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Կամքի հաղթանակի տոն էր: Նաև մեծ շախմատային դաս. հաղթում է նա, ով տոկուն է, համբերատար, հավասարակշիռ, ով հավատում է հաղթանակին:

 

Թելադրողը նպատակն է

-Թե՛ շախմատում, թե՛ կյանքում ամենակարեւորը նպատակն է: Նպատակն է թելադրում  յուրաքանչյուր քայլդ, որոշումդ, այն քեզ դրդում է խուսափել ակնհայտ լուծումներից: Որպեսզի չսխալվես, պետք է հստակ պատկերացնես, թե ինչի ես ձգտում: Շախմատում նպատակը մեկն է` խորտակել հակառակորդի թագավորին: Հանուն այդ նպատակի էլ ռազմավարություն ու մարտավարություն ենք ընտրում  եւ քայլ առ քայլ կյանքի կոչում:

 

Շախմատի ոգին

-Իմ սիրելի խաղաքարը նավակն է: Ինչո՞ւ: Նավակի դերը պարտիայում չափազանց մեծ է: Եթե նավակի ճանապարհին չկան այլ խաղաքարեր, այն վերահսկում է 14 դաշտ: Նավակային վերջնախաղերը ամենաբարդն են եւ պահանջում են խոր գիտելիքներ ու հմտություն: Նավակը ամուր է պահում խաղատախտակի եզրերը: Կյանքում էլ ամեն ինչ կարող է քանդվել, եթե թևերը զորեղ չեն: Բայց, այնուամենայնիվ, ինչպես ասել է ֆրանսիացի հռչակավոր շախմատիստներից մեկը` «շախմատային պարտիայի ոգին զինվորն է»: Թեեւ ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն եւ առաջ շարժվեն, ապա նրանց չեն դիմագրավի անգամ ամենահզոր խաղաքարերը: Զինվորը հետքայլ չի կատարում: Զինվորը միայն առաջ է շարժվում: Նա իր վրա է վերցնում առաջին հարվածը, բայց հենց հասնում է ամենահեռու հորիզոնականին, փոխարինվում է հզոր խաղաքարի: Ինչպես ասում են` վատն է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ: Համոզվեցի՞ք, որ զինվորը ամենակարեւոր, ամենազորեղ խաղաքարն է, իսկ մեր կյանքում` ամենակարեւոր մարդը: Զինվորին անտեղի չի կարելի «զոհաբերել», նրա մասին պետք է հոգ տանել: Երբեմն միայն մեկ զինվորի առավելությունը հնարավոր է դարձնում ՀԱՂԹԱՆԱԿԸ:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան